«ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ Է, ԵՐԲ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ապրիլի 24-ն է՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որն ամեն տարի գրեթե նույն կերպ է հիշվում. այց Ծիծեռնակաբերդ, բոլոր հեռուստաալիքներով դրա ցուցադրություն, դասական երաժշտություն, հին հայկական կինոնկարներ…
Իսկապե՞ս այդպես պետք է հարգենք զոհերի հիշատակը: «Ժողովուրդ»-ն այդ հարցով դիմեց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին, որն ասաց. «Ամեն դեպքում, անհրաժեշտ է խնկարկել մեկուկես միլիոն նահատակների հիշատակը: Ցեղասպանության հուշահամալիր բոլորն էլ գնում են, բայց ոմանք դա անում են, որովհետեւ պարզապես ընդունված է: Կուզեի, որ նոր սերնդի մեջ սերմանվեր Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի տեսակետը. «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա»: Կուզեի, որ յուրաքանչյուրիս համար ապրիլի 24-ը յուրատեսակ վերարժեւորման եւ սեփական արածներին գնահատական տալու, հաշվետվության նման մի օր լիներ: Ոչ թե աշխարհից Ցեղասպանության ճանաչումն աղերսեինք, այլ նժդեհյան գաղափարով առաջնորդվեինք` ներե՞լ եք ուզում թուրքին. հաղթե՛ք նախ: Այսինքն` խորհեինք, թե ինչով ենք մոտեցնում հաղթանակի օրը, մեր նոր վերազարթոնքը, որի առջեւ պիտի ծնկի գա թուրքը: Եվ սովորենք, որ այսուհետ պաշտամունքի պետք է վերածենք ոչ թե Եղեռնի հուշահամալիրը եւ մահարձան խաչքարերը, այլ հաղթակամարները, մեր նորօրյա հաղթանակների պատվին կերտված հուշակոթողները: Յուրաքանչյուր ազգ իր դրոշի վրա հաղթանակներն է կրում, իր հերոսների անունները, իսկ մենք գրել ենք «Ցեղասպանություն» եւ այդ դրոշը ճոճում ենք աշխարհի աչքի առջեւ: Վստահ եմ` ժամն է մեր դրոշի վրայից մաքրել ցեղասպանվածի խարանը եւ կրել, արձանագրել հերոսների անունները»:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ հեռուստատեսությամբ այդ օրը հեռարձակվող հաղորդումներին. «Հեռուստաընկերությունները միօրինակ մոտեցում ունեն. հաճախ, բնականաբար, Ցեղասպանության մասին ֆիլմեր են ցուցադրում, ավելի տխուր, թախծոտ, երբեմն դասական երաժշտություն, նաեւ Կոմիտաս է հնչում: Չգիտես ինչու, Կոմիտասն ընկալվում է ապրիլի 24-ին հարազատ եւ ոչ թե մեր ազգի տեսակը կերտող երաժիշտ: Ավելի շատ մյուս օրերին է պետք Կոմիտաս հնչեցնել եւ ամենաքիչը` ապրիլի 24-ին: Ամեն օր հայ մարդու ականջում, հոգում, սրտում պիտի մեր ազգային երաժշտությունը լինի, որն ուղղակի հիմնականում վտարված է հայկական շատ հեռուստաալիքներից, ու նման իրադարձությունների դեպքում ենք հիշում, որ Կոմիտաս, ազգային մշակույթ ենք ունեցել, ոմանց համար` արդեն անցյալ ժամանակով: Այդ մշակույթն ամեն օր պիտի ցուցադրվի, նոր սերնդի ամեն օրվա դաստիարակության անբաժանելի մասը լինի»:
Հ.Գ. Կոմիտասյան երաժշտության խեղաթյուրումների մասին` «Ժողովուրդ»-ի հաջորդ համարում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս