Բրիտանական The Guardian պարբերականն «Իսլամական պետության» գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, որոնցում ներկայացված են ջիհադիստների՝ Իրաքի և Սիրիայի տարածքում պետություն կառուցելու ծրագրերը. փոխանցում է Gazeta.ru-ն:
24-էջանոց փաստաթուղթը ներառում է տնտեսական ծրագիր, որում մանրամասն նկարագրվում է, թե ինչպես է աշխատում ահաբեկչական քարոզչությունը, ինչպես նաև ասվում է, թե ինչ միջոցներով է հնարավոր սահմանել նավթի, գազի և ֆինանսական այլ կարևոր աղբյուրների վրա կենտրոնացված վերահսկողությունը: Շոշափվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, առևտուրը, հաղորդակցությունն ու խմբավորման անդամների համար աշխատատեղերի ստեղծումը:
Փաստաթղթերում ասվում է, որ իսլամիստները պլանավորում են առանձին ուսումնական ճամբարներ հիմնել: Սահմանված կանոնների համաձայն՝ զինյալներն ամեն տարի պարտավոր են 2 շաբաթով «որակավորման բարելավման» կուրսեր անցնել:
Պարբերականը հայտնում է նաև, որ տեքստում նշվում է միասնական մշակույթի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև` կազմակերպության ինքնաբավարարման կարևորությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան