ՀԱՐՑ. Գրավատանը որպես գրավ ունեի որոշակի քանակությամբ ոսկի: Միշտ պարտաճանաչ մուծել եմ ամսական վճարվելիք բոլոր տոկոսները, բայց այս վերջին ամսում չկարողացա մուծում կատարել, եւ աշխատակիցներին խնդրեցի իմ գրավը պահել մինչեւ նշված օրը, որպեսզի գումարը ճարեմ եւ մուծեմ: Խոստացան այդպես էլ անել, բայց հետո իմացա, որ վաճառել են ինձ պատկանող ոսկին: Գրավատունն իրավունք ունի՞ առանց հաճախորդին տեղյակ պահելու վաճառել նրա ապրանքը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ գրավառուն գրավատուի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտավոր է գրավոր, պատշաճ ձեւով ծանուցել գրավատուին՝ առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին: Նույն հոդվածը սահմանում է նաեւ, որ բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իրավունք ունի իրացնելու գրավի առարկան: Այսպիսով՝ գրավատունը պետք է քաղաքացուն գրավոր ծանուցեր գրավադրված գույքի իրացման վերաբերյալ, այնուհետեւ 2 ամիս անց նոր միայն իրացներ գույքը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գրավատունը, որը ոչ միշտ է հաճախորդների իրավունքները պաշտպանում, տվյալ դեպքում խախտել է գործող կարգը: Մի բան պարզ է. թանկարժեք մետաղներ գրավադնելիս բանկերն ավելի նախընտրելի են, թեկուզ հենց ցածր տոկոսադրույքների համար: