Հանձնարարվել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է , որ դեկտեմբերի 3-ի լուսադեմին մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին անմիջապես հետևել են ձնամաքրման աշխատանքները, որն իրականացրել է «Սանիթեք» ընկերությունն իր աշխատակազմով և տեխնիկայով: Գործընթացում ներգրավված են եղել նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Զեկուցվել է նաև, որ աշխատանքներում նկատված որոշ թերությունների հետ պատասխանատուներին տրվել են ցուցումներ՝ հետագայում աշխատանքներն ավելի օպերատիվ և կազմակերպված իրականացնելու համար:

«Կազմակերպված ձևով ձյան մաքրման աշխատանքներ պետք է իրականացնենք ոչ միայն կենտրոնական փողոցներում, այլ նաև երկրորդական, երրորդական, նաև բակային և ընդհանուր օգտագործման տարածքներում: Նաև խստորեն վերահսկեք, որպեսզի տվյալ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պատշաճ կազմակերպի աշխատանքներն ու հետզհետե բացառի նկատված թերացումները»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 21 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու մեկ անգամ ևս ծանուցել տնտեսվարողներին իրենց պարտավորությունների մասին:
«Ձմռան ամիսներին օբյեկտների հարակից տարածքները ձյունից և սառույցից մաքրելու պարտավորության մասին մեկ անգամ ևս ծանուցեք տնտեսվարողներին: Երևանի ավագանու կողմից սահմանված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանումը նրանց պարտավորությունն է ու յուրաքանչյուրը պետք է ապահովի դրա կատարումը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:




Լրահոս