ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Այո»-ի քարոզարշավի ներկայացուցիչ Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ անկախ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից՝ դեկտեմբերի 7-ին ՀՀԿ-ն շատ անելիքներ ունի:
-Տիկի՛ն Աճեմյան, արդեն մի քանի օր է՝ Ազատության հրապարակում են հավաքվել տարբեր քաղաքական ուժեր ու իշխանություններից պահանջում են չեղարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ինչպե՞ս են այդ պահանջին վերաբերում իշխանությունները, հնարավո՞ր է` ընդառաջեք այդ պահանջին:
-Այս քարոզարշավի ընթացքում կարմիր գծի նման այդ միտքը հնչել է, եթե ուզում եք տեղ ունենալ Ազգային ժողովում, այսինքն՝ այն կարեւորագույն հարթակում, որտեղ տեղի են ունենում քաղաքական գործընթացները, ապա պետք է պայքարեք դրա համար, բայց դա չանեք անընդհատ փնովելով, վատաբանելով ու ցեխ շպրտելով: Այս փոփոխությունը մեծ հնարավորություն է հենց ընդդիմադիր ուժերի համար, որպեսզի կարողանան իրենց դրսեւորել քաղաքական դաշտում, որպեսզի կարողանան որոշումների կայացման հարցում դերակատարություն ունենալ: Մենք մեր գործն ենք արել, քարոզարշավի ժամանակ այո-ն եւ ոչ-ը հավասարապես ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Հանրաքվեին մի քանի օր է մնացել, ու ժողովուրդն արդեն իր տեսակետը կհայտնի, դա արդեն որոշված իրողություն է, չեղարկել ոչ ոք ո՛չ կարող է եւ ո՛չ էլ մտադրություն ունի:
-Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մնացել է երկու օր, սակայն հանրության շրջանում շարունակում են գերիշխել անտեղյակությունն ու անտարբերությունը: Ժողովուրդը չի կարողանում հասկանալ, թե ինչու պետք է ասի այո կամ ոչ: Այս ամենը հիմքում ունենալով՝ ի՞նչ արդյունքներ եք կանխատեսում:
-Անկեղծ ասեմ, իմ միակ վերապահումն այն է, որ սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը պետք է արվի միայն ԱԺ-ում, որովհետեւ, այնուամենայնիվ, դա իրավական փաստաթուղթ է, մայր օրենք է, բայց քանի որ նախորդ Սահմանադրությամբ դա պետք է իրականացվի հանրաքվեով, ապա մենք դա ուրիշ ձեւով չէինք կարող իրականացնել: Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա կարծում եմ, որ այն շատ արդյունավետ եղավ, որովհետեւ իմ անձնական տպավորությունն այն է, որ բնակչության մեծամասնությունը իրազեկվեց, դա վկայում է այն փաստը, որ իրենք ե՛ւ հարցադրումներ էին անում մեզ, ե՛ւ շատ ուշադրությամբ հետեւում էին այն ամենին, ինչ իրականացվում էր՝ փորձելով հստակեցնել, թե ինչու են արվում այս փոփոխությունները: Համոզված եմ, որ համարյա անտարբերներ, անտեղյակներ չմնացին:
-Եթե հանրաքվեն տապալվի դեկտեմեբրի 7-ին, ի՞նչ է անելու ՀՀԿ-ն: Եւ հակառակը` եթե այո-ն հաղթի, ինչպե՞ս եք Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին համոզելու տուն գնալ:
-Դեկտեմբերի 7-ին մենք շարունակելու ենք մեր առօրյան, մեր աշխատանքը, մեր խորհրդարանական նիստերը: Մենք աշխատելու ենք, եթե հանրաքվեի արդյունքում լինի այո, ապա մենք շատ անելիք ունենք, մենք ընտրական օրենսգրքի վրա պետք է աշխատենք մինչեւ մայիս ու փոփոխություններ իրականացնենք, այդ բոլոր իրավական հիմքերը պետք է ստեղծենք, որպեսզի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կարողանանք իրականացնել: Այսինքն՝ մենք հանրաքվեով չենք ավարտում մեր աշխատանքները, անելիքները շատ են: Ես, պարզապես, այդպես ոչ կառուցողական մոտեցումները, հակասահմանադրական կոչերը համարում եմ շատ վտանգավոր այն առումով, որ դրանք պարզապես անթույլատրելի են: Էլի եմ կրկնում՝ իրենք ուզում են որոշակի դերակատարություն ունենալ ՀՀ քաղաքական կյանքում, բայց շատ հասկանալի է դառնում, որ իրենց հետեւից արդեն գնացողներ չկան: Ու, առհասարակ, ժողովրդին թունավորելով՝ անընդհատ բացասական տրամադրություններ հաղորդելը անընդունելի է:
-ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին տված հարցազրույցից հասկանալի դարձավ, որ նա կրկին խաբել է ժողովրդին՝ հայտարարելով, թե չի հավակնի որեւէ պաշտոնի, մինչդեռ հիմա նա ասաց, որ 2017 թվականին նոր կհայտնի իր ծրագրերի մասին: Ինչո՞ւ է կրկին Ս. Սարգսյանը խաբում ժողովրդին:
-Շատ ափսոսում եմ, որ ուշադիր չեք լսել նախագահի հարցազրույցը, ինքս, անկեղծ ասեմ, տպավորված եմ այն առումով, որ որեւէ հարց բաց չթողնվեց, ու ես կարծում եմ, որ ՀՀ նախագահն այնքան անկեղծ է եղել, որ նրան ինչ-որ մի բանի մեջ մեղադրելը առնվազն ազնիվ չէ: Ես կարծում եմ, որ նա չափազանց անկեղծ էր, մտահոգ երկրի ապագայի համար: Կխնդրեի մյուս քաղաքական ուժերին չխառնվել մեր կուսակցության գործունեությանը, աշխատանքներին, մենք կարողանում ենք մեր կուսակցությունով որոշումներ կայացնել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԵՐԿՈՒ ՈՉ-ԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Երեկ Ազատության հրապարակում կայացավ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը: Չնայած եղանակային վատ պայմաններին՝ հրապարակում մարդկանց թիվը քիչ չէր:
Բացման խոսքով հանդես եկած ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը շեշտեց, որ 3 օր մնաց Սերժ Սարգսյանի ավանտյուրայի վախճանին: Սերժ Սարգսյանը քաղաքական հնարք կիրառեց, որ իբր Հայաստանում ինքն անց է կացնում բարեփոխումներ, օգտագործեցին բառեր, բառապաշար, որքան ուզեք եւ գործող Սահմանադրությունից ծավալով երկու անգամ ավել Սահմանադրություն առաջարկեցին, որը քաղաքացիներից ոչ մեկը չկարդաց: Եվ այդ հնարքը, որ կոչվում է իբր բարեփոխումներ, շատ պարզ, շատ արագ բացահայտվեց, որ ոչ մի այլ նպատակ, քան Սերժ Սարգսյանի իշխանության շարունակությունն է, չունի»,-ասաց նա:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը մեկ անգամ եւս կոչ արեց ՀԱԿ-ին եւ ՀԺԿ-ին միանալ իրենց եւ ոչ-ի շտաբը տեղափոխել Ազատության հրապարակ, սակայն ՀԱԿ-ի անդամներն այսօր եւս չընդունեցին այդ առաջարկը՝ նշելով, որ նստացույցին չեն միանա: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում ասաց, որ ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի համատեղ շտաբը շատ լավ գիտի իր անելիքներն ու ծրագիրը եւ դրանք կիրագործի անշեղորեն: «Մենք իսկապես մշակել ենք այնպիսի ծրագիր, որը հաղթանակով պայքարի ծրագիր է: Բոլորիդ խնդրում եմ զինվել համբերությամբ, իմանալ՝ հաղթում է նա, ով հետեւողական է ու համառ»,- ընդգծեց Զուրաբյանը:
Ելույթների ավարտից հետո «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները երթ անցկացրին: Նախքան երթի մեկնարկը, ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը հայտնեց, որ այլեւս չեն վերադառնալու Ազատության հրապարակ: Իսկ «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ Ազատության հրապարակում կմնա մինչեւ պայքարի ավարտը:
Հավելենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շուրջօրյա նստացույցը շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 6-ը: Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:00-ին կկայանա հանրահավաք, դեկտեմբերի 5-ին, թեեւ լռության օր է, կլինի երթ, իսկ դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի օրը, ժամը 20:00-ին՝ հանրահավաք:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԹՈՇԱԿՆԵՐԸ ՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ
Վերջին տարիներին ավանդույթ է դարձել, որ կենսաթոշակների վճարումը սկսվում է ամսվա երկրորդ աշխատանքային օրը: Այսինքն՝ սովորաբար ամսվա առաջին աշխատանքային օրը բանկային քարտով թոշակ ստացողների գումարները պետբյուջեից փոխանցվում էին բանկերին, իսկ կանխիկ ստացողներինը՝ «Հայփոստին»: Այնուհետեւ բանկերը գումարները փոխանցում էին թոշակառուների հաշիվներին: Այսինքն` մինչ այս, մեկ օր անց բնակիչները կարողանում էին բանկային քարտերով իրենց թոշակը ստանալ: Դեկտեմբերի թոշակները երեկ՝ օրվա առաջին կեսին, դեռեւս հասանելի չէին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ թոշակների գումարները բանկերին փոխանցվել են դեկտեմբերի 2-ին: «Ժողովուրդ»-ի հարցումների արդյունքում պարզվեց, որ օրվա վերջին գումարներն արդեն փոխանցվել էին, եւ թոշակառուները կարող են բանկոմատներից այն ստանալ:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, ընդամենը մեկ-երկու օրվա ուշացում է եղել: Սակայն ողջ խնդիրն այն է, որ թոշակներն, այսպես կոչված, անձեռնմխելի գումարների շարքին են դասվում: Ուստի, եթե թոշակների վճարման հետ կապված թեկուզ փոքր խնդիր է առաջացել, ապա պետական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի վճարման դեպքում ավելի լուրջ խնդիրներ կարող են ի հայտ գալ: Թերեւս հենց այս իրավիճակն է պատճառը, որ արդեն իսկ լուրեր են շրջանառվում այն մասին, որ պետական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը դեկտեմբերին, հնարավոր է, ուշացումներով փոխանցվեն:
ՎԵՐՋԻՆ ՄԵՆԱՄԱՐՏ
Այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ ժամը 14.00-ին տեղի կունենա «Այո եւ ոչ» ռեալիթի շոուի ներկայացուցիչների միջեւ վերջին բանավեճը: Մեր տեղեկություններով՝ դրան հրավիրվել են հյուսիս եւ հարավ մեկնած ոչ-ի եւ այո-ի բոլոր քարոզիչները: Նշենք, որ հյուսիս եւ հարավ էին մեկնել 16 ընդդիմադիր եւ իշխանական գործիչներ՝ երկու խմբերով, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած էր 8 հոգուց՝ 4-ական այո եւ ոչ: Մեր տեղեկություններով՝ այո-ի քարոզիչներին հատուկ հանձնարարվել է բանավեճին լավ պատրաստվել, որպեսզի կարողանան ուղիղ եթերում իշխանական տեսակետը լավ ներկայացնել: