ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԵՄԱՆ ԷԼԻ ԱԿՏԻՎԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կայծակնային արագությամբ տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին նշվում է ՌԴ նախագահի աշխատակազմից ստացված մի նամակում՝ ստորագրված ընդունարանի պաշտոնյաներից Տ. Օվչիննիկովայի կողմից: Սակայն քոչարյանական թեւը պնդում է, որ դրանք սուտ տեղեկություններ են, որի տարածողներին մեծ գումար են տվել, որպեսզի Քոչարյանին վարկաբեկեն:
Ըստ տարածված տեղեկությունների՝ ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով, թե իրենց մոտ Հայաստանից հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր խոշոր բիզնեսում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ: Ընդ որում, այն ժամանակ, երբ նա դեռ նախագահում էր:
Եվ այսպես, Պուտինին ուղարկվել են փաստաթղթեր, որպեսզի ծանոթանալով դրանց՝ ՌԴ նախագահը գնահատական տա այն բանին, թե ինչպես նրա անվան տակ թաքնվելով եւ բարի վերաբերմունքն ակնկալելով՝ Քոչարյանը թալանել է սեփական ժողովրդին՝ փոքրիկ երկրից տանելով միլիարդներ:
Նշենք նաեւ, որ ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհուրդը» համագործակցում է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի նախաձեռնած Հակակոռուպցիոն կենտրոնի հետ: Պարոն Մարգարյանն է ռուս գործընկերներին տեղեկացրել, թե ինչ ընկերություններ են «բաժին հասել» Քոչարյանի ընտանիքին ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, Քոչարյանի խոսքով՝ «Պուտինի դաբրոյով»:
Սակայն Ռ. Քոչարյանի համակիրները նշում են, թե այդ տեղեկությունները տարածողները մեծ գումարներ են վերցրել նման «առաքելություն» իրականացնելու համար: Գումար են տվել նաեւ այդ կնոջը խեղաթյուրված ինֆորմացիայի տարածման համար: Սակայն «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որին եւս մեղադրում են Քոչարյանին միտումնավոր վարկաբեկելու համար, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Քանի որ Քոչարյանն ավազակ է, կարծում է, որ բոլորն իր նման ավազակ են: Դա հիմարություն է: Այդ կինը պաշտոն է զբաղեցնում, այդ կինը գրել է ՌԴ նախագահին, ինչի մասին փաստացի տեղեկություններ կան»:
Փորձեցինք այս առիթով զրուցել նաեւ Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե ինքը Հայաստանում չէ ու վերադառնալուն պես կպատասխանի մեր հարցերին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս