Դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը, տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ իրավապահները քննություն են սկսել, իսկ թե ով կամ ովքեր կպատժվեն, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ եղած նախադեպերն այնքան էլ հույս չեն ներշնչում: Նկատենք, որ այս ընտրախախտումներն իրենց բնույթով շատ նման էին 1998 թվականի Դեմիրճյան-Քոչարյան ընտրության օրը արձանագրված լցոնումներին ու լկտիությանը:
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերել են ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին: Մասնավորապես հաղորդումներից 79-ը վերաբերել են Երեւանում, իսկ 48-ը՝ մարզերում տեղի ունեցած խախտումներին: Իսկ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է 380 տարբեր բնույթի տեղեկատվություն` դարձյալ հիմնականում ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների հրապարակումները, նաեւ քաղաքացիների ահազանգեր եւ գրավոր դիմումներ:
Դրանցից 296-ը պարունակել են առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական եւ նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 82 հրապարակում ուղարկվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Իսկ, ահա, 2 դեպքով հարուցվել է 2 քրեական գործ»:
Այն, որ Հայաստանում ցանկացած ընտրություններից հետո ընտրախախտումների դեպքերի մասով հարուցվում են քրեական գործեր, գաղտնիք չէ, սակայն ինչպես փորձն է ցույց տվել, երբ ընտրություններից հետո կրքերը հանդարտվում են, խախտումների համար իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված քաղաքացիները եւս «ջրից չոր են դուրս գալիս»:
Իսկ հիմա խոսենք փաստերով
Դեռեւս 2013 թվականի նախագահական ընտրություններում ընտրախախտումներ կատարելու համար Շենգավիթ վարչական շրջանի դատարանի առաջ էին կանգնել քաղաքացիներ Հովհաննես Մովսիսյանը, Գագիկ Միքայելյանը եւ Ռիտա Ղազարյանը: Գագիկն եւ Հովհաննեսը մեղադրվում էին ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու, իսկ, ահա, Ռիտան այդ փորձի օժանդակողն էր: Նրանց երեքի նկատմամբ էլ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:
Արդյունքում, դատարանը վճռել էր վերոնշյալ անձանց պատժել 600 հազար դրամի տուգանքի չափով: Չի բացառվում, որ վերոնշյալ անձինք իրենց գրպանից չեն վճարել տուգանքը, այլ նրանց քաղաքական հովանավորներն են հասանելիք գումարը փոխհատուցել: Նկատեցի՞ք՝ 2013 թվականի նախագահական ընտրությունների բազմահազար ընտրախախտման դեպքերից միայն մի քանի դրվագով էր քրգործ հարուցվել, որոնք էլ ավարտվել են կա՛մ կարճումներով, կա՛մ տուգանքով:
Ու եթե նախկինում իրական պատիժներ լինեին, դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի փոփոխությունների քվեարկության օրը, չէինք ունենա այս խայտառակ ընտրախախտումների պատկերը:
Նկատենք, որ հանրաքվեի օրը խոչընդոտվել էր նաեւ լրագրողների գործունեությունը, ինչի համար ՀՀ գլխավոր դատախազի հրահանգով քննություն է սկսվել: Ճիշտ այնպես, ինչպես հունիսի 23-ին Բաղրամյան փողոցում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ բռնության ենթարկված լրագրողների գործը, որը մինչ օրս տեղից չի շարժվում:
Քնար Մանուկյան