ՎՊ-Ն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը այս տարվա մարտի 9-ից մինչեւ հունիսի 12-ը վերահսկողություն է իրականացրել ՀՀ կառավարության աշխատակազմի՝ «ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում: ՎՊ-ն ուսումնասիրել է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված դրամաշնորհային միջոցների եւ դրանց շրջանակներում պետբյուջեի միջոցների օգտագործման՝ «ՀՀ կարգավորիչ գիլյոտին» ծրագրի կատարման վերաբերյալ փաստաթղթերը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՎՊ-ն վերահսկողության ընթացքում բազմաթիվ խախտումներ է բացահայտել:

Այսպես՝ «Ավստրիայի զարգացման գործակալություն» ՍՊԸ-ի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի միջեւ դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված «ՀՀ-ում կարգավորիչ գիլյոտին» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրով ծրագրի իրականացման համար (առաջին փուլ) նախատեսվել էր հատկացնել ավելի քան 500 հազ. եվրո: Սակայն ԱԶԳ-ի կողմից ֆինանսավորվել է 485 հազար եվրո, այդ թվում 35 հազար եվրոն ֆինանսավորվել է 2014 թվականի հունիսի 25-ին, որի վճարման ժամկետի պայմանը նախատեսվել էր դրամաշնորհային համաձայնագրով աուդիտի ենթակա վերջնական հաշիվները ներկայացնելուց հետո: Վերը նշված ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար 2014-ի հունիսի 16-ի համաձայնագրով նախատեսվել էր հատկացնել 500 հազար եվրո: Սակայն այս անգամ նույնպես ԱԶԳ-ի կողմից 2015 թվականի ապրիլի 20-ի դրությամբ ֆինանսավորվել է 300 հազար եվրո:
Ըստ ՎՊ-ի՝ ԱԶԳ-ից ֆինանսավորված ընդամենը 785 հազար եվրոն փոխարկումից հետո հիմնականում ուղղվել է հիմնարկի աշխատողների աշխատավարձի վճարմանը: Իսկ հիմնարկի պահպանման ծախսերը նախատեսվել եւ ֆինանսավորվել են պետբյուջեից, այդ թվում` 2012 թ.-ին նախատեսվել է մոտ 11 մլն 400 հազար դրամ, իսկ ֆինանսավորվել է 7 մլն 700 հազար դրամ: Նշենք, որ 2013 թվականին նախատեսվել է 11 մլն 700 հազար դրամ, իսկ ֆինանսավորվել է մոտ 7 մլն դրամը: 2014 թ.-ին նախատեսվել է 12 մլն դրամ, ֆինանսավորվել է 8 մլն դրամ: Դրամաշնորհային համաձայնագրով սահմանվել է, որ դրամաշնորհի միջոցների 90 տոկոսը ֆինանսավորելուց հետո մնացած մասը պետք է փոխանցվի վերջնական հաշվետվության եւ աուդիտի իրականացումից հետո:
Սակայն մինչեւ ավարտական գումարի տրամադրումը վերոնշյալ հիմնարկի տնօրենը 2013 թվականի նոյեմբերի 9-ին գրավոր դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին: Եւ կառավարությունը նույն տարվա դեկտեմբերի 12-ին ընդունել է «ՀՀ կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» որոշում, որով հատկացվել է 21,5 մլն դրամ: Այն ուղղվել է Հիմնարկի աշխատակիցների՝ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների վարձատրությանը:
Իսկ նույն որոշման 2-րդ կետով նշվել է, որ «Ավստրիայի զարգացման գործակալության» աջակցությամբ իրականացվող «ՀՀ-ում կարգավորիչ գիլյոտին» դրամաշնորհային ծրագրի մնացած 10 տոկոսի ֆինանսավորումից հետո տասնօրյա ժամկետում գումարը ենթակա է վերադարձման պետբյուջե: Սակայն կառավարության՝ արդեն 2014 թվականի փետրվարի 20-ի ընդունած որոշմամբ՝ նշված գումարի վերադարձը հետաձգվել է մինչեւ այս տարվա հունվարի 20-ը: Եւ ՎՊ-ն վերահսկողության ընթացքում պարզել է, որ կառավարության կողմից ֆինանսավորվելուց հետո Հիմնարկում նշված 21,5 մլն դրամը ձեւակերպվել է հաշվապահական հաշվառման եւ հաշվետվական կարգի խախտումներով: Իսկ, ահա, 2014թ. տարեկան արդյունքներով ֆինանսների նախարարություն ներկայացված հաշվետվությամբ 21,5 մլն դրամի կրեդիտորական պարտքը չի արտացոլվել: Արդյունքում կառավարության այս տարվա մայիսի 14-ի որոշմամբ՝ վերը նշված որոշման 2-րդ կետը ճանաչվել է ուժը կորցրած: Իսկ գումարը բյուջե չի վերադարձվելու:
Բացի այս՝ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի՝ գույք ամրացնելու մասին որոշմամբ՝ «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի» ու ՀՀ-ի միջեւ կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման 2-րդ ծրագրով ձեռք բերված սարքավորումները եւ գույքը` մոտ 43 մլն դրամով, ամրացվել են կառավարության աշխատակազմի՝ «ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկին: Ընդ որում, մոտ 32 մլն դրամի սարքավորումները 25 անվանում համակարգչային սարքավորումներ, օդորակիչներ եւ այլն հանձնման-ընդունման ակտով Հիմնարկը «Ֆայն» ՍՊԸ-ից ընդունել է 2012 թվականի մայիսի 7-ին: Եւ Հիմնարկի տնօրենը 2014-ի օգոստոսի 8-ին գույքը շահագործելուց միայն 1 տարի 7 ամիս հետո զեկուցագրով դիմել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին եւ խնդրել Հիմնարկի կողմից օգտագործվող գույքը օրենսդրության պահանջներին համապատասխան իրենց տրամադրել: Սակայն այն չի կատարվել:
Ըստ ՎՊ-ի՝ հիմնական միջոցները չեն մուտքագրվել եւ հաշվառվել, սակայն տարիներ շարունակ փաստացի շահագործվել են վերը նշված մոտ 43 մլն դրամի սարքավորումները եւ գույքը: Դրանց թվում են նաեւ մոտ 32 մլն դրամ արժեքով համակարգչային սարքավորումներ, օդորակիչներ, հեռախոսներ եւ այլն: Բացի այս, 10 մլն 900 հազար դրամ արժեքով 19 անվանում կոշտ եւ փափուկ գույք՝ կահույք, շերտավարագույր, չհրկիզվող պահարան եւ այլն: Ի դեպ, ՎՊ վերահսկողության ընթացքում Հիմնարկում առկա չի եղել 924 հազար դրամի համակարգչային սարքավորում: Ապա վերահսկողության ընթացքում բնեղենը վերականգնվել է: Ըստ ՎՊ-ի՝ ՀՀ պահուստային ֆոնդից նպատակային հատկացված գումարները Հիմնարկում ձեւակերպվել են հաշվապահական հաշվառման եւ հաշվետվական կարգի խախտումներով: Հավելենք, որ «ՀՀ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի կողմից ՎՊ-ի արձանագրությունն ընդունվել է առանց առարկությունների:
Այսպիսով` եթե մինչ օրս ՎՊ-ի արձանագրած խախտումները մնում էին գրեթե առանց հետեւանքների, ապա նոր Սահմանադրության ընդունման դեպքում արդեն հաշվեքննիչ պալատի վերածվող այս մարմնի լիազորությունները էական փոփոխությունների կենթարկվեն, որոնց էությունն արտացոլված է հենց պալատի անվանման փոփոխության մեջ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԹԱԼԱՆՉԻ՞
Երեկ Սերժ Սարգսյանն ընդունեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որն ավելի շատ դաստիարակչական իմաստ ուներ: Նա հայրաքաղաքի քաղաքապետից հրապարակավ խոստում կորզեց, որ քաղաքին հատկացված գումարները չի գրպանելու: Այս երեւույթը առավել քան խայտառակություն հնարավոր չէ որակել:
Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը նախ արձանագրեց, թե ՀՀ քաղաքաշինության նախարարության տվյալներով՝ Գյումրիում մնացել են բնակարանի կարիք ունեցող 250-ին մոտ ընտանիքներ, ովքեր տուժել են երկրաշարժից: «Ես շատ լավ հասկանում եմ, որ Գյումրիում բնակարանի կարիք ունեցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, բայց այդպիսի մարդիկ Հայաստանի ողջ տարածքում կան… Ընթացքում, անշուշտ, այս խնդիրները լուծվելու են»,- թե երբ է այդ ընթացքն ավարտվելու, երկրի ղեկավարն այդպես էլ չհստակեցրեց:
Սարգսյանը խոսեց նաեւ հույժ կարեւոր խնդրի մասին: «Մենք հաջորդ տարվա գարնանը սկսում ենք հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը, որտեղ ներդնելու ենք 120 միլիոն եվրո գումար, եւ այս առումով շատ տեղին կլինի, որ մենք հիմնավոր լուծում տանք նաեւ Գյումրիի փողոցների բարեկարգմանն ու լուսավորմանը»,- ասաց ՀՀԿ առաջնորդը:
Զավեշտալին, սակայն, Սերժ Սարգսյանի գաղտնազերծումն էր, թե հատկապես ինչու է նա իր աշխատասենյակ հրավիրել Գյումրու քաղաքապետին: Ըստ ՀՀ նախագահի նստավայրի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության՝ Ս. Սարգսյանն արդեն համապատասխան ցուցումը տվել է` 23 միլիոն եվրո միջոցներ ներգրավելու մասին, որն ամբողջովին պետք է ուղղվի Գյումրիի բարեկարգմանն ու լուսավորությանը: «Եթե քաղաքային իշխանությունները, Դուք հիմա հրապարակավ խոստանում եք, որ այդ միջոցները կօգտագործվեն արդյունավետ, եւ մինչեւ վերջին դրամը կօգտագործվի Գյումրիի բարեկարգման համար, ապա հենց երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել գործընթացը»,- տողերի հեղինակը Սերժ Սարգսյանն է:
Ի՞նչ էր ուզում ասել նա: Եթե պաշտոնական լեզուն «թարգմանենք», ապա նշանակում է, որ Սարգսյանը Բալասանյանից պահանջում էր չլափել պետական միջոցները: Բայց այս հայտարարությունից հետո տրամաբանական կլիներ, որ Սարգսյանը ոչ թե Գյումրի ճանապարհեր Բալասանյանին, այլ ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ նրա նկատմամբ մեղադրանք պետք է առաջադրեին եւ ձեռնաշղթաներով անհապաղ ուղեկցեին կալանավայր: Ս. Սարգսյանի հնչեցրած խոսքերը վկայում են, որ նա կասկածներ ունի` Բալասանյանը հանցագործ է եւ գումար «թռցնելու» վատ սովորություն ունի: Այդքանից հետո արժե՞ր նրան հնարավորություն տալ պաշտոնավարումը շարունակելու:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ
«Իսլամական պետություն»-ը նոր տեսահոլովակ է տարածել, որում սպառնում է հերթական ահաբեկչություններով: Ավտոմատները ձեռքներին` սեւամորթ տղամարդիկ հայտարարում են, որ Ֆրանսիան միայն սկիզբն էր, իսկ այժմ Ամերիկայի եւ Ռուսաստանի հերթն է. փոխանցում է Lifenews-ը: Ահաբեկիչներն անգլերենով խոստանում են զենքով ներխուժել ԱՄՆ եւ Ռուսաստան, երեք քաղաք՝ Նյու Յորք, Վաշինգտոն եւ Մոսկվա: «Մենք գալիս ենք ձեզ մոտ զենքերով եւ պայթուցիկներով»,-ասում է զինյալներից մեկը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ահաբեկիչները խոստացել էին ահաբեկչություններ իրականացնել այն երկրներում, որոնք զինված ուժեր են կիրառում Սիրիայում իրենց զինյալների դեմ:

 

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի «Կամխուտ»-ի բարձրլեռնային զինափորձարանում սկսվել են հրաձգային եւ հետախուզական ստորաբաժանումների դիպուկահարների դաշտային հավաքները։
Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հավաքներին մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ: «Ծովի մակերեւույթից 1500 մետր բարձրության վրա՝ սառնամանիքին եւ մթնոլորտային տարբեր ճնշման պայմաններում զինծառայողները կկատարելագործեն իրենց՝ նշան բռնելու հմտությունները», – ասված է հաղորդագրությունում։




Լրահոս