ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին ողջ աշխարհը նշում է հաշմանդամների միջազգային օրը: Այդ օրվա խորհուրդն այն է, որ կառավարությունները եւ, ընդհանրապես, հասարակության յուրաքանչյուր անդամ եւս մեկ անգամ հիշի` իր կողքին ապրում են սահմանափակ հնարավորություններով մարդիկ, որոնք ունեն հավասար իրավունքներ:
Այդ օրվա առիթով Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ուղերձներ էին տարածել: Սակայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, հավանաբար օրիգինալ երեւալու համար, որոշել էր շնորհավորել հաշմանդամներին: Այո, այո, չկարծեք՝ թյուրիմացություն է: Նախարարի շնորհավորանքում բառացի նշված է. «Շնորհավորում եմ հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ նրանց լինել ակտիվ, նախաձեռնող եւ իրենց կարողությունների չափով մասնակցել մեր հայրենիքի կառուցման եւ հզորացման գործին»: Ակնհայտ է, որ Ղազարյանը ոչ միայն օրվա խորհուրդը չի ընկալել, այլ նաեւ չգիտի, թե ինչ ասել է հաշմանդամ, եւ ամենակարեւորը` չի կարելի նրանց այդ առիթով շնորհավորել: Մեզ մնում է ցավակցել Գաբրիել Ղազարյանին, որ նա զրկված է հաշմանդամի օրվա կապակցությամբ իր գործընկեր պաշտոնյաներից շնորհավորանքներ ստանալու հնարավորությունից:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ղեկավարությունը որոշել է խորհրդարանի շարքային աշխատակիցներին ամանորից վճարվող «պրեմյան», որն ընդունված է անվանել «13-րդ աշխատավարձ», այս անգամ չի տրվելու, ինչպես նախորդ տարիներին: Ըստ այդ լուրերի՝ «պրեմյա» կստանա միայն ԱԺ ղեկավար կազմը: Երեկ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել տարածված լուրերի իսկությունը: «Պրեմյան դա պարգեւատրման ձեւ է: Ես այս պահին չեմ կարող ասել, թե որ աշխատողն է լավ աշխատանքի համար նոյեմբերին ստացել դրամական պարգեւատրում: Պարգեւատրումները տրվում են աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ առաջադիմության կամ առանձին հանձնարարությունները լավագույնս կատարելու համար: Ասել, թե միայն ծառայողական որեւէ խմբում գտնվող աշխատողներն են ստացել պարգեւատրում, ճիշտ հարցադրում չէ»,-պատասխանեց Արսեն Բաբայանը:

 

 

 
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին Հայաստանում չէ: Նա զբաղված է իր բիզնես ծրագրերով, եւ տեւական ժամանակ է՝ լքել է Հայաստանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ նախկին առաջնորդի մամուլի քատուղար Իվետա Տոնոյանից պարզել, թե որտեղ է գտնվում Գագիկ Ծառուկյանը ու ինչու է այդքան երկար ժամանակով մեկնել: «Դրսում պարոն Ծառուկյանը գտնվում է մասնավոր այցով, նրա այցն արտերկիր մասնավոր բնույթ է կրում, ես որեւէ այլ բան չեմ կարող ասել»,- պատասխանեց Տոնոյանը: Մեր դիտարկմանը, թե երբ է Ծառուկյանը վերադառնալու Հայաստան, պատասխանեց, որ կոնկրետ որեւէ օր չի կարող ասել: Առավել հավանական է, որ Գագիկ Ծառուկյանը մինչեւ դեկտեմբերի 6-ը չի վերադառնա եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին չի մասնակցի, որպեսզի որեւէ դիրքորոշում չարտահայտի:

 

 

 
«Ժողովուրդ»-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած հաշվետվությունից հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ միայն այս տարվա ինն ամիսների մաքուր շահույթը կազմում է ավելի քան 31 միլիարդ դրամ: Իսկ մինչեւ տարեվերջ, եթե ՀԷՑ-ում արտակարգ պատահարներ տեղի չունենան, ապա այս ընկերությունը տարին կփակի մոտ 100 միլիոն դոլար մաքուր շահույթով: Հիշեցնենք, որ երբ այս տարվա գարնանը ՀԷՑ-ը եւ ՀՀ իշխանությունները նախաձեռնեցին սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու գործընթացը, իրենց քայլը պատճառաբանում էին, իբր ՀԷՑ-ը վնասով է աշխատում: Սակայն այսօր արդեն վերը բերվածից ակնհայտ է դառնում, որ այս ընկերությունը ոչ միայն վնասներով չի գործում, այլ նաեւ գերշահույթով է աշխատում: Ի դեպ, նշենք նաեւ, որ այս տարվա ինն ամիսներին ՀԷՑ-ի կողմից սպառողին մատակարարված էլէներգիայի 91 տոկոսը եղել է, այսպես կոչված, էժան էլեկտրական էներգիան, որն արտադրվում է Հայաստանի ատոմակայանի եւ մեծ ու փոքր ՀԷԿ-երի կողմից: Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ը 5-ից 8 դրամով գնված էլէներգիան սպառողին վաճառել է 49 դրամով:

 

 

 
ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները դիմել էին ՀՀ մշակույթի նախարարությանը Օպերայի հրապարակում վրաններ տեղադրելու թույլտվության խնդրանքով, որը, սակայն, մերժվեց մշակութային հուշարձանները վնասելու անհեթեթ պատճառաբանությամբ: Երեկ էլ այդ կապակցությամբ լրագրողների հարցին ի պատասխան՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փորձել է հիմնավորել նախարարության դիրքորոշումը` ասելով. «Դրանք վնասում են հուշարձաններին: Կարող եք մեր ծառայություններից վերցնել լուսանկարները եւ տեղեկանալ, թե բոլոր հանրահավաքներից հետո ինչ վիճակում են հայտնվում հուշարձանները, Օպերայի թատրոնի շենքի պատերը: Ի վերջո, մենք պետք է մտածենք, որ այդ հրապարակը թատերական հրապարակ է եւ պետք է ծառայի մշակույթին: Շատ անգամ նույնիսկ մամուլում հայտնվում են լուսանկարներ, որոնցում հայտնվում են տեսարաններ, թե Օպերայի պատի վրա ինչ է կատարվում, եւ մեղադրում են մշակույթի նախարարությանը, բայց երբ մշակույթի նախարարությունը պաշտպանում է հուշարձանի շահերը, ասում են՝ ինչու եք պաշտպանում»:
Փաստորեն, մշակույթի նախարարը հուզվում է` վնասված մշակութային արժեքների լուսանկարներից եւ փորձում պաշտպանել հուշարձանների շահերը: Իհարկե, կոնկրետ Հասմիկ Պողոսյանի դեպքում նման պնդմանը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, դժվար է հավատալ, բայց եթե, այնուամենայնիվ, ընդունենք, որ դա այդպես է, ապա հարց է առաջանում` ինչու մշակույթի նախարարությունը եւ անձամբ Հասմիկ Պողոսյանը այդպես էլ որեւէ գործուն քայլ չարեցին, երբ Երեւանում հիմնովին փոխվեց մշակութային հուշարձան համարվող Փակ շուկան: Ինչու տիկին նախարարը մատը մատին չխփեց, երբ ապամոնտաժվեց դարձյալ մշակութային հուշարձան համարվող Աֆրիկյանների տունը եւ էլի երեք տասնյակ նման հուշարձաններ միայն քաղաքի կենտրոնում: Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել` ընդգրկելով Հասմիկ Պողոսյանի կողմից «պաշտպանված», պետական փողերով «եվրառեմոնտ» արված, կամ էլ Գարեգին Բ-ի բնորոշմամբ` սարերում կորած եկեղեցիներն ու վանքերը, որոնց մասին անգամ կաթողիկոսը չի ցանկանում հոգ տանել:
Ուստի հիմա այս ինչ հուշարձանասիրական խեղկատակություն է, որը ներկայացվում է որպես մշակույթի նախարարության պաշտոնական դիրքորոշում: Ի վերջո, եթե Օպերայի հրապարակը «թատերական հրապարակ է եւ պետք է ծառայի մշակույթին», ինչպես պնդում է որոշ մշակութային հուշարձաններից ավելի երկարակյաց մշակույթի նախարարը, ապա լավ կլինի, որ նա այդ մասին հիշի նաեւ այն ժամանակ, երբ ամիսներ շարունակ այդ նույն հրապարակում տեղադրված տարաբնույթ ատրակցիոններն ու սպորտային սարքավորումները այդ հրապարակը վերածում են կիրակնօրյա տոնավաճառներին կից զվարճահրապարակի:




Լրահոս