3.2 ՏԱՐԻ` «ՍԱՄԱՎՈԼԿԱՅԻ» ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում ավարտվել է Երեւանի բնակիչ, 1994թ. ծնված Հայկազ Միրզոյանի դատավարությունը: Նա, գտնվելով ժամկետային զինվորական ծառայության մեջ, հանդիսանալով սահմանապահ զորամասի հրետանային դիվիզիոնի զինծառայող, կոչումով շարքային, 2012թ. նոյեմբերի 15-ին լքել է զորամասը եւ միայն 5 օր հետո ինքնակամ ներկայացել: Հ. Միրզոյանը 2012թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14-ին, իրեն տրված ազատ արձակուրդից նույն օրը՝ ժամը 16-ի սահմաններում, պարտավոր էր ներկայանալ զորամաս, սակայն 12 օր անց է ներկայացել: Այնուհետեւ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով 2013թ. հունվարի 19-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ինքնակամ թողել է ծառայության վայրը: 2013թ. հունվարի 31-ին նա հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչություն: Հ. Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել երկու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով եւ 362 հոդվածի 1-ին մասով: Հ. Միրզոյանը դատարանին միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն՝ ասելով, որ մեղադրանքին համաձայն է: Դատարանը պատիժ նշանակելիս որպես մեղմացուցիչ հանգամանքներ հաշվի է առել, որ նա երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, ծառայության վայրում բնութագրվում է «բավարար»: Ապրիլի 11-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Հ. Միրզոյանին դատապարտել է 3 տարի եւ 2 ամիս ազատազրկման:




Լրահոս