ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՇԱՌԱՏՈՒՆ` ՋՈԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատարին սպայական կոչում հատկացնելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ ջոկի հրամանատարից 8000 ԱՄՆ դոլար պահանջելու կասկածանքով ձերբակալվել է Երեւան քաղաքի բնակիչ Մ. Հունանյանը: Նա Արտակ Հովհաննիսյանից ստացել է որպես կաշառք տված գումարի մի մասը` 4000 ԱՄՆ դոլարը, որն էլ խաբեությամբ հափշտակել եւ օգտագործել է իր կարիքների համար:

ԱՐՁԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Պետրոսյանի հուշարձանի բացմանը: Այն տեղադրվել է Գայի պողոտայի 17 հասցեում գտնվող Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի հարակից տարածքում: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է: Դավիթ Պետրոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, շնորհակալություն է հայտնել Երեւանի ավագանուն եւ անձամբ Տարոն Մարգարյանին աջակցության եւ հետեւողականության համար: Նշենք, որ այդ արձանի տեղադրումը բուռն քննարկման առարկա էր դարձել «Ֆեյսբուք»-ում, որտեղ հատկապես «մասիվցի» օգտատերերն իրենց վրդովմունքն էին հայտնում եւ տարակուսում` արդյոք ավելի արժանավոր գործիչներ չկան, որոնց արձանները պետք է տեղադրվեին:

ԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ԽԼԵԼ ԵՆ
Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ, մատակարար Արամ Պետրոսյանը հայտարարությամբ դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն` հայտնելով, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Ա. Եփրեմյանը կեղծ պայմանագրերով իրեն է «տվել» 193.000.000 ՀՀ դրամի փոխառություն: Պետրոսյանը տեղեկացրել է, որ թռչնաբուծարանը դիմել է դատարան երբեւէ իրեն չտրամադրված գումարի բռնագանձման պահանջով, եւ ինչպես նախկին մի քանի աշխատակիցներից, որոնք պայմանական ազատազրկման են դատապարտվել, իրենից եւս փորձում են վերցնել սեփական «Լեքսուս» ավտոմեքենան, Աբովյան քաղաքում գտնվող խանութն ու հողատարածքը: Ա. Պետրոսյանն «Առավոտ»-ին ասել է, որ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին սեփականատեր Խաչիկ Մանուկյանին տանիք ունենալով` գլխավոր տնօրենը եւ սեփականատեր Մհեր Բագրատյանը խլել են իրենց շարժական եւ անշարժ գույքը:




Լրահոս