Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսն այս առավոտ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու ողջունել Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների ընդունումը, հայտնում է Կիլիկիո կաթողիկոսարանի կայքը:
«Այս կարևոր քայլը պետք է ավելի ամրապնդի ժողովրդավարությունն ու առիթ ստեղծի, որ ժողովրդին ներկայացնող քաղաքական կուսակցություններն ավելի լայն ու գործուն մասնակցություն ունենան, ինչպես նաև հայրենիքին հուզող հիմնահարցերը հավաքական ջանքերով դիմագրավելու հնարավորություն պետք է ընձեռի»,-ասել է Արամ Ա-ն:
Վեհափառը նաև վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության զորակցությունը Հայաստանի անկախության ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերին ու աշխատանքներին։