Չնայած տարիներ շարունակ իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ ու հասարակական նախաձեռնություններ պահանջում են ՀՀ պաշտպանության վերանշանակված նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը՝ բանակում տիրող անընդունելի բարքերի, չբացահայտված եւ չպակասող մահվան դեպքերի, զինվորների հաշվին հղփացող բարձրագույն սպայակազմի, սննդում հաստատված նորմերի խախտման, տիրող սոցիալական անարդարության, պաշտոնավորների զավակների եւ շարքային քաղաքացիների երեխաների՝ ծառայության վայրերի ընտրության հարցում թույլ տված ապօրինությունների… համար, այնուամենայնիվ, նա կրկին կմնա իր աթոռին:
Երբ Ս. Օհանյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, ոմանք ուրախացան՝ հպարտանալով նրա կենսագրությամբ: Ըստ պաշտոնական կենսագրության՝ Օհանյանը ծնվել է 1962թ. Շուշիում: Ընտանիքը հետագայում ապրել է ՀՍՍՀ Մրգաշեն գյուղում, սակայն Օհանյանին նորից ձգել է Ադրբեջանը… Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը: 1983թ. ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ: 1988թ. հուլիսին տեղափոխվել է Այսրկովկասյան զինվորական օկրուգ եւ նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատար: 1989թ. օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990թ. սեպտեմբերին՝ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնում: 1992թ. ապրիլին՝ մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1999թ. օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար, 2000թ. հունվարին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:
Բայց կենսագրության պաշտոնական մասին նա ավելացրեց փաստացի այնպիսի «էջեր», որոնք խամրեցնում են անցյալը: Հիշեցնենք, որ Ս. Օհանյանը Հայաստան է տեղափոխվել Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ եւ նախաձեռնությամբ՝ 2007թ. մայիսի 11-ին նշանակվելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: Հասկանալի է, որ սա ավելի շատ պետք էր Սերժ Սարգսյանին, որպեսզի ողջ բանակն առներ իր ազդեցության տակ, կարողանար նախապատրաստել իր ապագա ընտրությունները: Ուստի հենց Ս. Սարգսյանն էլ Ս. Օհանյանին 2008թ. ապրիլի 14-ին նշանակեց պաշտպանության նախարար՝ այսպիսով էլ ավելի ամրապնդելով ղարաբաղյան կլանի ազդեցությունը Հայաստանում: Ս. Օհանյանն այն մարդկանցից էր, որոնք ակտիվ մասնակցություն պիտի ունենային նախագահի ընտրություններին` զինվորներին պարտադրելով կատարել հարկադրված քվեարկություն:
Վերջին նախագահական ընտրություններից առաջ Ս. Օհանյանը սպայակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերջիններիս հրահանգել է փետրվարի 18-ին իրենց հետ ընտրատեղամաս տանել հինգական մարդ: ՊՆ-ն ի՞նչ իրավունք ունի խառնվել քաղաքականությանը. լրագրող այս հարցին նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է. «Դա չի համապատասխանում իրականությանը, ո՞ր սպան է նման բան փոխանցել: Միգուցե կոչ է արվել ընտրություններին ակտիվ մասնակցել, մարդկանց հորդորել գալ ընտրության, դա ուրիշ բան է, բայց մարդկանց տանել ընտրատեղամաս, ստիպել որեւէ մեկին… մասնակցություն ապահովել՝ միգուցե, որ գնացե՛ք, ակտիվ մասնակցե՛ք ընտրություններին, որպեսզի ձեր փոխարեն ձայնը չկեղծեն»: Փաստորեն, ՊՆ-ում էլ կարծում են, որ տեղամաս չգնացած ընտրողների ձայները կեղծվում են: Իսկ հերքումն ավելի շատ հաստատում է հիշեցնում: «Նշենք, որ ըստ պաշտոնական թվերի՝ պետական ապարատում աշխատում է շուրջ 250.000 անձ, եւ եթե ընտրություններում վերոնշյալ ռեսուրսը կիրառվի, 1 մլն 200.000 մասնակցության թիվ կստացվի»,-նկատել է «Լրագիր»-ը:
Օհանյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակվելուց 1 ամիս անց ստացավ գեներալ-գնդապետի բարձրագույն կոչում: Թերեւս պետք չէ զարմանալ, որ ԼՂՀ հերոսը նման կոչման է արժանացել՝ չունենալով համապատասխան կրթություն: Ընդամենը բարձրագույն զինվորական ուսումնարան ավարտելով՝ նա դարձել է գեներալ-գնդապետ, ինչը նշանակում է, որ հայկական բանակում գեներալների համար նախատեսված կրթությունը պարտադիր չէ…
Պարտադիր չէ համապատասխան կրթություն ունենալը, բայց ծպտյալ օլիգարխ լինելն անհրաժեշտ է: Դեռեւս ԼՂՀ-ում Օհանյանը համարվում էր ամենահարուստներից մեկը, իսկ Հայաստանում էլ Ս. Սարգսյանը նրան չի նեղացրել եւ հնարավորություն է տվել Սեւանի ափին կառուցել մի հսկայական ապարանք (լուսանկարում), որի նախնական հաշվարկային գինն անցնում է 20 մլն դոլարից: Անշուշտ, ոչ ոք չի հարցնի նախարարին, թե որտեղից նրան այդ գումարները, քանի որ բանակը փակ տարածք է, ոչ ոք չգիտի, թե ինչպես են ծախսվում պետբյուջեի միջոցները, արդյոք դրանք նպատակին են ծառայում: Իհարկե, բացահայտվել է գոմեշի մսի պատմությունը, գեներալ Փայտյանը հեռացվել է պաշտոնից, բայց մի՞թե Փայտյանը կարող էր իր ահռելի հարստությունները կուտակել եւ զինվորներին գոմեշի մսով կերակրել, եթե այդ ամենը համաձայնեցրած չլիներ նախարարի հետ…
Օհանյանի հետ համաձայնեցված են գործում նաեւ այն ստորաբաժանումները, որոնք հատկապես հիմա՝ հերթական զորակոչի նախօրեին, նոր ապօրինություններ են կատարում: Այսպես. մայրաքաղաքի մի շարք բուհեր դատախազական ոճով հրահանգներ են ստացել զինվորական կոմիսարիատներից՝ արգելել մարզերից եկած այն շրջանավարտների մասնակցությունը քննություններին, որոնք դեռեւս հաշվառման չեն ներկայացել: Սա ինքնիրավչություն է, բուհական եւ հետբուհական կրթության մասին օրենքի կոպիտ խախտում, մարդու իրավունքների ոտնահարում, սակայն Ս. Օհանյանին այս ամենը չի հետաքրքրում:
Նա հաճախ ներբանակային ինտրիգներ է հյուսում իրեն շրջապատող երիտասարդ տեղակալ-օգնականներով՝ ընդդեմ «արմատական գեներալների»: Արդյունքում՝ կրկին կարողացավ համոզել Ս. Սարգսյանին, որ ինքն անփոխարինելի է եւ վերանշանակվեց: Թեեւ բանակում շատերն Օհանյանին համարում են թույլ նախարար:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ «ՄԱՔՐԱՄԱՔՈՒՐ» ՆԱԽԱՐԱՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ