ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՏԸՆԹԱՑ
Եթե նախորդ տարվա ընթացքում լրատվամիջոցների դեմ դատական գործերի քանակը նվազել էր, ապա այս տարվա առաջին եռամսյակում լրատվամիջոցների ներգրավվածությամբ արդեն իսկ արձանագրվել է 6 դատական գործ: 2013թ. առաջին եռամսյակում նկատելիորեն աճել են նաեւ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները, արձանագրվել է 13 միջադեպ: Այս տվյալները երեկ ներկայացրել է «Խոսքի ազատության պաշտպանություն» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

ԿԱՅՈՒՆ Է
Երեկ «Ժողովուրդ»-ը «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը դեռեւս շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցից դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի «Սուզուկի» մակնիշի մեքենան վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում Զոհրաբյանն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ
Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին կարծում է, որ հայ-լեհական առեւտրատնտեսական թույլ հարաբերությունների պատճառը միմյանց մասին քիչ տեղեկացված լինելն է: «Այսօր լեհ գործարարները դժվարությամբ են պատկերացնում Հայաստանի գործարար հնարավորությունները: Իրենց հերթին հայ գործարարները Լեհաստանն ասոցացնում են 30 տարվա վաղեմության երկրի հետ»,-«Լրագրին» ասել է Ռաչինսկին:

ԱՄՈԹԱՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Երեկ ԳԱԱ ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հայտարարել է, որ իրենց ոլորտի գիտնականների միջին աշխատավարձը վաթսուն հազար դրամ  է, եւ էական բան չի փոխվի, եթե անգամ կրկնապատկվի: Իսկ ՀՀ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Կիմա Կոստանդյանն էլ ընդգծել է, որ  լինելով ավագ գիտաշխատող՝ ինքը ստանում է ավելի քիչ, քան շատ հիմնարկների հավաքարարներ` ընդամենը 80.000 դրամ: «Չի կարելի այսպես, պարո՛ն նախագահ, մտածե՛ք գիտնականների մասին»,-դահլիճի բուռն ծափերի ներքո զայրացած ասել է մի շարք մենագրությունների հեղինակ գիտնականը: Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանը հեռուստաեթերից հավաստիացնում էր, որ այսօր Հայաստանում մարդիկ չեն ցանկանում աշխատել 150.000 դրամ աշխատավարձով` դա համարելով քիչ: Տեսնես երեկվա ԳԱԱ ընդհանուր ժողովում հնչած ամոթանքից հետո Ս. Սարգսյանը գոնե մի քիչ կազդվի՞:

ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ 83 տարեկան հասակում մահացել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայրը՝ Եզնակ Ռուստամյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ցավակցում է Արմեն Ռուստամյանին եւ նրա ընտանիքին:




Լրահոս