
ՀԱՐՑ. Վերջերս ծանոթներիցս մեկը դժգոհում էր, թե դպրոցում անցկացվող արտաժամյա պարապմունքների, օրինակ, տասը հազար դրամ վարձավճարի վաթսուն տոկոսը պետք է փոխանցվի քաղաքապետարանին: Ուզում եմ ճշտել այս տեղեկության իսկությունն ու հասկանալ, թե ինչ սկզբունքով է կատարվում վճարումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Լիանա Բարսեղյանի հարցմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացնում են, որ դպրոցներում արտաժամյա պարապմունքների կազմակերպումն իրականացվում է քաղաքապետի համապատասխան որոշման հիման վրա կնքված պայմանագրի պահանջներով: Վարձավճարի չափի համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշումը: Հարցին առավել կոնկրետ պատասխանելու համար խնդրում ենք նշել, թե որ դպրոցում եւ որ արտաժամյա պարապմունքի մասին է խոսքը:
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհասկանալի է, մի՞թե տարբեր դպրոցների համար տարբեր սակագներ են սահմանված, որ քաղաքապետարանից պահանջում են նշել կոնկրետ դպրոցը: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ այդ պատճառով էլ վաստակած գումարի առյուծի բաժինը դպրոցին չթողնելու համար դասուսույցները նախընտրում են տնային պարապմունքներ անել: