ԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ՈՍԿՅԱ ԶԱՐԴԵՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է սոցիալական ցանցի միջոցով մտերմիկ հարաբերություններ ստեղծելու արդյունքում խարդախությամբ ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Ժողովուրդը» ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավագ ռադիոհեռախոսավար, Երեւանի 20-ամյա բնակիչ Հ. Խմելյանը 2014 թվականի հունիսի 26-ին հեռախոսակապի միջոցով ծանոթացել է Էջմիածնի մի բնակչուհու հետ, նրանք հաղորդակցվել են սոցիալական ցանցի միջոցով, որի արդյունքում Հ. Խմելյանի եւ աղջկա միջեւ ձեւավորվել են մտերմիկ հարաբերություններ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Խմելյանը, խարդախությամբ խոշոր չափերի գույք հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ընկեր, 21-ամյա Ա.Հախյանի հետ՝ իր ծանոթուհուց գումար է խնդրել՝ պատճառաբանելով, թե պարտքեր ունի: Ստեղծված մտերմության արդյունքում աղջիկը համաձայնել է օգնել՝ գումարի փոխարեն առաջարկելով ոսկյա զարդեր: Երիտասարդը համաձայնել է՝ խոստանալով զարդերը գրավադնել եւ օրեր անց վերադարձնել: Քննությամբ պարզվել է, որ ծանոթուհուց նախ վերցրել են երկու կտոր ոսկյա զարդ, որոնք վաճառել են ոսկու շուկայում, ապա օրեր անց երիտասարդը պահանջել է այլ ոսկյա զարդեր եւս տրամադրել:
Աղջիկը տանից վերցրել է ծնողներին պատկանող 4 կտոր ոսկյա զարդ եւ դրանք փոխանցել երիտասարդին՝ վերջինիս ասած անձի միջոցով: Ոսկյա զարդերից 3 կտորը վաճառվել է նույն օրը, իսկ մեկը՝ գրավադրվել, գոյացած գումարը երիտասարդներն օգտագործել են սեփական կարիքների համար:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Խմելյանին եւ Ա.Հախյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն), իսկ Ա. Դարիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակությանը օժանդակելը): Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել դատարան:

 

 

 

ԿՐԱԿ ԵՆ ԲԱՑԵԼ
Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք կրակ են բացել ՕՄՕՆ-ի ոստիկանական մեքենայի ուղղությամբ. փոխանցում է Lifenews-ը: Անհայտ անձինք կրակ են բացել Կալաշնիկովի ավտոմատից: Վերջիններս փախուստի են դիմել առանց համարների «Հունդայ Ակցենտ» ավտոմեքենայով: Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2 ոստիկան է զոհվել: Ընդ որում, հաղորդվում է, որ նրանցից մեկն այրվել է ավտոմեքենայում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

 

ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
Լեհական LOT ավիաընկերության կողմից 2016 թվականի հունվարի 2-ից կվերականգնվի Վարշավա-Երեւան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթների իրականացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: «Դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլեւ Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջեւ կանոնավոր ուղիղ չվերթներով կապը իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ մեր երկու երկրների միջեւ բազմակողմանի կապերի ամրապնդման եւ զարգացման, բարեկամ ժողովուրդների միջեւ առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով»,- նշել է դեսպանը:

 

ՄԱՀԱՊԱՏԺԻ ԵՆԹԱՐԿԵԼ
«Իսլամական պետության» ահաբեկիչները «խաղ» են հորինել իրենց երեխաների համար: «Խաղի» նպատակը գերիներին գտնելն ու նրանց մահապատժի ենթարկելն է. փոխանցում է Lifenews-ը՝ հղում անելով Daily Mail-ին: Փոքր դահիճները մոտ 10 տարեկան են: Ինչպես նշում է Daily Mail պարբերականը՝ տեսանյութը որակով նկարահանված է: Այն ավելի շատ հիշեցնում է ժամանակակից համակարգչային խաղ, քան մահապտիժ: Պարբերականը նույնիսկ հաստատել է 6 երեխաների ծագումը, նրանք ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից եւ Տաջիկստանից են: Իսկ նկարահանումները Դեյր-էլ-Զորում են ընթանում:

 

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Նախօրեին տեղի է ունեցել ՌԴ եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեվլյութ Չավուշօղլուի հանդիպումը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ցավակցություն է հայտնել Սու-24-ի կործանման հետեւանքով ռուս օդաչուի մահվան հետ կապված: Չավուշօղլուն նշել է, որ Լավրովի հետ հանդիպումն արդյունավետ չի եղել կոնֆլիկտի լուծման համար: «Տարբեր կարծիքներ ունենալը նորմալ է, սակայն մենք բաց խոսել ենք: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնել: Երկու կողմերը չեն ցանկանում սրել լարվածությունը: Հույս ունեմ, որ առողջ միտքը կհաղթի»,-Չավուշօղլուի խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա նաեւ նշել է, որ Անկարան չի պատրաստվում պատասխան պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչպես նաեւ անհրաժեշտ է բաց պահել Մոսկվայի հետ կապի ալիքները:




Լրահոս