ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ ԻՐ ՎԱԽԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, ի վեջո, պարզաբանել է, թե ՀՀ իշխանություններն ինչու են ցանկանում փոխել գործող Սահմանադրությունը, եւ որոնք են իրենց վախերը:

Իհարկե, Սերժ Սարգսյանը եւս իր ենթականների պես փորձել է սահմանադրական փոփոխությունները որպես բարելավում ներկայացնել, իբրեւ ժողովրդավարության ավելացման մղում, սակայն իրականում նա իր խոսքում խոստովանել է, որ այս փոփոխությունները պայմանավորված են իշխանությունը կորցնելու վախով: Նախ՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Հայաստանին սպառնում է լճացում: «Եթե չանենք (սահմանադրական փոփոխությունները,- Վ.Հ.) ունենալու ենք լճացում, եթե չանենք, ունենալու ենք անձակենտրոն իշխանություն: Մենք պարտադրված ենք եւ պարտավոր ենք դա անել: Պարտավոր ենք, որովհետեւ խորհրդարանական կառավարումը ենթադրում է հաշվետվողականության ավելացում, ենթադրում է թափանցիկության մեծացում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ խոստովանելով մեր երկրի գլխավոր խնդիրներից մեկը:
Ինչպե՞ս բացատրենք: Իրական ժողովրդավարական, ազատ եւ արդար ընտրություններով իշխանություն ձեւավորող երկրներում լճացումն ուղղակի չի լինում, քանի որ ցանկացած բացասական դրսեւորում հանգեցնում է ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը: Այդ երեւույթն իր հետ բերում է թարմություն, նոր լիցք եւ հույսեր, ինչն ապահովում է երկրի զարգացումը: Լճացումը բնորոշ է տոտալիտար, ընտրությունները կեղծող եւ կոռումպացված երկրներին, որտեղ մի խումբ մարդկանց տասը կամ քսան տարի տեւած իշխանությունից հետո, երբ պետության բոլոր ռեսուրսներն արդեն մսխված են լինում, տնտեսության եւ մնացած բոլոր բնագավառներում լճացում է սկսվում: Եւ հիմա Սերժ Սարգսյանն ասում է, որ եթե չփոխենք, ապա լճացում է լինելու: Մինչդեռ առավել ազնիվ կլիներ, եթե նա խոստովաներ, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով փորձում են ստեղծել մի համակարգ, որն իրենց հնարավորություն կտա փոփոխությունների իմիտացիա անել` միաժամանակ պահպանելով իշխանությունը:
Այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների դիմելու նպատակը իշխանությունը կորցնելու վտանգները չեզոքացնելն է, Սերժ Սարգսյանը խոստովանել է նաեւ հետեւյալ պարբերությամբ. «Այսօրվա Հայաստանը 10 կամ 20 տարի առաջվա Հայաստանը չէ: Մեր հասարակությունն էլ է այլ: Մենք արդեն բավականաչափ հասուն հասարակություն ունենք: 10 կամ 20 տարի առաջ անհնար էր, որ երկու առաջնային մանդատները , այսինքն՝ նախագահի պաշտոնը եւ խորհրդարանը, բաժանվեին տարբեր քաղաքական ուժերի միջեւ: Իսկ հիմա շատ ռեալ է դա»: Այսինքն՝ 2013 թվականի նախագահական ընտրություներից հետո ՀՀ իշխանությունները հասկացել են, որ դա նախագահական ընտրություն կեղծելու իրենց վերջին հնարավորությունն էր, եւ որ 2018-ին իրենք որքան էլ ցանկանան, չեն կարողանա ընտրությունները կեղծել: Սերժ Սարգսյանը չի էլ նկատել, որ հասարակության հասունանալու փաստն ընդունելուց հետո առնվազն անհեթեթ է այդ երեւույթը որպես Հայաստանի սպառնալիք ներկայացնելը: Իսկ նա հենց այդպես էլ վարվել է, քանի որ վերը բերված միտքը շարունակելով՝ ասել է, թե նման պայմաններում Հայաստանին ճգնաժամ է սպառնում, եւ իրենք այդ հեռանկարը տեսնելով՝ չեն կարող քայլեր չձեռնարկել:
Այսքանից հետո այն փաստը, որ երեկ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ապացուցել է, որ ինքը չի խորշում հանրությանը խաբել, թերեւս կարելի է օրինաչափություն համարել: Երեկ նա հրաժարվել է նախկինում արած իր այն հայտարարությունից, որ սահմանադրական փոփոխությունների անցնելու եւ կառավարման համակարգը կիսանախագահականից խորհրդարանականի փոխելու դեպքում չի հավակնի ՀՀ նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի պաշտոններին: Իր ապագա գործունեությանը վերաբերվող ծրագրերին երեկ նա խոստացել է անդրադառնալ 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀՅԴ-Ն ԳՈՀ Է ԻՐԵՆԻՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցականները որոշել են ամփոփել իրենց այո-ի քարոզարշավը: Վերջին օրերին դաշնակցությունում մշտապես հավաքվում եւ քննարկում են իրենց կատարած աշխատանքը: Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները համոզված են, որ իրենց հաջողվել է հանրության շրջանում այո քարոզել: Այսօր դաշնակցականները որոշել են նաեւ հանդես գալ մամլո ասուլիսով, որի ժամանակ կներկայացնեն իրենց քարոզարշավի արդյունքները:

 

ՐԱՖՖԻՆ ՄԱՇՎՈ՞ՒՄ Է
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց մարզի բնակիչները կողմնորոշվել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցում: Մեր դիտարկմանը, թե արդեն մի քանի օր է, ինչ Ազատության հրապարակում մի քանի քաղաքական ուժեր պահանջում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկում, մեր զրուցակիցն ասաց. «Մենք հանրաքվեից հետո նորմալ արդյունքներ ենք ունենալու, քարոզարշավը շատ նորմալ է ընթացել, չեմ կարծում, որ դժգոհություն կա, ուղղակի Րաֆֆի Հովհաննիսյանը ուզում է էլի մաշվի, ով միանում է, ինչ անում է, դա մեզ չի հետաքրքրում, մենք մեր քարոզչությունն ենք իրականացրել: Էդ ամենը Սյունիքի հետ ի՞նչ կապ ունի, սյունեցիներն իրենց գաղափարը ունեն, իրենց մտածելակերպը ունեն, իրենց կողմնորոշումն ունեն: Դա որեւիցե մեկի հետ կապ չունի»:

 

ԲՀԿ-Ն 60 ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք եւս ամփոփում են սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ուղղությամբ իրենց կատարած աշխատանքները: ԲՀԿ-ականի կարծիքով, հասարակությունն այո է քվեարկելու: «Արդեն ամփոփել ենք մեր մարզային այցելությունները, մեր համակիրների հետ հանդիպումներ ենք ունեցել հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում: «Ռեալիթի շոու»-ին մասնակցում էր Միքայել Մելքումյանը, ով այցելել է մոտավորապես 60 համայնք: Կուսակցության ղեկավար կազմը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել բոլոր մարզերում, այդ թվում Երեւան քաղաքի վարչական շրջաններում: Հեռուստատեսային քարոզչությունը ԲՀԿ-ն լիարժեք օգտագործել է թե՛ անվճար, թե՛ վճարովի եթերաժամերով: Այսինքն՝ մենք մեր բոլոր ռեսուրսները միատեղել ենք, որպեսզի կարողանանք հասցնել շարքային քաղաքացուն բարեփոխումների իմաստը, կարեւորությունը: Այսօր կարող ենք ֆիքսել, որ շատ մարդիկ, ովքեր սկզբից չէին ընկալում այս բարեփոխումների կարեւորությունը, քարոզարշավի ավարտին արդեն պատկերացրեցին՝ ինչի համար է պետք բարեփոխումները»,- ասաց Բաբայանը:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ
Երեկ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Բելգրադում տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։ Նախարարները մտքեր են փոխանակել գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ։ Անդրադարձ է արվել թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի խոցման հետեւանքով ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում Նալբանդյանը նշել է, որ ինքնաթիռի խոցումը լուրջ հարված է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի համախմբմանը եւ Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացին։

 

ԿԱՇԽԱՏԵՆ ՄԻԱՍԻՆ
Երեկ Բելգրադում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ։ «Ուրախ էինք Բելգրադում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի շրջանակում հանդիպել Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Մենք կաշխատենք միասին», – այս կապակցությամբ գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 
ԿՐԿԻՆ ՓՈՐՁԵՑ
Ֆրանսիայի Ազգային ժողովը երեկ ընդունել է պատգամավոր Վալերի Բուայեի օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քվեարկությանը մասնակցած 38 պատգամավորներից 26-ը կողմ են քվեարկել նախագծին, 12-ը` դեմ: «Ժամանակն է, որ Ֆրանսիան ստանձնի այն պատասխանատվությունը, որն ունի ժողովրդավարության պահպանման հարցում: Հույս ունեմ, որ Ազգային ժողովի պատգամավորները կլինեն միասնական օրինագծի քվեարկման ժամանակ»,- քննարկման սկզբում ասել է Բուայեն: Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել:

 

ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿԸ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին` հղելով հետեւյալ հարցը. «Եթե գործող Սահմանադրության մեջ վտանգ եք տեսնում, որ «Ժառանգության» հաղթելու պարագայում Ղարաբաղի անկախության ճանաչման եւ Արեւմտյան Հայաստանի հողերի պահանջը կարող են պատերազմի հանգեցնել, ապա հետաքրքիր է իմանալ՝ նոր Սահմանադրության պարագայում, եթե «Ժառանգությունը» հաղթի, մեծամասնություն կազմի եւ դնի նույն խնդիրները, ինչպե՞ս է կանխվելու հնարավոր պատերազմը:
Ես բերեցի այս օրինակը՝ ընգծելու հակառակը՝ ներկայիս Սահմանադրությունն է, որ կարող է նախագահի մատնանշած վտանգավոր իրավիճակը կանխել, որովհետեւ արտաքին քաղաքականությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը բացառապես նախագահի իրավասություների մեջ են: Մի բան, որ նոր Սահմանադրությունում դրվում է վարչապետի եւ կառավարության վրա»:




Լրահոս