ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ Երեւանում նման իրավիճակում է հայտնվել երթուղայիններից մեկը: Երեւի այս ամենն այլեւս հանրության համար զարմանալի չէ, եւ արտառոց բան չկա, քանի որ երթուղայինների մեծ մասը նման անսարք վիճակում է գտնվում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ մինչեւ 18 տարեկան օտարերկրացիները ո՞ր դեպքերում կարող են մուտք գործել Հայաստան, եւ կցանկանայի իմանալ, թե որքա՞ն ժամանակ կարող է առանց մուտքի վիզայի Հայաստան ժամանելու իրավունք ունեցող օտարերկրացին Հայաստանում գտնվել:
Նարինե Մանուկյան (37 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մինչեւ 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստան իրենց ծնողների, ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ կամ միայնակ, եթե գալիս են Հայաստան իրենց ծնողների, ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն: Միաժամանակ հայտնում ենք նաեւ, որ այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստան ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով, մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ առանց անձնագրի կամ անվավեր անձնագրով ՀՀ պետական սահմանի անցման կետ ժամանած կամ ՀՀ պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում ՀՀ տարածք, եւ հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն:
ՀԱՐՑ. Ես աշխատում եմ դպրոցում, բայց իմ դրույքը (աշխատաժամանակը) պակաս է մեկ դրույքից (նորմալ աշխատաժամանակից): Խնդրում եմ ասեք՝ այս դեպքում սոցիալական փաթեթից օգտվելու ինչպիսի՞ սահմանաչափ է կիրառվում ինձ համար:
Լիլիա Բադալյան (30 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Բադալյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն՝ կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի) աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի գումարի կեսը):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատողը տվյալ տարում կարող է օգտվել միայն տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի ծառայություններից: Փոխհատուցման ենթակա են միայն տվյալ տարում կատարված ծախսերը: Ի դեպ, ընթացիկ տարում սոցիալական փաթեթի չօգտագործված դրամական միջոցները բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտին փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Սոցիալական փաթեթի համար հատկացվող գումարը վերաբաշխման ենթակա չէ: Նշենք նաեւ, որ սոցիալական փաթեթից օգտվելու համար հատկացումներն իրականացվում են բացառապես անկանխիկ ձեւով` համապատասխան գումարը փոխանցելով ծառայություն մատուցող կազմակերպության բանկային հաշվին: