1988-ի աղետից 27 տարի անց Գյումրու տնակներում ու կիսախարխուլ հանրակացարաններում բնակվող դեռ բազմաթիվ անօթեւան ընտանիքներ կան: Գյումրեցի անօթեւան հարյուրավոր ընտանիքներ այս տարվա ձմեռը եւս ստիպված են անցկացնել կիսախարխուլ թիթեղյա տնակներում:
1988 թվական, դեկտեմբերի 7, ժամը 11:41. Հայաստանի հյուսիսը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց: Ոչնչացավ 1.8 մլն քմ բնակելի մակերես, այդ թվում՝ 22 հազար 678 բնակարան: Մոտ 100 հազար մարդ դարձավ անօթեւան, 17 հազար գյումրեցի մահացավ՝ 4 հազար սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 19 հազար մարդ դարձավ հաշմանդամ: Սակայն երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում բազմաթիվ ընտանիքներ դեռ անօթեւան են. նրանց մեծ մասն այսօր ապրում է տնակային ավաններում, որտեղ տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից զուրկ պայմաններում գոյատեւող հարյուրավոր ընտանիքներ կան:
Դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպմանը, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության տվյալներով՝ Գյումրիում մնացել են բնակարանի կարիք ունեցող 250-ին մոտ ընտանիքներ, ովքեր տուժել են երկրաշարժից: «Ես շատ լավ հասկանում եմ, որ Գյումրիում բնակարանի կարիք ունեցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, բայց այդպիսի մարդիկ Հայաստանի ողջ տարածքում կան… Ընթացքում, անշուշտ, այս խնդիրները լուծվելու են»,- թե երբ է այդ ընթացքն ավարտվելու, երկրի ղեկավարն այդպես էլ չհստակեցրեց:
Երեկ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, ով վստահեցրեց, որ ամեն բան արվում է՝ անօթեւան ընտանիքների հարցը հնարավորինս արագ լուծելու համար: «Ես մեկնարկել եմ «Գյումրին՝ առանց տնակների» ծրագիրը, տեսնենք, թե ով կմիանա, եւ այն ինչ կտա: Վաղը (այսօր-խմբ.) հիփոթեքային վարկերի հետ կապված «Ասիական զարգացման բանկի» հետ քննարկում է տեղի ունենալու: Եթե լավ պայմաններով տրվեն այդ վարկերը, մարդիկ կվերցնեն: Հայտնի գործարար Վարդան Սիրմաքեսը նույնպես ծրագիր է իրականացնելու, դրամահավաք ենք անցկացնելու: Փորձում ենք՝ որքան հնարավոր է մարդկանց հարցերը լուծել»,- ներկայացրեց Գյումրու քաղաքապետը:
Մինչդեռ «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը մեծ ափսոսանքով նկատեց, որ Գյումրիում տնակային ավաններում եւ նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում ապրում են մոտ 2500-3700 ընտանիք: Սակայն նրանցից ընդամենը 200 ընտանիք է, որ ճանաչված է բնակարանի փոխհատուցման ենթակա. «Իսկ մյուսները պետք է գոյատեւեն… անհույս»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ