«Ջեզլ» եւ «Վաղորդյան կաթիլներ» խմբերի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Նաիրա Գյուրջինյանին հեռուստադիտողները հիշում են երաժշտական նախագծերից, որտեղ նա ներկայանում էր ժյուրիի կազմում: Այսօր արդեն վերջինս ժամանակ չի գտնում նման նախագծերի համար, սակայն բոլորս էլ հիշում ենք «Հայ սուպեր-սթար» նախագծի անդամներից ամեն մեկի ելույթի հետ նրա ունեցած ապրումները: «Ժողովուրդ»-ը Նաիրա Գյուրջինյանին խնդրել է անդրադառնալ նրանցից մի քանիսի ներկայիս գործունեությանը, տարիների բովով նայել մասնակիցների անցած ուղուն:
-Տիկի՛ն Գյուրջինյան, ժամանակը հայսուպերսթարցիներից ամեն մեկին տարել է տարբեր ուղղությամբ: Փորձենք տեսնել, թե նրանցից ովքեր ինչ ուղի են բռնել…
-Այո, ես կցանկանայի սկսել Գրիգոր Կյոկչյանից, ով երգարվեստում իր առաջին քայլերն արել է հենց այս նախագծի շրջանակներում: Մեզ մոտ եկավ մի երիտասարդ, որն անգամ չգիտեր, թե իրեն բեմում ինչպես պահեր, ձեռքերն ուր դներ: Ես այդ ժամանակ պրոդյուսեր էի, անընդհատ ասում էի. «Ձեռքերդ քեզ խանգարում են, դի՛ր գրպանդ»: Հիմա ակնհայտ կերպով զգացվում է նրա աճը, Գրիգորը գտնվում է շատ հուսալի ձեռքերում, Արթուր Գրիգորյանի կողքին է: Նա շատ երաժշտական տղա է, ուրախ եմ, որ նաեւ երգեր է գրում:
-Իսկ ի՞նչ կասեք, օրինակ, Միհրան Ծառուկյանի, Լիլիթ Հովհաննիսյանի մասին:
-Ճիշտն ասած` Միհրանին վաղուց չեմ լսել, ես անգամ չգիտեմ` հիմա նա միայն նկարահանվում է, թե նաեւ երգում է, ուստի ոչինչ ասել չեմ կարող: Իսկ ինչ վերաբերում է Լիլիթին, ասեմ, որ վերջերս նրա տեսահոլովակն էի դիտում, նա ինչ-որ մեքսիկական երգ էր երգում: Լիլիթն, իհարկե, շատ տաղանդավոր աղջիկ է, նա Երգի պետական թատրոնում սովորում էր ինձ մոտ, ես եմ իրեն ստիպել, որ մասնակցի «Հայ սուպեր-սթար»-ին, ասացի. «Գնա՛, դու պետք է գնաս, դա քեզ համար կլինի տրամպլին»: Լիլիթը շատ ընդունակ է, երաժշտական, բայց այն ժամանակ ամաչկոտ էր, հազիվ էի բրդում բեմ, իսկ հիմա տեսնում եմ, որ բացվել է, շատ տեսահոլովակներ է նկարահանում: Ու թեեւ սա շոու-բիզնես է, եւ ամեն մեկն ինքն է ընտրում իր ուղին, ես պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ իմ ականջին թվում էր, թե Լիլիթը Տաթեւիկ Հովհաննիսյանից հետո կդառնար լավագույն ջազ երգչուհին, եթե ուրիշ ուղի բռներ: Բայց նա գնաց այլ ճանապարհով, երեւի իր համար դա էր ճիշտ տարբերակը, ամեն դեպքում, այն ոճը, որը նա ներկայացնում է, ինձ այդքան էլ հոգեհարազատ չէ:
-Աստղիկ Սաֆարյանը, կարծես, յուրահատուկ ձեռագիր ունի…
-Չնայած նա Իսպանիայում է, միշտ փորձում է «ջրի երեսին լինել», աշխատում է, գրում է երգեր, նկարահանում տեսահոլովակներ: Նա շատ յուրօրինակ երգչուհի է, «չամիչ» է: Տարբերվում է իր եվրոպական մտածելակերպով, թեկուզ իր իմիջով: Ես չէի ասի, թե նա հզոր ձայն, մեծ դիապազոն ունի, բայց իր ձեւի մեջ հետաքրքիր տեսակ է:
-Սուրեն Առուստամյանը, որքանով տեղյակ ենք, ԱՄՆ-ում է:
-Այո, նա այնտեղ նվագում է լավագույն խմբերի հետ, աշխատում է առաջնակարգ ստուդիաներում, բարձրակարգ երաժիշտների հետ: Չգիտեմ` իր գործունեությունն ինչ ընթացք կստանա, բայց շատ կցանկանայի, որ նա հեռուն գնար, եւ եթե ինքը ցանկանա, կգնա: Հիշում եմ, որ Սուրենը շատ համեստ էր, երբեք իր ամբիցիաներն իրենից առաջ չէին ընկնում: Մի անգամ Սուրենի ելույթից հետո ասացի. «Իհարկե, ֆալշեր կային, բայց դրանք ականջ շոյող ֆալշեր էին»: Հետո սաներս նեղացած ինձ հարցնում էին, թե ինչ է նշանակում «ականջ շոյող ֆալշ»: Բանն այն է, որ երբ երաժիշտը հոգով է կատարում, այդ ֆալշը դու արդեն չես զգում, դա շատ հեշտ է ուղղել, բայց հոգուն չես կարող երգացնել, եթե այն չի երգում:
-Իվետա Մուկուչյանն այսօր, արդեն, պատրաստվում է «Եվրատեսիլ»-ին…
-Երբ նա նոր էր ընդգրկվել նախագծում, վոկալի վրա աշխատելու շատ տեղ ուներ, բայց ինձ միշտ զարմացնում էր իր աշխատասիրությունը: Իվետան աշխատում էր օրը 24 ժամ, եթե մենք իր առջեւ որեւէ հանձնարարական էինք դնում, այս երգչուհին պետք է աներ մաքսիմալը. մաքսիմալիստ էր: Ես Իվետային շատ էի նկատողություն անում, հասկանում էի, որ եթե նրա բացթողումները չշեշտեմ, ինքը չի աշխատի: Իվետան այն երգչուհին էր, որին պետք է ճիշտն ասեիր, որ տեղում չդոփեր: Նա այն հազվադեպ հանդիպող մասնակիցներից էր, որ լսում էր մեր նկատողությունները եւ փորձում էր շտկել ամեն մի թերություն: Իվետան շատ կրեատիվ է, նա ինքն էր ոճաբաններին թելադրում իր ոճը: Կարծում եմ` եթե հետաքրքիր երգ լինի, նա «Եվրատեսիլ»-ում լավ կներկայանա, կոպիտ ասած` «բեմ կերած» աղջիկ է, եւ այն երգչուհիներից է, որը վախ չունի: Չմոռանանք, որ նա մասնակցել է նաեւ «Գերմանիայի ձայն» երաժշտական մրցույթին եւ հաջողություններ գրանցել: Այսինքն` միջազգային ասպարեզում հանդես գալու փորձ ունի:
-Սուսաննա Պետրոսյանը, կարծես, ասպարեզում քիչ է երեւում…
-Սուսաննան շատ ինտելիգենտ աղջիկ է, գրագետ եւ զուսպ, ուղղակի հրաշք: Նա շատ է աշխատում, պարզապես մյուսների պես հաճախակի տեսահոլովակներ նկարահանելու հնարավորություն չունի: Նա հաճախ հանդես է գալիս ակումբներում, երգում է «Երգ երգոց»-ում: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ Սուսաննան աշխատում է երաժշտական դպրոցում, իսկ նա, ով կարողանում է աշխատել երեխաների հետ, կիսվել իր փորձով, ամենամեծ մարդն է:
«ԱՅՍ ՔՆՆԱՐԿՄԱՄԲ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է, ՈՉ ԹԵ ԱՎԱՐՏՎՈՒՄ»
Նոյեմբերի 30-ից Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում իր աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, քննարկել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ, որոնց թվում էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի` «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը:
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս հանգամանքի շնորհիվ, գուցե, փոխվի մարդկանց վերաբերմունքը ազգային մշակույթի նկատմամբ. «Գուցե սա որոշ մարդկանց` հատկապես պետական այրերին, որոնք ոչ մի ուշադրություն չեն դարձնում ազգային մշակույթին, վերադարձնի այն զգացողությունը, որ մենք ունենք հզոր մշակույթ»,-նկատեց նա:
Գ. Գինոսյանի համոզմամբ այս եւ մյուս ավանդական պարերը մեր մտավորականության, մշակութային քաղաքականություն իրականացնող գործիչների կողմից ամեն կերպ պետք է օգտագործվեն եւ պրոպագանդվեն: Նրա խոսքով` ժողովրդի մի ստվար զանգված չգիտի քոչարի պարել, տեղյակ չէ պարի ծագումնաբանությունից. «Եթե մենք այս եւ մյուս ազգային, ավանդական պարերը չվերադարձնենք կենցաղ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստում հայտի քննարկումը մեզ ոչինչ չի տա»:
Մեր այն հարցին, թե գուցե նման քննարկումներից, դրանց տված արդյունքներից հետո Ադրբեջանը վերջապես դադարի հայտարարել, թե քոչարին իրենց ազգային պարն է, Գ. Գինոսյանը պատասխանեց. «Մի ժամանակ Ադրբեջանը տեսանյութեր էր տարածել, որտեղ ներկայացնելով «պլաստմասե քոչարի»` դպրոցական տարիքի երեխաների շուրթերով փորձում էր վստահեցնել, թե իբր քոչարին իրենց ազգային պարերից է: Եթե նույնիսկ վերոնշյալ քննարկումները դրական եւ վերջնական արդյունք տան, Ադրբեջանն էլի մեզ հանգիստ չի թողնի, այդ ժամանակ նա մեկ ուրիշ վայնասուն կբարձրացնի, կարող է, օրինակ, ասել, թե Արցախը Ադրբեջանինն է, ուստի Ադրբեջանի տարածքում պարել են նման պար: Այդպես է` մշակույթ չունեցող ազգերը կառչում են ուրիշներից խլված մշակույթից: Այս քննարկումներով ամեն ինչ սկսվում է, ոչ թե ավարտվում»:
Նշենք, որ հայաստանյան պատվիրակության ներկայացրած փաստարկների շնորհիվ կոմիտեն վերանայել է փորձագիտական խմբի նախնական որոշումը: Կոմիտեի անդամների, փորձագետների եւ ՀՀ պատվիրակության անդամների միջեւ ծավալված քննարկումների արդյունքում կոմիտեն հաստատել է, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսեւորում, տարածված է Հայաստանում եւ սփյուռքում: Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՊԱՊԻԿ Է ԴԱՐՁԵԼ
Ձմռան առաջին ամիսը առանձնահատուկ կերպով նշանավորվել է դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի կյանքում. նա պապիկ է դարձել: Այս մասին վերջինս տեղեկացրել է Facebook սոցցանցի իր էջում` գրելով, որ ծնվել է տղա` կրտսեր Հրանտ Թոխատյանը: Այսինքն` նորածնին անվանակոչել են պապիկի պատվին:
Նշենք, որ փոքրիկը Հ. Թոխատյանի առաջին թոռնիկն է: Նա դերասանի ավագ որդու` Արամի առաջնեկն է:
ՀՈՐԻՑ` ՈՐԴՈՒՆ
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի: Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը թատրոնի ստեղծագործական կազմին է ներկայացրել Մհեր Մկրտչյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով նորանշանակ գեղարվեստական ղեկավարին` քաղաքապետի տեղակալը մաղթել է նրան ստեղծագործական հաջողություններ: Միաժամանակ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին գեղարվեստական ղեկավարին թատրոնին մատուցած ծառայությունների համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Նշենք, որ Մհեր Մկրտչյանը ոլորտում աշխատելու տարիների փորձ ունի: Նա թատրոնի անվանակիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի եղբորորդին է, Ալբերտ Մկրտչյանի որդին:
ՄԵՐԺԵԼ ԵՆ
Ամերիկացի հայտնի r՚n՚b կատարող Քրիս Բրաունը չեղարկել է Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում կայանալիք համերգային շրջագայությունները, քանի որ այդ երկրներ այցելելու համար համապատասխան այցագիր չի ստացել: Al Arabiya-ի փոխանցմամբ` այդ երկրների միգրացիոն ծառայությունները հրաժարվել են երգչին վիզա տրամադրել` պատճառաբանելով նրա դատվածության փաստն ու վատ համբավը: Ամեն դեպքում, Բրաունը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին, ովքեր ձեռք էին բերել համերգի տոմսեր: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի համերգներով հանդես գալ այդ երկրներում: