Թուրքիան սպառնում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի կառավարությունը կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն. փոխանցում է Reuters-ը:

Թուրքիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ պատժամիջոցներ սահմանելու հարցը բարձրացվել է նախօրեին տեղի ունեցած նախարարների նիստի ընթացքում: «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են սահմանվել անհրաժեշտության դեպքում»,-հայտարարել է Դավութօղլուն՝ հավելելով, որ Անկարան նախկինի պես բաց է Մոսկվայի հետ երկխոսության համար:

Նոյեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Թուրքիայի դեմ տնտեսական սահմանափակող միջոցների կիրառման մասին: Դեկտեմբերի 1-ին ՌԴ կառավարությունը ներկայացրել էր էմբարգոյի տակ հայտնված մթերքների ցուցակը: Սահմանափակումները կսկսեն գործել 2016թ. հունվարի մեկից: Ինչպես նաև չեղյալ էր համարվել Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմը:

Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմիշեքի խոսքով՝ այն դեպքում, եթե ռուս-թուրքական հարաբերությունները զարգանան վատատեսական սցենարով, ապա Անկարան կզրկվի 9 միլիարդ դոլարից:

Հիշեցնենք, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները սրվեցին նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանումից հետո:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս