ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ՈՉ ԹԵ ԱՃԵԼ Է, ԱՅԼ ՆՎԱԶԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում 2011թ. համեմատ կովերի, խոզերի, ոչխարների եւ այծերի քանակն ավելացել է: Մինչդեռ Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի մի քանի գյուղապետեր «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակը պնդեցին. «Անցյալ տարվա համեմատ անասնագլխաքանակը զգալիորեն նվազել է»: Այդ կարծիքին է նաեւ «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը: «Գյուղնախարարությունը սուտ թվեր է նկարում: Չեմ հասկանում, թե ինչի հաշվին է անասնագլխաքանակն ավելացել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Սեդրակյանը:
2013թ. հունվարի 1-ի դրությամբ երկրում հաշվառվել է 303 հազար 277 կով, 145 հազար 44 խոզ, 645 հազար 711 ոչխար եւ 29 հազար 20 այծ: ԱՎԾ տվյալներով` կովերի գլխաքանակն աճել է 7, խոզերինը՝ 34,2, ոչխարներինը՝ 15 եւ այծերինը 1,5 տոկոսով: Հայաստանում կովերի գլխաքանակով առաջատարը Գեղարքունիքի մարզն է` 54 հազար 271, երկրորդ տեղում Շիրակն է` 50 հազար 152, իսկ երրորդում՝ Արագածոտնի մարզը՝ 40 հազար 326: Ամենաքիչ կովերը Վայոց Ձորի մարզում են՝ 9 հազար 576 գլուխ: Խոզերի գլխաքանակով առաջատարն Արմավիրի մարզն է` 20 հազար 683, հետնապահը՝ Վայոց Ձորի մարզը՝ 1921: Ոչխարների գլխաքանակով առաջատարը Գեղարքունիքի մարզն է` 98 հազար 666 գլուխ անասունով, իսկ ամենաքիչ ոչխարները հաշվառվել են Տավուշի մարզում՝ 14 հազար 110:
Իրական պատկերը պարզելու համար փոքրիկ հարցախույզ արեցինք ՀՀ մի քանի գյուղերում եւ տեղեկացանք, որ, օրինակ, Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքում անասնագլխաքանակն անցյալ տարվա համեմատ այս տարի 150-ով նվազել է: «50-ով խոշոր եղջերավոր անասունն է նվազել, իսկ 100-ով՝ մանր եղջերավորը: Նշեմ, որ մեր համայնքն էլ փոքր է»,-տեղեկացրեց Վանեւանի համայնքապետ Նորայր Հարությունյանը:
Իսկ Ծովակ համայնքում անասունների գլխաքանակը նվազել է 100-ով: «Մորթի հետ կապված նվազել է: Բոլորիս էլ հայտնի է, որ Նոր տարվա շեմին մարդիկ մորթում են: Միշտ էլ գարնանն անասնագլխաքանակը նվազում է, դա հայտնի բան է գյուղատնտեսության մեջ»,-ավելացրեց Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանը: Տորֆավան համայնքում անասնագլխաքանակը պակասել է 3-ով: Իսկ Արագածոտնի մարզի Սիփան համայնքի ղեկավար Թենգիզ Մամոյանի խոսքով՝ խոշոր եղջերավոր անասունը համայնքում պակասել է 100-ով, մանրը՝ 200-ով: «Այս տարի շարժը դեպի Պարսկաստան քիչ է եղել: Այսինքն՝ 2011-ին մարդիկ կարողանում էին պարսիկներին ոչխարներ վաճառել, իսկ հետո բազմացնել, բայց անցյալ տարի դադարեց այդ շարժը, այդ պատճառով էլ ժողովուրդը համարյա ունեցած ոչխարը վերացրեց»,-բացատրեց եզդիաբնակ համայնքի ղեկավար Մամոյանը:
«Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը շարունակում է պնդել, որ անասնագլխաքանակը նվազել է. «Նույն հաջողությամբ գյուղնախարարը վաղը կարող է հայտարարել, որ մեր գյուղատնտեսությունը ԱՄՆ-ի, Կանադայի գյուղատնտեսությունից տվել ու անցել է: Նրա ամեն ասածներին պետք չէ հավատալ: Իսկ հիմնական պատճառը եղել է անասնակերի դեֆիցիտը: Անասնակերը չի բավականացրել, քանի որ թանկ է եղել, նույնիսկ 2000 դրամ է արժեցել»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ անասնագլխաքանակի նվազմանը նպաստում է նաեւ անասնաբույժների ստացած «խղճուկ աշխատավարձը», ինչի արդյունքում նրանք որակյալ ծառայություններ չեն մատուցում. «Շատ չնչին աշխատավարձ են ստանում, այդ պատճառով էլ անասուններին կարգին տիրություն չեն անում: Բացի գերազանց վարձատրելուց, նրանց պետք է տրամադրել նաեւ տրանսպորտային միջոց, դիզվառելիք, որպեսզի գնան եւ անասուններին համապատասխան պատվաստումներ կատարեն: Իրենց մնա, միայն սուտ թվեր կգրեն ու կներկայացնեն: Նկարել են այդ թվերը եւ ոչ մի անգամ ոչ մի գյուղացուց չեն հետաքրքրվել, օդից թիվ են բռնում ու ներկայացնում»:
Ս. Սեդրակյանը նշեց նաեւ, որ գործող կառավարությունը ջանում է ցույց տալ, թե մեր երկիրը տնտեսական զարգացում է ապրում, երկրում աղքատությունը նվազել է, իսկ Հայաստանում ժողովրդավարություն է. «Այս երեք գործոնը ցույց տալով՝ փորձում են ասել, որ Հայաստանը գնում է կայուն զարգացման ուղիով: Սա հիմք է դառնում, որպեսզի միջազգային կառույցները վստահեն Հայաստանին ու վարկեր տան, իսկ այդ վարկերը գալիս լցվում են ժողովրդի գլխին: Թե ով է այդ պարտքերը փակելու, չգիտեմ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս