ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ՀՀԿ-ՈՒՄ ԽԱՂԱՂ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ում վերջերս բավական լարված մթնոլորտ է: Այս իրավիճակը ստեղծվել է հատկապես այն բանից հետո, երբ Երեւանի ավագանու ընտրությունների, իսկ ավելի կոնկրետ` Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի կոորդինացումը վստահվեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, իսկ նրա PR-ի իրականացումը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Քանի որ ՀՀԿ-ն մտավախություն ունի, որ հնարավոր է՝ պարտվի, դրա համար էլ, ըստ մեր տեղեկությունների, Սերժ Սարգսյանն օրերս հանդիպել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին՝ Թոխմախի Մհերին, եւ ասել, որ ջահելները կապահովեն ընտրությունների քաղաքական մասը, իսկ Սեդրակյանին է վստահում Երեւանի ավագանու ընտրությունների կազմակերպումը, ընտրական իրական գործընթացը:
«Ժողովուրդ»-ի ՀՀԿ-ական աղբյուրների պնդմամբ՝ Երեւանի ավագանու ընտրությունները միավորել են Տարոն Մարգարյանին, Էդուարդ Շարմազանովին ու Արմեն Աշոտյանին: Հիմա այս եռյակը փորձում է իր շուրջ հավաքել երիտասարդ հանրապետականներին ու այդպես ՀՀԿ ներսում նոր թիմ ձեւավորել: Մանավանդ որ, Երեւանի ավագանու ընտրությունները երիտհանրապետականների համար լավ հնարավորություն են ստեղծել` ինքնադրսեւորվելու եւ կուսակցության ներսում դիրքերն ամրապնդելու համար: Եթե այս ընտրություններում ՀՀԿ-ին հաջողվի բացարձակ մեծամասնություն ձեւավորել, երիտհանրապետականները կատարվածը կվերագրեն իրենց լավ աշխատանքին ու կստիպեն լուրջ վերադասավորումներ իրականացնել ոչ միայն Հանրապետական կուսակցության ներսում, այլ ընդհուպ մինչեւ՝ իշխանության մեջ:
Այս թիմի նկրտումների մասին են խոսում համառորեն շրջանառվող լուրերն այն մասին, որ վերջերս խնջույքի ժամանակ խմել են Տարոն Մարգարյանի կենացը՝ որպես 2018թ. ՀՀ նախագահի: Ավելին, որպես այս կենացի շարունակություն՝ նշվել է, որ ԱԺ հաջորդ նախագահը լինելու է Էդուարդ Շարմազանովը, իսկ վարչապետը՝ Արմեն Աշոտյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ երիտհանրապետականների խնջույքի ժամանակ հնչած կենացները բավական վատ են ընդունվել ՀՀԿ ներսում: Մինչ ոմանք դա կփորձեն մեկնաբանել, թե «կոկորդները տաք է եղել, ջահելություն են արել», մյուսները սա համարում են վտանգավոր: Ուշագրավն այն է, որ Տարոն Մարգարյանն այդպես էլ չի հերքել իր՝ որպես ՀՀ հաջորդ նախագահի կենացը խմելու փաստը, ավելին, լրագրողի հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Դիմե՛ք իմ նախընտրական շտաբին»:
Այնուամենայնիվ, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս տեղեկությունները հերքեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահականը՝ դրանք որակելով հիմարություն: «Նման դրսեւորումներ քաղաքական ուժերի մեջ չի կարող առաջանալ: Դա ինչ-որ մեկի սեթեւեթանքն է»,-ասաց Սահակյանը: Նա նաեւ հերքեց ՀՀԿ ներսում հնի ու նորի միջեւ պայքարը: «Այս տարիների ընթացքում մեր ողջ ըմբռնումները կայանում են նրանում, որ կարողանանք երիտասարդների մի բույլ ստեղծել, որոնք կարողանան մեր ունեցած սկզբունքներն ու գաղափարները կատարելագործել ու իրականացնել հասարակության մեջ»,-նշեց Սահակյանը՝ հավելելով, որ իրենց աճեցրած երիտասարդները հիմա էլ իրենց հետեւից են սերունդ տանում: Ինչ վերաբերում է Էդ. Շարմազանովի պահվածքին, Գ. Սահակյանն ասաց. «Շտաբի պետը Շարմազանովն է, բայց հիմնական գործոնը ՀՀԿ ԳՄ-ն է: Որեւէ մեկը պետք է լիներ շտաբի պետ, եւ մտածել ենք՝ Շարմազանովը լինի: Չեմ կարծում, որ այնտեղ այլ ըմբռնումներ կան»:

Առանց ՀՀԿ-ի կամ ավելի լավ Տարոն

Երեկ «Երկիր»-ը սկանդալային տեսանյութ էր ներկայացրել Տարոն Մարգարյանի՝ Նոր Նորքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումից: ՀՀԿ-ական քաղաքապետը մինչեւ իր ելույթը հանել է կուսակցական կրծքանշանը, մի քանի րոպե «տնտղելուց հետո» այն դրել գրպանը: Զարմանալի զուգադիպությամբ Տարոն Մարգարյանի նախընտրական պաստառների վրա եւս ՀՀԿ զինանշանը բավական փոքր է նկարած՝ դեղին ֆոնի վրա գրեթե աննկատ: Կարելի է ենթադրել, որ Տ. Մարգարյանն ինքն էլ է ամաչում իր կուսակցական պատկանելիությունից ու փորձում է ավելորդ կրքեր չբորբոքել: Ընդ որում, ՀՀԿ-ում հասկանում են, որ այդ կուսակցության անվանումը հասարակության մեջ, մեղմ ասած, վատ ընկալում ունի. ասվածի ապացույցն է նաեւ նախագահական ընտրություններում Երեւանի մի շարք վարչական շրջաններում Սերժ Սարգսյանի կրած պարտությունը: Այնպես որ, հիմա փորձում են Տ. Մարգարյանին զատել ՀՀԿ-ից՝ տպավորություն ստեղծելով, որ սա ոչ թե ավագանու ընտրություններ են, որտեղ քվեարկվելու է ՀՀԿ ցուցակը, այլ անձամբ Մարգարյանի ընտրություններն են: Ավելին, նախընտրական քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանն անձամբ է առաջարկել, որպեսզի ՀՀԿ-ական պատգամավորները որեւէ կերպ չխառնվեն քարոզարշավին՝ ո՛չ Տ. Մարգարյանի հետ միեւնույն հարթակում կանգնեն, ո՛չ էլ այս օրերին ակումբներում ասուլիսների ու բանավեճերի մասնակցեն: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մայիսի 5-ին սպասվող ընտրությունները ե՛ւ ավագանու, ե՛ւ քաղաքապետի ընտրություններ են. «Դա է նաեւ օրենքի տրամաբանությունը»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս