ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԼԵՄԱՆԵՐԸ – 4

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մնացել է երկու օր, եւ արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ այս քվեարկությունը չի տարբերվելու նախորդներից: Անկախ գրանցվելիք արդյունքներից` մի բան հստակ է. խորհրդարանական կառավարումը չի կարող արդյունավետ լինել կուսակցական համակարգ չունեցող երկրում:

Այն, որ խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանի համար ամենեւին էլ դրական ապագա չի խոստանում, փաստում է պատմությունը: ԽՍՀՄ անկումից հետո Հայաստանում առաջացան կուսակցություններ, որոնք հիմնված էին անձերի կամ բարձր պաշտոն ստանալու փափագի վրա: Գաղափարական հենք ունեցող կուսակցությունների բացակայությունը հստակորեն խաթարում է խորհրդարանական համակարգը: Դրա վառ վկայությունը հենց Իտալիան է, որտեղ Ներկայացուցիչների պալատում ներկայացված են 10, իսկ Սենատում` 9 խմբակցություններ: Այսպիսի ժողովրդավարությունը վատ եւ ոչ պրոֆեսիոնալ կառավարման պարագայում անխուսափելիորեն հանգեցնում է անիշխանության, եւ արդյունքում կառավարության գործունեության արդյունավետությունը նվազում է, իսկ քաղաքական դաշտը վերածվում է քաոտիկ խառնաշփոթի, ինչպես հենց նույն Իտալիայում:
Իսկ, ահա, Հայաստանում գաղափարական հենքով կուսակցական համակարգ ստեղծելու տապալված փորձը եղավ 1990-ականներին: ՀՀՇ-ի ու Կոմկուսի միջեւ ծավալված գաղափարական պայքարին հաջորդեցին նույնօրինակ հակասությունները հենց ՀՀՇ-ի ներսում եւ արդյունքում ծագեց ՀՀՇ-ԱԺՄ հակադրությունը: ՀՀՇ-ն գաղափարական հակադրության մեջ էր նաեւ ՀՅԴ-ի հետ: 1995թ. խորհրդարանական ընտրություններում իշխանությունը ներկայացնող «Հանրապետություն» միավորումը հավակնում էր դառնալ աջ ուժերի լոկոմոտիվը, իսկ Տեր-Պետրոսյանը կանխատեսում էր, որ ձախ եւ մարգինալ բլոկների ձեւավորումից հետո քաղաքական ինստիտուտները Հայաստանում վերջնականապես ձեւավորված կլինեին: Սակայն 1998թ. հունվարին հաշված ժամերի ընթացքում «Հանրապետությունը» դարձավ փոքրամասնություն: Արհեստականորեն ձեւավորված «Միասնություն» դաշինքն էլ հոկտեմբերի 27-ից հետո պառակտվեց ու եկավ կուսակցական համակարգի անապատացման շրջափուլը, որ ծաղկում է նաեւ մեր օրերում: Հատկանշական է, որ ՀՀՇ-ի կորիզը՝ ի սկզբանե ձեւավորված գաղափարական հենքի վրա, իշխանություն լինելով հանդերձ` տուրք էր տալիս գաղափարական հակադրությանը, ինչով եւ բացատրվում է ՀՀՇ-ԱԺՄ եւ ՀՀՇ-ՀՅԴ պայքարը: «Միասնություն» դաշինքն էլ կառուցված էր բացառապես Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի անհատականությունների վրա եւ միայն բանակն իր թիկունքում ունենալով էր պահում իշխանությունը: Քոչարյանը գաղափարական գործիչ չէր, ուստի կայացած կուսակցական համակարգ նրան ամենեւին հարկավոր չէր, ինչի պատճառով էլ սկսեց մեկիկ-մեկիկ քանդել ու մանրացնել ցանկացած միավորում: Սերժ Սարգսյանը շարունակեց կուսակացությունները մասնատելու ծրագիրը այն տարբերությամբ, որ այդ բեկորները չի թողնում գետնին, այլ կենտրոնացնում է իր ամպհովանու տակ:
Արդյունքում` այս պահին Հայաստանում կայուն ընտրազանգված ունեցող կուսակցություն որպես այդպիսին չկա, թերեւս բացի ՀԱԿ-ից ու ՀՅԴ-ից, այն էլ խոսքը ոչ ավելի, քան 3-6 տոկոսի մասին է: Ամենից հետաքրքիրն այն է, որ խորհրդարանական համակարգը քարոզում են կուսակցությունները թաշկինակի պես փոխած, օրվա նախագահին աստված համարող, կերակրատաշտին ամեն գնով մոտ լինելու մարմաջով անսկզբունքային գործիչները, որոնք Կոմկուսի, ՀՀՇ-ի, ՀՀԿ-ի անդամատոմսերը շարունակում են թաքցնել պահարանում` հայտնի ֆիլմի` «ՏտÿՑՖ ՉսՈրՑՖ ՎպվÿպՑրÿ» լոզունգով: Արդ, նման քայքայված, առանց փողի համակիրների խնդիր ունեցող, ապագաղափարական կուսակցություններով խորհրդարանական կառավարման ենք անցնում: Եթե անգամ վեր կանգնենք Սերժ Սարգսյանի` գենսեկ դառնալու տեսությունից եւ կենտրոնանանք զուտ խորհրդարանական կառավարման վրա, ակնհայտ է, որ դրա կարեւորագույն բաղադրիչը համարվող կուսակցական համակարգը Հայաստանում գոյություն չունի: Ուստի խորհրդարանական կառավարումը այսպիսի պայմաններում բացի վնասից, որեւէ այլ արդյունք չի ունենա:
Սահմանադրական փոփոխությունների ամենակարեւոր հանգամանքը, սակայն, այն է, որ նախաձեռնողը` Սերժ Սարգսյանը եւս դեմ է խորհրդարանական համակարգին: Դեռեւս 2014թ. ապրիլին Սարգսյանը հայտարարեց, որ ինքը նախընտրում է կիսանախագահական համակարգը, իսկ արդեն 2015թ. մարտին պնդեց, որ խորհրդարանական համակարգը չի ապահովում Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգությունը: Սա ակնհայտորեն անբնական իրավիճակ է, որովհետեւ չի կարող գործընթացի նախաձեռնողն անձամբ դեմ լինել դրան: Ավելին` Սերժ Սարգսյանի կուսակիցները, որ նրա որոշումներին անգամ խեթ հայացք ձգելու իրավունք չունեն, պարզվում է՝ սոխակ են դարձել ու գովում են իրենց առաջնորդին մտահոգություն պատճառող համակարգը: Կասկած չկա, որ ՀՀԿ-ականները հրապարակային ասում են այն, ինչ ցանկանում է Սերժ Սարգսյանը: Ստացվում է, որ կա՛մ Սարգսյանը անկեղծ չէ իր հրապարակային պնդումներում, կա՛մ ՀՀԿ-ականները վերջապես հաղթահարել են իրենց սարսուռը Սերժ Սարգսյանից: Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանը լիովին կողմ է խորհրդարանական համակարգին, քանզի հակառակ դեպքում այդ նախաձեռնությամբ հանդես չէր գա: Չի գտնվի գեթ մեկ մարդ, որ հավատա, թե իբր Գագիկ Հարությունյանն ու իր հանձնաժողովը կարողացել են համոզել Սերժ Սարգսյանին խորհրդարանական կառավարման արդյունավետության մեջ: Պարզապես, այս համակարգով Սերժ Սարգսյանն իրեն դարձնում է անփոխարինելի, իսկ ժողովրդին` ՀՀԿ-ի տատի, որ օրուգիշեր պիտի աղոթի իր համար: Այս ամենի մեջ հստակ է միայն մեկ բան` այո-ի հաղթանակի դեպքում դեկտեմբերի 7-ին արթնանալու ենք նեո-սովետական Հայաստանում` «վերջիբոլշեւիկյան» վատագույն ավանդույթներով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
«ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ ՉԿԱԱԱ…»

ՀՀ Շիրակի մարզի Բասեն գյուղում դեկտեմբերի 6-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Համլետ Պետրոսյանը եւ անկուսակցական Սեւակ Սաֆարյանը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Բասենի գործող գյուղապետ Համլետ Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, գյուղում նախընտրական մթնոլորտը լարվա՞ծ է:
-Ես իմ գյուղացուն ինչո՞ւ լարվածության մեջ գցեմ: Չէ՞ որ վերջնական որոշումը ժողովուրդինն է: Ես երեկ նախընտրական քարոզս ավարտեցի, եւ բնակիչները, չնայած եղանակային վատ պայմաններին, մասնակցեցին, մի մարդու պես հավաքվել էին:
-Նախընտրական քարոզարշավին ի՞նչ խոստացաք բասենցիներին:
-Ոչ մի բան չեմ խոստացել. ես ութը տարի է՝ համայնքի ղեկավար եմ, բայց երբեւէ խոստումներ չեմ տվել:
-Առաջադրված մյուս թեկնածուի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:
-Ես ոչ մեկի հետ խռով չեմ, ոչ ոքի հետ խնդիր չունեմ: Մարդիկ կան, ովքեր շահագրգռված են, որ ընտրությունները լարված անցնեն: Բայց դա իմ ոճը չէ: Չեմ ուզում այդ մասին խոսել:
-Դուք ՀՀԿ-ական եք եւ առաջադրվել եք կուսակցության կողմից:
-Մեր գյուղում կուսակցությունով ընտրել չկա: Ես ՀՀԿ-ական եմ, բայց գյուղացին ընտրությանը մասնակցելիս չի նայում, թե Սամվելի տղեն ՀՀԿ-ական է, որ ընտրի: Ոչ: Իմ հորն են ճանաչում. հերս մահացած է, բայց հորս ճանաչելով են ինձ ընտրում: Գյուղերում ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ չկաա…, չի անցնում: Ու ինձ միշտ ընտրել են՝ իմ ծնողներին հարգելով:
-Դեկտեմբերի 6-ին, Բասենում կանցկացվի նաեւ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն…
-Ես ամենայն անկեղծությամբ կասեմ, որ մարդիկ իրազեկված չեն սահմանադրական փոփոխություններից, հանրաքվեից: Անընդհատ մոտենում են, հարցեր տալիս, ես էլ, որքան հասկացել եմ, նույնն էլ իրենց եմ փոխանցում: Բայց միեւնույն է՝ մայր օրենքը փոխելով՝ երկրի վիճակը չի լավանա: Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր երկրի տնտեսական, նյութական վիճակը կապված է դրսի հետ:
-Այնուամենայնիվ, բասենցիները այո՞ են քվեարկելու, թե՞ ոչ:
-Ձեր կարծիքով՝ գյուղացին բանուգործ չունի, պետք է նստի Սահմանադրություն քննարկի՞: Գյուղացուն ընդհանրապես դա չի հետաքրքրում, իսկ ում էլ որ հետաքրքրում է, կգա ու այդ օրը կքվեարկի: Գյուղի մեծ մասը այս հարցում պասիվ է: Ախր, մայր օրենքը բրոշյուր չէ, որ կարդանք ու ամեն ինչ պարզ դառնա: Կան բազմաթիվ ենթակետեր, որոնք մարդիկ չեն կարողանում հասկանալ, դրա համար էլ պասիվ են:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
60 ԿԳ ՊԱՅԹՈՒՑԻԿՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԷՐ
Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Գագիկ Մխիթարյանին մաքսանենգության մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ 2015թ. հուլիսի 16-ին Վրաստանում, չպարզված հանգամանքներում, նա ձեռք է բերել ընդհանուր 60 կգ քաշով ռազմական նշանակության արտադրանք չհամարվող «Սոկոլ» տեսակի անծուխ վառոդ հանդիսացող պայթուցիկ նյութ եւ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, այդ պայթուցիկ նյութը մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով տեղափոխման համար սահմանված հատուկ կանոնները խախտելով` Բագրատաշենի մաքսակետով տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն: Սակայն նա նույն օրը հայտնաբերվել է ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից: Գագիկ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորվել է եւ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Գագիկ Մխիթարյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի դեկտեմբերի 8-ին: Հետաքրքիր է` 60 կգ պայթուցիկ նյութը բագրատաշենցի գործարար Գագիկ Մխիթարյանին ինչի համար էր հարկավոր, որ այն անօրինական կերպով, մաքսանենգությամբ ներկրել է Վրաստանից: Հավանաբար այս հարցի պատասխանը պարզ կդառնա դատավարության ընթացքում:

 

ՎԵՐՍՏԻՆ ԽՈՍՏԱՑԱՎ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Իրենց տներից զրկված բնակիչների կողմից բարձրացվել է գումարային փոխհատուցման փոխարեն մայրաքաղաքի կենտրոնից դուրս գտնվող թաղամասերում բնակարանների տրամադրման վերաբերյալ կառուցապատողի առաջարկի, ինչպես նաեւ բնակարանների վարձակալության գումարի հատկացման, փոխհատուցման հետ կապված հարցեր: Զեկուցվել է, որ 16 բնակարան արդեն տրամադրվել է գինու գործարանին հարող տարածքի նորակառույց շենքից, ինչպես նաեւ ամբողջությամբ փոխհատուցվել է 11 ընտանիքի բնակարանների գումարը, եւս 24-ի փոխհատուցման տրամադրման հարցն ընթացքի մեջ է: Վարչապետ Աբրահամյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ բնակիչներին հուզող խնդիրները գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում եւ կառավարությունն իր հնարավորության սահմաններում կփորձի հարցին որոշակի լուծում տալ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան մարմիններին հստակեցնել ցուցակները եւ հաջորդ շաբաթ ներկայացնել քննարկման:

 

ԱՆԵԼ ԱՎԵԼԻՆ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամներին հորդորել է անել ավելին ահաբեկիչների դեմ պայքարում: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները նոր «ճնշումային ուժեր» կտեղակայի Իրաքում եւ Սիրիայում՝ ուժեղացնելով պայքարը «Իսլամական պետության» դեմ:




Լրահոս