Ապրիլի 14-19-ը 2014թ. ձմեռային օլիմպիադան հյուրընկալող Սոչի քաղաքում անցկացվեց մարզական լրագրողների միջազգային միության (ԱԻՊՍ) հաշվետու-ընտրական 76-րդ կոնգրեսը, որին մասնակցեցին 108 երկրների պատվիրակներ: ԱԻՊՍ-ի նախագահ վերընտրվեց իտալացի Ջանի Մերլոն:
Մեր երկիրը ներկայացնում էր Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը, ումից էլ Սոչիի կոնգրեսի մասին որոշ մանրամասներ պարզեցինք:
Մասնավորապես տեղեկացանք, որ Մերլոն իր ելույթում խոսել է ժամանակակից մարզական լրագրության մասին` նշելով, որ էլեկտրոնային լրատվամիջոցները ստացել են առաջատարի համարում, սակայն դրանք աչքի չեն ընկնում խոսքի մատուցման կուլտուրայով եւ գրագիտությամբ: Իսկ դա պայմանավորված է շտապողականությամբ, մյուսներից առաջ ընկնելու ցանկությամբ: Այսինքն` այս խնդիրը հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլ ընդհանրապես միջազգային տարածում ունի: Ու բնական է, որ նման պարագայում խոսք չի կարող լինել պրոֆեսիոնալիզմի մասին: Մինչդեռ, փոքր ինֆորմացիայից բացի, մարզասերներն ուզում են ընթերցել նաեւ լուրջ վերլուծականներ, խոսուն, տպավորիչ հարցազրույցներ, սպորտի առաջընթացին նպաստող, օրինակելի չեմպիոններին եւ մարզական կազմակերպություններին վերաբերող ակնարկներ, դիմանկարներ, եւ այս առումով տպագիր մամուլը մրցակից չի ունենա ու կարող է հարատեւել: Պարոն Ալեքսանյանը հավելեց, որ եկող տարի կոնգրեսը տեղի կունենա Բաքվում, իսկ 2015-ին` Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում. «Դրան նպաստեցին ուրուգվայցի բանախոսները եւ նրանց պատրաստած տեսահոլովակը, որտեղ այդ երկրի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ, հայազգի Փանոս-Լեո Կարսլյանը գործընկերոջ հետ կարծես ֆուտբոլի ռեպորտաժ էր վարում, իսկ էկրանից ժպտացող Ուրուգվայի սպորտի եւ տուրիզմի նախարար, հմայիչ հայուհի Լիլյա Քեշիշյանի հրավերի հրապուրիչ խոսքին լրագրողներն արձագանքում էին բուռն ծափերով: Վեհաժողովի ավարտից հետո Կարսլյանը մոտեցավ, ջերմորեն ողջագուրվեց ինձ հետ եւ խոստացավ եկող տարի կայանալիք կոնգրեսից հետո այցելել իր նախնիների հայրենիք»:
Մարզական լրագրողները ճանաչողական էքսկուրսիայով եղել են նաեւ Սոչիի օլիմպիական խաղերի համար կառուցված բաց եւ փակ մարզահամալիրներում, որոնք աշխարհում նմանը չունեն: Ընդ որում, բոլոր մարզակառույցներում արդեն անցկացվել են պատասխանատու մրցումներ:
Համաժողովը հյուրընկալել է նաեւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար սերբ Լալիչին եւ նրա ռուսաստանցի գործընկեր Մամիաշվիլուն: Ըմբշամարտն օլիմպիական խաղերի ծրագրից հանելու ՄՕԿ-ի հնչեցրած միտքը մեծ վրդովմունք է առաջացրել նաեւ աշխարհի մարզական լրագրողների մոտ, որոնք, դատապարտելով ՄՕԿ-ի վարքագիծը, խոստացել են հետայսու առավել սիրով ու եռանդով լուսաբանել ըմբշամարտի մրցաշարերը:
ՀԱՅԵՐԸ ԿՈՆԳՐԵՍԸ «ՏԱՐԱՆ» ՈՒՐՈՒԳՎԱՅ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ