«ՈՍԿԵԲԵՐ ԳԵՏԱԿ» ՀԷՑ-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա առաջին երեք եռամսյակներում արտադրված էլէներգիայի պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս ուղղակի ապշել կարելի է, թե այս ոլորտի գերշահույթներն ինչ աստիճանի են հասել, բայց մարդիկ, միեւնույն է, սակագինը բարձրացրին, իբր թե, որպեսզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վնասով չգործի:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած հաշվետվության համաձայն՝ այս տարվա ինն ամիսներին էլէներգիա արտադրող ընկերությունների կողմից ՀԷՑ-ին մատակարարվել է 4 միլիարդ 680 միլիոն 400 հազար կՎտ/ժ էլէներգիա: Նշված էլէներգիայից Հայաստանի ներքին ցանցում սպառվել է 4 միլիարդ 473 մլն 800 հազար կՎտ/ժ-ը: Սակայն առավել ուշագրավն այն է, թե ՀԷՑ-ի սպառած էլէներգիայի որ մասն է կազմում,այսպես կոչված, էլէներգիան: Պարզվում է՝ 4 մլրդ 211 մլն 700 հազար կՎտ/ժ էլէներգիան եղել է, այսպես կոչված, էժան հոսանքը: Այսպես կոչված՝ էժան էլէներգիայի համար, որը կազմել է ՀԷՑ-ի օգտագործած ընդհանուր հոսանքի 91 տոկոսը, այդ ընկերությունը վճարել է 68 մլրդ 677 մլն 400 հազար դրամ: Սպառված մնացած 9 տոկոս էլէներգիայի համար, որը կազմել է 468 մլն կՎտ/ժ, ՀԷՑ-ը վճարել է 26 միլիարդ 176 մլն 400 հազար դրամ: Ի դեպ, այդ թանկ էլէներգիայի գումարների հիմնական մասը` 21 միլիարդ 751 մլն 100 հազար դրամը, վճարվել է Հրազդանի երկու ՋԷԿ-երին` նրանց կողմից մատակարարված ընդամենը 452 մլն կՎտ/ժ էլէներգիայի դիմաց: Հշեցնենք, որ Հրազդանի ՋԷԿ-երի եւ ՀԷՑ-ի սեփականատերերը նույնն են:
Ինչեւէ, ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ ՀԷՑ-ն այս տարվա ինն ամիսներին հանրապետության կարիքների համար անհրաժեշտ էլեկտրականությունը մատակարարելիս սպառել է միայն էժան էլէներգիա: Մինչ ՀԷՑ-ի հասույթին անդրադառնալը, նախ նկատենք, որ վերջնական սպառողին առաքվել է 3 միլիարդ 942 մլն 600 հազար կՎտ/ժ-ը էլէներգիա: ՀԷՑ-ի ստացած, բայց սպառողին չհասած էլէներգիան, որը ընդունված է անվանել կորուստ, այս տարվա 9 ամիսներին կազմել է 531 մլն 200 հազար կՎտ/ժ կամ ընդհանուրի 11,9 տոկոսը, սա այն դեպքում, երբ անցած տարի ՀԷՑ-ի կորուստները սովորաբար միշտ կազմում էին միջինը 14 տոկոս: Այսինքն՝ այս տարվա գարնանից սկսված գործընթացը, որի արդյունքում ՀԷՑ-ը հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց, եւ այդ ընկերության հասցեին քննադատությունների ու լուտանքների պակաս չէր զգացվում, տվել են իրենց արդյունքը, կորուստներն արդեն իսկ մոտ 2 տոկոսով նվազել են:
Այսպիսով՝ ՀԷՑ-ը սպառողներին առաքված էլէներգիայի դիմաց ստացել է 151 միլիարդ 98 միլիոն դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ միայն ինն ամիսների արդյունքներով ՀԷՑ-ի եկամուտը կազմել է 56 միլիարդ 244 միլիոն 200 հազար դրամ: Սա այն դեպքում, երբ այս ընկերության տարեկան ծախսերը կազմում են 24 միլիարդ 255 մլն 920 հազար դրամ, այդ գումարը ներառված է սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագնի մեջ: Այսինքն՝ եթե ՀԷՑ-ի հասույթից հանում ենք նրա տարեկան պլանավորած ծախսերը, ապա տարին դեռ չավարտված՝ միայն ինն ամիսների մաքուր շահույթը կազմել է 31 միլիարդ 988 մլն 280 հազար դրամ: Միջին հաշվարկով ՀԷՑ-ի մեկ եռամսյակի եկամուտը կազմում է մոտ 15 միլիարդ դրամ: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ այս տարվա արդյունքներով այս ընկերության մաքուր շահույթը կկազմի մոտ 46 միլիարդ դրամ կամ մոտ 95 մլն դոլար: Համաձայնեք, որ ՀԷՑ-ն իսկական ոսկեբեր գետակ է:
Սակայն վերը բերված հաշվարկներում մեկ հանգամանք բաց է թողնված, բանն այն է, որ նշված ցուցանիշները հնարավոր է եղել ապահովել այն պայմաններում, երբ սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը դեռեւս չէր բարձրացել: Սակագինը բարձրացել է այս տարվա օգոստոսի 1-ից: Այսինքն՝ ինն ամիսներից միայն վերջին երկուսի թվերն են իրենց մեջ ներառում բարձր սակագինը: Ասել կուզի, որ տարվա արդյունքները կարող են ավելի բարձր լինել, քան մեր կանխատեսումներն են: Եթե ՀԷՑ-ի նոր տնօրինությունը շարունակի ընկերության ծախսերը եւ կորուստները կրճատել, ապա ընկերության եկող տարվա եկամուտները կարող են շեշտակի աճել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 
ՀԱՐՈՒՍՏ ԿՆՈՋՈՎ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի կինն ավելի հարուստ է, քան ամուսինը: Դատավորի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, 2014-ի վերջին կազմել են 3 մլն դրամ, 54 հազար դոլար: Մինչդեռ նրա ամսական աշխատավարձը մոտ 870 հազար դրամ է կազմում: Նա նաեւ 175 հազար դրամ է ստացել որպես ապահովագրական հատուցում: Դատավորի կինը՝ Ադրինե Գրիգորյանը, հայտարարագրել է 3 մլն 400 հազար դրամ եւ 92 հազար դոլար: Ի դեպ, դատավորի կնոջ ամսական աշխատավարձն առավել քիչ է՝ մոտ 460 հազար դրամ: Նշենք նաեւ, որ դատավորի կինն իր տված փոխառություններից ստացել է 1 մլն 280 հազար դրամի տոկոսավճար: Մի խոսքով, Հայաստանն իր պաշտոնյաների եւ հատկապես նրանց կանանց շնորհիվ կարող է համարվել ֆեմինիստական երկիր: Դժվար թե որեւէ այլ երկիր գտնվի, որտեղ պաշտոնյաների մեծ մասի կանայք չաշխատելով ավելի հարուստ լինեն, քան իրենց բարձր աշխատավարձ ստացող ամուսինները:

 

ՎՐԱՍՏԱՆԻՑ ԷԼԷՆԵՐԳԻԱ ԿՆԵՐԿՐԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն այս տարվա նոյեմբերի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով իրենց ընկերությանը տրամադրել Վրաստանից էլէներգիա ներկրելու լիցենզիա: Արդյունքում ՀՀ ՀԾԿՀ-ն մտադիր է ՀԷՑ-ին տրամադրել այդ լիցենզիան մեկ տարի գործողության ժամկետով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀԾԿՀ-ի՝ դեկտեմբերի 9-ի կայանալիք նիստի օրակարգում: ՀԷՑ-ը մտադիր է Վրաստանից էլէներգիա ներկրել ներքին շուկայի պահանջարկը բավարարելու համար:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հայաստանն էր Վրաստանին էլէներգիա վաճառում: Այդտեղ էլ նահանջ ունեցանք:

 

ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ԱԲՈՎՅԱՆ
Աբովյան քաղաքի հարեւանությամբ կառուցված «Առինջ մոլ»-ը շարունակում է ընդլայնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առեւտրի կենտրոնի տարածքում շինարարական նոր աշխատանքներ են սկսել՝ նոր վաճառակետեր սարքելու համար: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ընդլայնման նպատակը Երեւանի «Փեթակ» եւ «Սուրմալու» կոչվող տոնավաճառների, ինչպես նաեւ Գնունիի շուկայի շատ աշխատակիցներին «Առինջ մոլ» տեղափոխելն է: Հիշեցնենք, որ այս առեւտրի կենտրոնը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Առեւտրի կենտրոնի աշխատակիցներին ասվել էր, որ դեկտեմբերի 10-ին տեղի կունենա պաշտոնական բացումը: Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեցինք պարզել, թե ինչ ընդլայնման մասին է խոսքը: «Շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, ու գիտեմ, որ այնտեղ լինելու են մոտ 500 առեւտրականներ, լինելու են հիմնականում տնտեսական, շինարարական ապրանքներ: Իսկ կոնկրետ որ առեւտրի կետերի առեւտրականներն են այնտեղ իրենց ապրանքն իրացնելու, նման տեղեկություն չկա»,- պատասխանեց Տոնոյանը:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա դեկտեմբերին: Այս հարցը քննարկվել է դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ եւ ձեռք է բերվել համաձայնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհուրդը լուսաբանող լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հանդիպման վայրն ու կոնկրետ ամսաթիվը կհրապարակվի պաշտոնապես, սակայն արդեն հաստատված է, որ հանդիպումը կայանալու է դեկտեմբերին:

 

ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐ
RIA Novosti-ի տեղեկացմամբ` Ռուսաստանի դեմ ԵՄ տնտեսական պատժամիջոցները երկարացնելու ամփոփ որոշումը կարող է ընդունվել մինչ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը՝ դեկտեմբերին կայանալիք արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը։

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի երեխաների հարցերով հատուկ խորհրդական Սյուզան Ջեյքոբսին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքները շատ են, եւ շարունակաբար պետք է կատարելագործել օրենսդրությունը: Այդ համատեքստում նախարարն անդրադարձել է ՀՀ ընտանեկան օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին՝ շեշտելով, որ դրանք ընդգրկելու են նաեւ UNICEF-ի եւ Save the Children կազմակերպության որդեգրած սկզբունքները: ԱՄՆ պետքարտուղարի երեխաների հարցերով հատուկ խորհրդական Սյուզան Ջեյքոբսը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ ընդգծել նախատեսվող օրենսդրական նախաձեռնության կարեւորությունը:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ ուղղված է բացառապես Ադրբեջանին: Նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նա ասել է, որ հայտարարության մեջ մի քանի անգամ կոչ է արվում կողմերին վերահաստատել հանձնառությունը միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման առնչությամբ: «Այդպես էլ մենք չլսեցինք Ադրբեջանին, թե իրենք ի՞նչ են կարծում: Պարզ է, թե ում էր ուղղված, որովհետեւ ո՞վ է սպառնում ուժ կիրառելով, ո՞վ է սպառնում պատերազմով: Հայաստա՞նը: Երբեւէ: Հակառակ կողմն է այդ ամենը անում: Եռանախագահներն իրենց հայտարարության մեջ խստիվ դատապարտում են ծանր հրետանու օգտագործումը: Ո՞վ է օգտագործում ծանր հրետանի: Ադրբեջանական կողմն է վերջերս սկսել օգտագործել ծանր հրետանի: Հետեւաբար, դատապարտում են Ադրբեջանի կողմից ծանր հրետանու օգտագործումը: Եւ վերջապես եռանախագահները դատապարտում են այն սուր քննադատությունները, որոնք ուղղված են համանախագահների հասցեին: Հայաստանը երբեւէ քննադատե՞լ է: Ես իմ ելույթում էլ ասացի, որ Հայաստանը երբեք չի քննադատել եռանախագահողներին»,- ասել է Նալբանդյանը:

 

ՑԱՎԱԿՑԵԼ Է
Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին ցավակցական հեռագիր է հղել անվանի գիտնական, ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, Հանրային խորհրդի անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանի մահվան կապակցությամբ:




Լրահոս