ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՍՏԻՊՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ արդեն 4 տարի է, ինչ ինքը ՀՀ երեք նախագահների հանդիպումների հետ կապված հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, սակայն նրանցից ուղիղ պատասխան չի ստանում: Մեր զրուցակիցը հավելեց, որ լինում են միայն միջնորդավորված պատասխաններ, ինչն իր համար շատ տարօրինակ է:

-Պարո՛ն Իսագուլյան, նախօրեին հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը այդպես էլ չբացահայտեց իր հետագա քայլերը՝ հավելելով, թե դրա մասին խոսելու է 2017 թ: Դուք բավական երկար տարիներ աշխատել եք Ս. Սարգսյանի հետ, նրան լավ ճանաչում եք, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է նա շարունակում հանրությունից թաքցնել իր հետագա ծրագրերը:
-Քանի որ ես հիմա հանդիսանում եմ ՀՀ-ում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչական խորհրդական-խորհրդատու, որոշակի վերապահումներ այդ առումով առկա են: Բայց ասեմ, որ ցանկացած մարդ, ցանկացած պատմական շրջանում որոշումներ կայացնելու իրավունք ունի, ու այն ամենը, ինչ ուրիշներն ասում են նրա փոխարեն, դա մարդը կարող է նաեւ ինքն ասել, բայց կոնկրետ պատմական պահի համար պետք է որ անհրաժեշտություն լինի, որ ինքն իր նախկին որոշումը փոխի, դա տվյալ անձնավորության, տվյալ քաղաքական գործչի, տվյալ պետական այրի բացառիկ իրավունքն է: Ու այս առումով, կարծում եմ, որ որեւէ խնդիր չկա:
-Բայց Ս. Սարգսյանի այս պահվածքը ցույց է տալիս, որ ՀՀԿ առաջնորդը կրկին խաբել է հանրությանը՝ իր որոշումները գաղտնի պահելով ժողովրդից ու մեկ այլ իրողություն հրամցնելով:
-Միանգամայն համաձայն չեմ Ձեր ձեւակերպումների հետ, եթե որեւէ մեկը ինձ կասի շատ կոնկրետ, հստակ՝ ի՞նչ խոստում է տվել ու որ խոստումն է դրժել, այդ պարագայում ես կհամաձայնեմ: Ուրիշ բան է, որ կուսակցական գործընկերները որոշակի առումով, ինչ-որ մտքեր իրենք փորձել են հետագայում մեկնաբանել, որոնք ասվել են կուսակցական խորհրդակցության ժամանակ:
-Ս. Սարգսյանը 2014 թ. ապրիլի 10-ին՝ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդ երկու անգամից ավել իր կյանքի ընթացքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Սա փաստ չէ՞:
-Ցանկացած կուսակցության մեջ, դա կլինի ՀՅԴ-ն, Կոմունիստական կուսակցությունը, դա կլինի ՀՀԿ-ն, կուսակցության անդամը որեւէ խնդրի վերաբերյալ կարող է ունենալ դիրքորոշում, բայց լինելով նաեւ տվյալ կուսակցության անդամ՝ ինքը պարտավոր է կատարել, ենթարկվել կուսակցության որոշումներին: Հիմա կարող է անձնապես մարդը ինքը որոշի, որ ինքը որեւէ պարտավորության տակ չի մտնում, բայց կուսակցությունն է որոշում, որ նա պետք է այդ պատասխանատվությունը կրի: Մարդը լինելով կուսակցության անդամ՝ պետք է կատարի կուսակցության որոշումները, եթե դա քննարկվել է, ու այդ խնդրի կայացման, լուծման համար ընտրվել է հենց ինքը: Այդ դեպքում ցանկացած կուսակցական կա՛մ պետք է վայր դնի իր կուսակցական տոմսը, կա՛մ պետք է կատարի իր կուսակցության որոշումը: Դա շատ վառ արտահայտված է ՀՅԴ-ում, որտեղ մարդը կարող է հրաժարվել որեւէ խնդրի կատարումից անձնապես, բայց եթե կուսակցությունը որոշում է կայացնում, ինքը կատարում է կուսակցության որոշումը:
-Այսինքն՝ Դուք այն դիրքորոշմա՞ն եք, որ Ս. Սարգսյանին ՀՀԿ-ն է ստիպում՝ քաղաքականությունից չհեռանա՞:
-Միանշանակ այո, մարդը պետք է կատարի իր կուսակցական լիազորությունները: Կարծում եմ, որ բոլոր կուսակցական ծրագրերում հստակ գրված է, որ կուսակցական որոշումները՝ անկախ նրանից, թե դու այդ հարցում ինչ դիրքորոշում ես ունեցել, դու պարտավոր ես ենթարկվել կուսակցական որոշմանը: Այսինքն՝ ՀՀԿ-ն կարող է որոշում կայացնել, իսկ Սերժ Սարգսյանն էլ, որպեսզ կուսակցության անդամ, պարտավոր է կատարել կուսակցության որոշումը` դեմ լինելով որոշմանը: Այդտեղ արտառոց որեւէ բան չկա:
-Պարո՛ն Իսագուլյան, մի քանի ամիս առաջ Դուք ՀՀ երեք նախագահներին անձնական նամակով էիք դիմել՝ առաջարկելով նրանց միմյանց հետ հանդիպել: Ի՞նչ արձագանք եք ստացել նախագահներից:
-Ցավոք, պետք է արձանագրեմ, որ արդեն 4 տարի է, ինչ ես տարբեր նախաձեռնություններով հանդես եմ գալիս, միջնորդավորված որոշակի պատասխաններ ստանում եմ, բայց ուղղակի պատասխաններ առայժմ չկան: Բոլոր իմ առաջարկություններն առնչվել են ազգային, պետական շատ կարեւորագույն խնդիրների հետ, ես համարել ու համարում եմ, որ պետական այրը ե՛ւ պաշտոնավարման ժամանակ, ե՛ւ պաշտոնավարումից հետո որեւէ պարտավորությունից չի ազատվում ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ: Եթե հարց է առաջանում, որը նշանակություն ունի պետության ու ժողովրդի համար, նա պարտավոր է դրան որոշակի ձեւով արձագանքել: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ցանկացած նախկին պաշտոնյա եւ գործող պաշտոնյաները միմյանց նկատմամբ պետք է ունենան այդ վերաբերմունքը: Ու անհրաժեշտության դեպքում առանց որեւէ հետին մտքի հանդիպեն ու քննարկեն՝ դրան լուծումներ ներկայացնելով: Ես առաջարկել եմ նախագահներին հանդիպել ու ցույց տալ շարքային քաղաքացուն, որ անկախ իրենց ունեցած հայացքներից՝ իրենք՝ որպես նախկին եւ ներկա պետական այրեր, անհանգստանում են պետության, ժողովրդի մասին:

 

 

 

 
ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ՝ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Պարզվում է՝ նույն օրը Էրիկ Գրիգորյանը պետք է զորացրվեր, սակայն վերջինս հերոսի մահով հայրենիքի սահմանում զոհվեց:

Երեկ ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնական տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ բացի հետախուզադիվերսիոն գործողությունից՝ դեկտեմբերի 3-ին եւ լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /197 արկ/, 82 /43 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /14 արկ/, ՌԳՊ-7/1 արկ/ նռնականետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից /4 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց: Երեկ ցերեկային ժամերին հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի ականանետային եւ հրթիռային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Զոհված զինծառայող Էրիկ Գրիգորյանը երեկ պետք է զորացրվեր: Սյունիքի մարզի Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը news.am-ի հետ զրույցում նշել է. «Պետք է զորացրվեր, ընտանիքում սպասում էին, այն էլ առավոտյան իմացանք, որ զոհվել է… Սարսափելի բան է, ընտանիքում Էրիկի վերադարձին էին սպասում»: «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է Էրիկ Գրիգորյանի համագյուղացիների հետ, որոնք պատմեցին, որ Էրիկը տան փոքր տղան էր, երեք մեծ եղբայր ուներ եւ մեկ քույր: Մեր զրուցակիցները նշեցին նաեւ, որ Գրիգորյաններն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, մինչեւ բանակ գնալը Էրիկը իր ընտանիքին օգնել է:
Գրիգորյանների համագյուղացիների խոսքով` մի քանի օր է, ինչ Էրիկի հարազատները պատրաստություն էին տեսնում՝ նրան դիմավորելու համար: Մեր զրուցակիցները Էրիկին բնորոշում էին որպես խելացի, ընտանիքին նվիրված երիտասարդ, որը բանակ գնալուց առաջ ասել էր, որ վերադառնալուց հետո շատ ծրագրեր ունի իրագործելու:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Էրիկ Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԽԱՂՈՂԸ ԹԱՆԿԱՑԱՎ
Վերջին օրերին ներքին սպառման շուկայում խաղողի գինը կտրուկ բարձրացել է: Եթե օրեր առաջ խաղողի տեսակները վաճառվում էին 350-ից 450 դրամով, ապա այժմ գները համապատասխանաբար բարձրացել են 450-ից մինչեւ 650 դրամ: Այս օրերին գյուղմթերքի վաճառքի կետերում երբեմն նույնիսկ սկսել են 700 դրամով վաճառել: Գյուղմթերքի վաճառքով զբաղվող տնտեսվարողները խաղողի գնի կտրուկ բարձրացումը կապում են ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետ: Ըստ լուրերի՝ սառնարաններում պահվող խաղողի մի մասն արդեն սկսել են արտահանել Ռուսաստան: Ինչի արդյունքում Հայաստանի շուկայում գները բարձրացել են:
Հիշեցնենք` շատ գյուղացիներ բեռնատարները բարձած շաբաթներով կանգնում էին գործարանների առաջ` խնդրելով ցանկացած գնով մթերել խաղողը: Բայց հիմա դրա գինը կտրուկ բարձրացավ:

 

ՀԵՆՑ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ, ՀԻՎԱՆԴԱՑԱՎ
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 1-ին ՀՔԾ-ի կողմից ձերբակալված Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանը երեկ կալանավորվեց: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ընտրակեղծարարություն): Զավեն Միրիջանյանի պաշտպանը ՀՔԾ նախկին քննիչ, իսկ ներկայումս փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանն է:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց նրանից պարզել, թե արդյոք Զավեն Միրիջանյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: «Մեղադրանքի հետ կապված դիրքորոշումը նա կհայտնի հետագայում: Միրիջանյան Զավենը վատառողջ է, ծանր հիվանդություն ունի եւ այս քանի օրը լինելով մեկուսացված՝ վիճակն ավելի է սրվել: Այդ պատճառով նա չի կարողացել քննչական գործողություններին մասնակցել եւ իր դիրքորոշումն արտահայտել»,- պատասխանեց փաստաբանը:
Այսպիսով՝ արդեն կարելի է կանխատեսել, որ ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Զավեն Միրիջանյանին վատառողջության պատճառաբանությամբ կազատեն պատժի կրումից:

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԱՍՖԱԼՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Լոռու մարզպետարանն անցած ամսին 148 մլն դրամ է ծախսել՝ Կաթնաջուր-Շիրակամուտ 4 կիլոմետրանոց ճանապարհի վերանորոգման վրա: Ու ամենեւին էլ պատահական չէ, որ աշխատանքներն այդքան թանկ են գնահատվել: Ի վերջո, մի սովորական ընկերություն չի արել աշխատանքը, այլ անձամբ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին եւ նրա եղբորը՝ Սեյրան Դարբինյանին պատկանող ընկերությունն է: Ահա թե ինչու է հասկանալի, որ այդ ընկերության պատրաստած ասֆալտը ոչ սովորական է:




Լրահոս