«Ժողովուրդ»-ի՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին, ինչպես նաեւ ԲՀԿ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը հակված չէ կտրուկ փոփոխությունների: Ըստ նրա` այս անգամ ընդամենը երկու-երեք նախարարներ կփոխվեն, իսկ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում վերանշանակվել է, քանի որ նրան ժամանակ է տրվել մինչեւ աշուն, որպեսզի հստակ դրական ցուցանիշներ ապահովի: Իսկ եթե տապալի, արդեն աշնանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ կլինեն: Այլ կերպ ասած՝ Ս. Սարգսյանը հասկացրել է, որ մայիսի 5-ից հետո ձեւավորվելիք կառավարությունը ժամանակավոր է: Ի դեպ, ԱԺ ընտրություններից հետո ձեւավորված կառավարության մասին եւս նա ասել էր, թե դա ժամանակավոր է, քանի որ նախագահական ընտրություններից հետո, Սահմանադրության համաձայն, ինքը պետք է նոր կառավարություն ձեւավորի: Ու հիմա ստացվում է, որ Ս. Սարգսյանի ձեւավորած բոլոր կառավարություններն էլ ժամանակավոր են: Նաեւ՝ ժամանակավրեպ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ