Հատկապես վերջին օրերին ՀՅԴ ղեկավարությունը տարբեր առիթներով հայտարարում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտը կարող է միավորել միայն «Դաշնակցություն»-ը եւ որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ընդդիմությանը չմիացած կուսակցությունները ցույց կտան իրենց իսկական դեմքը: Արդյո՞ք սա ընդդիմադիր դաշտի մնացած ուժերին քաղաքական շանտաժի ենթարկելու փորձ է, թե՞ սեփական արժանիքները գերագնահատելու դրսեւորում, դժվար է ասել: Հավանաբար ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը: Սակայն երկու դեպքում էլ ակնհայտ է, որ «Դաշնակցության» նման պահվածքը դրական արդյունքի չի հանգեցնի` ո՛չ կուսակցության հեղինակության բարձրացման, ո՛չ էլ ընդդիմադիր դաշտի միավորման առումով: Առավել եւս, որ վերջինի հետ կապված` դաշնակցականների պահվածքը, մեղմ ասած, խնդրահարույց է: Բոլորն են հիշում, թե ինչպիսի պատրաստակամությամբ ՀՅԴ ղեկավարությունը փետրվարի 20-ին շտապեց Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրներով լեփ-լեցուն Ազատության հրապարակ` փորձելով իր բաժինը պոկել այնտեղ հավաքված մարդկային կապիտալից: Հետագայում, ոչինչ չանելով հանդերձ, «Դաշնակցություն»-ը շարունակում էր «մնալ ժողովրդի կողքին»` այնքան ժամանակ, մինչեւ այդ ժողովուրդը սկսեց հիասթափվել եւ հեռանալ հրապարակից: Իր կողմից որեւէ քայլ չձեռնարկելով դա կանխելու համար՝ ՀՅԴ ղեկավարությունը, հակառակը, փութաջանորեն հետեւեց հրապարակից հեռացողներին եւ ապրիլի 9-ին միայնակ թողեց Րաֆֆի Հովհաննիսյանին, այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ անգամ նրա առավոտյան վազքուղին էր կիսում: Սակայն միայն դրանով չի սահմանափակվում ՀՅԴ «միավորիչ» վարքագիծը: Նախօրեին «Ժառանգության» քարտուղար, եզակի գաղափարական քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառմանը հետեւած ՀՅԴ նախընտրական շտաբի պատասխանի տոնայնությունն ու բովանդակությունը լավագույնս ի ցույց դրեց «Դաշնակցության» «միավորիչ ներուժը»: Հիշեցնենք, որ Սաֆարյանն ընդամենն արձանագրել էր ՀՀԿ-ական ավագանու թեկնածուի` հեռուստաեթերից հնչեցրած փաստը, որ Երեւանում տեղադրված գերթանկ թուջե նստարաններն արտադրողը դաշնակցական է, եւ դիմելով մինչեւ վերջերս հարթակն իրենց հետ կիսող «գործընկերներին»` ասել էր. «Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ՀՅԴ-ականներ: Ինչ կպատասխանեք. «Նիկոլ Դուման» ԱԿ-ն է գերշահույթներ ստանում` սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե քաղաքապետարանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռք բերում այլ գնով»: Եվ ահա` փոխանակ պատասխանելու շատ կոնկրետ հարցադրմանը, ՀՅԴ նախընտրական շտաբը գռեհիկ ձեւակերպումներով լի մի ցեխարձակում է կատարել Սաֆարյանի հասցեին` նրան մեղադրելով «պատվեր կատարելու» մեջ: Արդյոք նման վարքագիծ դրսեւորող ուժը ունակ է միավորել ընդդիմադիր դաշտը` հարցը տվյալ դեպքում հռետորական է:
ԱՊԱՄԻԱՎՈՐԻՉ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ