Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված հանցավոր խմբի մասին դեռ հանրության լայն շերտերը քննարկում են՝ ինչպես են ԱԱԾ աշխատակիցները պարզել, թե նշված հասցեում զինված հանցախումբ կա, եւ ինչո՞ւ հենց նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն վնասազերծեց խմբին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերոնշյալ օրը խմբի անդամները վաղ առավոտվանից հավաքվել են առանձնատանը եւ դուրս չեն եկել, ինչը կասկածելի է եղել ԱԱԾ աշխատակիցների համար:
Առանց դիմադրության
Նոյեմբերի 28-ին արդեն ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի կալանավորված անձանց թիվը 23-ն էր: Ըստ ԱԱԾ-ի՝ խումբը ձեռք բերված զենքերը պետք է ծառայեցներ Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնելուն: Եւ ինչպե՞ս եղավ, որ ծանր ու աննախադեպ հանցագործության մեջ կասկածվողները որեւէ տեսակի զենք չկիրառեցին ուժայինների նկատմամբ: Խմբի անդամների շահերը պաշտպանող մի քանի փաստաբաններից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրավապահները մինչ առանձնատուն ներխուժելը հատուկ միջոց հանդիսացող լուսաձայնային նռնակներ են գցել տուն, որը հիմնականում կիրառում են փակ տարածքներում զինված հանցագործներին վնասազերծելու համար: Նռնակից հետո բնակարանում գտնվողները կիսաուշագնաց վիճակում են հայտնվել եւ չեն կարողացել կառավարել իրենց: Ու մինչ դուրս են եկել նռնակի արտանետումների ազդեցությունից, դիմակավորներն արդեն ձեռնաշղթաները հագցրած են եղել:
Ինչո՞ւ հենց նոյեմբերի 25-ին
Ինչպես հայտնել էր ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ-ն որոշ ժամանակ հետեւել է խմբին` հնարավոր գործողությունների մասին տեղեկանալու համար: Առանձնատան սեփականատիրոջ քույրն էլ ասել էր, որ խումբը բնակարանը վարձել է 1 ամիս առաջ: Ու այստեղ եւս հարց է առաջանում՝ ինչո՞ւ ԱԱԾ-ն մեկ ամիս առաջ չկանխեց նրանց գործողությունները` թողնելով մոտենա մինչեւ սահմանադրական հանրաքվեի օրը: «Ժողովուրդ»-ը դարձյալ փաստաբանների հետ զրույցում պարզեց, որ նշված օրը խմբի անդամները վաղ առավոտից հավաքվել են նշված հասցեով տանը եւ ողջ օրը դուրս չեն եկել, ինչը եւ կասկածներ է առաջացրել իրավապահների մոտ: Մտածել են, թե նրանք ինչ-որ գործողությունների են պատրաստվում, ու գործի անցել: Խոսակցություններ կան, որ ԱԱԾ-ն խմբի անդամների մեջ իր մարդն է ունեցել` գործակալը, որի շնորհիվ էլ կարողացել է իրավիճակին տիրապետել եւ գործը գլուխ բերել: Հիշեցնենք, որ խմբի մեջ է նաեւ Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արման Հայրապետյանը:
Ազգի «փրկիչները»
Երեկ գրել էինք, որ կալանավորված խմբի անդամներին էին հանդիպել դիտորդներ, որպեսզի կալանավորվածներից ճշտեին, թե որքանո՞վ են հիմնավոր ԱԱԾ-ի պնդումները, խմբի անդամներն իսկապե՞ս ծանր հանցագործություններ են պլանավորած եղել եւ ահաբեկիչներ են: Ի պատասխան նրանց՝ երիտասարդներն ասել են, որ իրենք ոչ թե ահաբեկիչներ են, այլ «ազգի փրկիչներ»: Պարզեցինք, որ կալանավորվածներն իրենց փաստաբաններից, ինչպես նաեւ դիտորդներից խնդրել են, որ օգնեն հանդիպել կալանավորված մյուս ընկերներին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վնասազերծված հանցավոր խմբի անդամները կալանավորվելուց հետո գտնվում են խիստ մեկուսի վիճակում: Քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված խմբի անդամներին առանձին-առանձին հատուկ խցում են պահում, միայնակ: Չի բացառվում, որ ազգային անվտանգության ծառայությունը հրահանգել է ՔԿՀ ղեկավարներին խմբի կալանավորված անդամներին ոչ միայն միմյանցից առանձին խցերում պահել, այլ ՔԿՀ-ում գտնվող մյուս դատապարտյալներից եւս հեռու պահել: Ըստ երեւույթին, ԱԱԾ-ն այս քայլին գնացել է` հնարավոր ինֆորմացիոն արտահոսքից խուսափելու համար: Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Մեզ հասած տեղեկություններով` այս օրերին, եթե կալանավորվածների հարազատները կամ փաստաբանները ցանկանում են հանդիպել նրանց հետ, ապա պարտադիր ուղեկցում են քրեակատարողական հիմնարկի պետերը:
Կալանավորվածների հարազատներից մեկը, որի անունը հարգելի պատճառով չենք հրապարակում, նույնիսկ պատմեց, որ ինքը զրուցել է իր կալանավոր բարեկամի հետ. «Ճիշտ է թույլ են տալիս հեռախոսով խոսել, բայց ներսում նախ՝ հարցնում են, թե ում հետ ես ուզում խոսել, իրենք անձամբ են հավաքում հեռախոսահամարը եւ տալիս կալանավորվածին: Եւ ողջ հեռախոսային խոսակցության ընթացքում անգամ մի վայրկյան մենակ չեն թողնում նրանց: Լսում են ողջ խոսակցությունը: Շատ խիստ պայմաններ են»:
Հավելենք, որ բոլոր 23 կալանավորվածներն իրենց հարազատների եւ փաստաբանների հետ զրույցում միաբերան կրկնել են նույն արտահայտությունը, որ իշխանությունը ժողովրդին տանում է կործանման, եւ իրենք եկել են, պետք է փրկեն մեր ազգին: Հետեւաբար իրենք չեն կարող ահաբեկիչ լինել:
Հ. Գ. Երեկ յուրային լրագրողների հետ հանդիպման ժամանակ վնասազերծված խմբի մասին է խոսել նաեւ Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով ԱԱԾ-ին ու ոստիկանությանը` հանցանքը կանխելու համար, ապա խմբին համեմատելով հոկտեմբերի 27-ի ահաբեկիչների հետ՝ ասել, որ Եգիպտոսի ինքնաթիռը պայթեցրել են ընդամենը մեկ պայթուցիկով: «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այդքան զենք-զինամթերքը 1 միլիոնանոց քաղաքում կիրառվեր, ինչ էր լինելու»,- ասել է Սերժ Սարգսյանը` հորդորելով անհամբերներին սպասել 1 ամիս` իմանալու համար նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների մասին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՀԿ-ԱԿԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 1-ին ՀՔԾ-ի կողմից ձերբակալված Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանը երեկ կալանավորվել է:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գործը հսկող դատախազը հրահանգել է մեղադրանք առաջադրել տրանսպորտի եւ կապի նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանի թիմակից Զավեն Միրիջանյանին եւ խափանման միջոց ընտրել կալանավորումը: Տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից` հավելելով. «Տեղեկացնում ենք, որ ի կատարումն քրեական գործով նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ցուցումի՝ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա նախաքննության մարմնի կողմից 2015թ. նոյեմբերի 30-ին ձերբակալվել է Երեւան քաղաքի թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանը: Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2015թ. դեկտեմբերի 2-ին ցուցում է տրվել նախաքննության մամնին՝ Զավեն Միրիջանյանին քրեական գործով հավաքված ապացույցների բավարար համակցության հիման վրա ներգրավել որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար եւ միջնորդություն ներկայացնել դատարան՝ Զավեն Միրիջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ քրեական գործ հարուցելու հիմքում ընկած է տեսագրությունը, որտեղ թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասի հանձնաժողովի անդամ Զավեն Միրիջանյանը փորձել է կաշառել ՀԱԿ հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին: Իսկ ի՞նչ պետք է աներ ՀԱԿ անդամը, եթե վերցներ կաշառքը: Ըստ ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի՝ նա կաշառքի դիմաց պետք է իր լիազորությունները որոշակի ժամանակահատվածում չկատարեր` հնարավորություն տալով ընտրակեղծիքներ իրականացնել:
Այսպիսով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փաստացի դուրս եկավ Գագիկ Բեգլարյանի դեմ: Հուսանք, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո իրավիճակ չի փոխվի, եւ բազում ընտրությունների կեղծիքների մեջ մասնակցություն ունեցած Զավեն Միրիջանյանին չենք տեսնի ազատության մեջ: Նրա մասին՝ որպես ընտրակեղծարարի, մամուլը նախկինում գրել էր:
Ք. Մ.
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարները Բելգրադում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում, ԼՂ հակամարտության հետ կապված համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում ասված է. «Մենք աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների միջեւ հանդիպման անցկացմանը, որը կազմակերպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վերջին շրջանում տեղի ունեցող սրացումների ֆոնին մենք կոչ ենք անում կողմերին՝ դարձյալ ցուցաբերել հավատարմություն հակամարտության խաղաղ կարգավորմանը ու բանակցությունների ճանապարհով ցրել ամեն տեսակի անլուրջ ու ոչ հավաստի պատկերացումները: Կողմերը պետք է 2016 թվականին շարունակեն ինտենսիվ երկխոսություն վարել հակամարտության բազմակողմանի կարգավորման շուրջ, որը 2014թ. անցկացվել էր Սոչիի, Ուելսի ու Փարիզի հանդիպումների ժամանակ: Համանախագահները ներկայացրել են առաջարկություններ՝ կապված ռիսկերի նվազեցման հետ: Հուսով ենք՝ կողմերը կընդունեն այդ որոշումը՝ ներառելով ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՆՈՒՅՆ ԵՐԳԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է սկսվի հայկական զորքերը դուրս բերելով Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ-ն: Երեկ հերթական անգամ նման հատարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Բելգրադում անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում: Նա նշել է, որ վերջերս ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը, որը հավանության էր արժանացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, կարող է ներգրավվել հակամարտության կարգավորման հարցում:
ԽԱԽՏՈՒՄ ԵՆ
Դեկտեմբերի 2-ին եւ լույս 3-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ԲՐԻՏԱՆԻԱՆ ԷԼ ՄԻԱՑԱՎ
Բրիտանացի օրենսդիրները նախօրեին կողմ են քվեարկել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում ամերիկյան օդուժին միանալու առաջարկին, եւ Associated Press-ի փոխանցմամբ` երեկ Մեծ Բրիտանիան առաջին ավիահարվածներն է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Բրիտանական ՌՕՈւ «Տորնադո» 2 ինքնաթիռները բաց են թողել 6 ռումբ, որից հետո բարեհաջող վերադարձել են Ակրոտիրի ավիաբազա: