«Մանկական եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Դալիթա Ավանեսյանը, ով վերջերս դարձավ իտալական հանրահայտ Verdinote 33-րդ մրցույթի հաղթողը, «Ժողովուրդ»-ին պատմել է, թե այդ մրցույթն իր առջեւ ինչ նոր դռներ է բացել: 16-ամյա երգչուհին, ով արդեն 10 տարի է` բեմում է, երգել է մի քանի ֆիլմերի սաունդթրեքերում, որոնց պրեմիերաները կկայանան հաջորդ տարի:
-Դալիթա՛, պատանեկությունից արդեն աստիճանաբար տեղափոխվում ես երիտասարդություն. ստեղծագործական կյանքի այս փուլում երգերիդ թեմաները չե՞ս լրջացնում:
-Ես ունեմ նոր երգեր, որոնք ստեղծման փուլում են, դրանք հանդիսատեսին կներկայացնեմ հաջորդ տարի: Իսկ թեմաները, այո, արդեն լրջանում են, իտալական Verdinote 33-րդ մրցույթին ներկայացրածս երգն, օրինակ, կոչվում է «Սերն անվերջ է» («Amore Non Avra’ Fine»): Այնպես որ, արդեն սիրային թեմայով երգեր եմ երգում:
-Իտալական այդ մրցույթում գրանցածդ հաղթանակն ի՞նչ նոր դռներ բացեց քո առջեւ:
-Դրանից հետո ես մի շարք այլ հրավերներ ստացա, օրինակ` Մալթայից, Շվեյցարիայից հրավիրել են մասնակցելու նմանատիպ մրցույթների: Դրանք երգչուհու կարիերայում, միանշանակ, կարեւոր դեր ունեն, նոր ձեռքբերումների հնարավորություն են ընձեռում:
-«Մանկական Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը ներկայացնելուց հետո քեզ հաջողվեց ճանաչում վայելել, հիմա, երբ արդեն փորձում ես հաստատվել երգարվեստում, ոճական, ժանրային առումով ինքդ քեզ գտե՞լ ես: Իսկ դու երգեր գրո՞ւմ ես:
-Այո, միանշանակ, փոփն է ինձ հոգեհարազատ ժանրը, ինքս ինձ փորձել եմ նաեւ ջազում, սակայն գտել եմ փոփում: Ես երգերի խոսքեր եմ գրում, իմ մի շարք երգերի բառերի հեղինակը հենց ես եմ, ի դեպ, երաժշտություն էլ ունեմ գրած, բայց դեռ չեմ հրապարակում: Կցանկանայի տեղեկացնել նաեւ, որ երկու նոր ֆիլմերի սաունդթրեքերում եմ երգել, դրանց պրեմիերաները տեղի կունենան 2016-ին. մեկը Հայոց ցեղասպանության թեմայով կինոնկար է, իսկ մյուսը երաժշտական կատակերգություն է: Առաջին ֆիլմի երաժշտության հեղինակը Էդմոն Մակարյանն է, երկրորդինը` Արմեն Վիրաբյանը:
-Մեր շոու-բիզնեսում կա՞ն երեւույթներ, որոնց հետ այդպես էլ չես հաշտվել:
-Ամենավատն այն է, որ շատ քիչ համերգներ են կազմակերպվում, այն էլ առիթից առիթ: Կցանկանայի հաճախակի համերգներով հանդես գալ, ինչպես արտասահմանցի արտիստները:
-Եղե՞լ են պահեր, որ խոչընդոտների հանդիպելով` հուսահատվես, հիասթափություն ապրես…
-Մեկ-մեկ լինում են նման բաներ. ոչ միայն շոու-բիզնեսում, այլեւ, առհասարակ, կյանքում, ինձ հիասթափեցնում է անարդարությունը, բայց այդ պահերից հետո, սովորաբար, ամեն բան իր տեղն է ընկնում:
-Դալիթա՛, այս տարիքում ճանաչվելն ի՞նչ դժվարություններ է առաջ բերում:
-Նախկինում դա ինձ համար անսովոր էր, նեղվում էի, որ մարդիկ անընդհատ ինձ են նայում, բայց հիմա արդեն այդ ամենին սովորել եմ:
-Հայտնի դառնալուց հետո պետք է որ տղաները պտտվեն քո շուրջը, երեւի երկրպագուները շատացել են…
-Այո, դրանից հետո նրանց թիվը կրկնապատկվեց, ինչը բնական է: Երկրպագուներս միշտ հաճելի անակնկալներ են մատուցում ինձ, դռանս առջեւ նվերներ, ծաղիկներ են թողնում, իսկ ես այդ ամենին ժպիտով եմ մոտենում…
-Հիմա քո առջեւ ի՞նչ կարեւոր նպատակ ես դրել, որն ուզում ես անպայման իրականացնել:
-Ինձ համար կարեւոր է, որ երգերս հրապարակվեն նաեւ արտերկրում, օրինակ` իտալական մրցույթում ներկայացրածս երգը արտասահմանում հնչելու է իտալերենով եւ անգլերենով: Այնպես որ, մարդիկ ինձ կլսեն նաեւ Հայաստանից դուրս…
«ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՐՁԱԿ ԼԻՆԵԼ»
Մի խումբ երիտասարդ երգիչներ փորձ են արել մատուցել ժողովրդական երգը ժամանակակից հնչողությամբ, այն դարձնել ավելի մատչելի ու սիրելի երիտասարդ սերնդի համար: Հեռուստադիտողներին արդեն հայտնի «Ժողովրդական երգիչ», «Իքս ֆակտոր», «Հայ սուպեր-սթար» նախագծերից հարազատ դարձած մասնակիցներն առաջիկայում կփորձեն կոտրել այն տարածված կարծրատիպը, թե ժողովրդական երգի լսարանը կազմում են 35 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անձինք: Սեւակ Ամրոյանը, Սոնա Ռուբենյանը, Նարե Գեւորգյանը, Եվա Թաշչյանը, Վահե Մարգարյանը եւ այլք հանդես կգան «Ժողովրդական երգ. նոր սկիզբ» խորագիրը կրող համերգային ծրագրով:
Համերգի ռեժիսոր Աննա Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս ծրագիրը, կարծես, «Ժողովրդական երգիչ» նախագծի բոլոր եթերաշրջանների ամփոփումն է. «Եթե նախագծի առաջին եւ երկրորդ եթերաշրջաններն ուղեկցվում էին դասական ժողովրդական նվագարաններով, ապա երրորդ եթերաշրջանում ավելացան կիթառն ու դաշնամուրը, չորրորդում` նաեւ ժամանակակից եվրոպական գործիքներ: Մենք նպատակ ունենք ժողովրդական երգին նոր շունչ հաղորդել, ուստի համերգում ընդգրկել ենք նաեւ այլ նախագծերի ֆինալիստների, որոնք երգերը կատարում են ոչ դասական եղանակով»:
Նրա խոսքով` քանի որ սա ժողովրդական երգը նորովի մատուցելու իրենց առաջին փորձն էր, իրենք էքսպերիմենտների առումով ավելի զգույշ են եղել` պահպանելով երգերի հիմնական մեղեդին. «Մենք հոկտեմբերին ունեցանք փակ դիտում, հրավիրեցինք արվեստագետների եւ ժողովրդական երգի մասնագետների, ներկայացրինք մեր ծրագիրը, լսեցինք իրենց կարծիքները: Հետո հասկացանք, որ էքսպերիմենտների առումով կարող էինք ավելի համարձակ լինել, երկրորդ համերգին, գուցե, դա իրականացվի»,-պատմեց ռեժիսորը` հավելելով, որ երգերի նորովի գործիքավորումներն արել են Գիսանե Պալյանն ու Միքայել Մաիլյանը:
Ի դեպ, դեկտեմբերի 13-ին Երեւանում կայանալիք համերգին արդեն հասցրել է նախորդել այս թիմի երկու համերգ ԱՄՆ-ում: 10 երգիչ՝ 5 զույգ կազմած, հիմնականում ներկայացրել են սիրային երգեր. «Թեեւ ԱՄՆ-ի հայ հանդիսատեսն ավելի պահպանողական է, մարդկանց շատ դուր եկան մեր երգիչների կատարումները: Մեզ համար մեծ անակնկալ էր, որ վերջում երգիչներին մոտեցավ մի կին ու սկսեց շնորհակալական խոսքեր ասել. պարզվեց` նա Սերժ Թանկյանի մայրն է: Այդ կինը խոստովանեց, որ մեր երիտասարդ երգիչների երկրպագուն է: Վերջիններս էլ իրենց հիացմունքի խոսքերն արտահայտեցին նրա որդու մասին»,-պատմեց ռեժիսորը: Նա նաեւ հավելեց, որ Երեւանում կայանալիք համերգն առանձնանալու է նաեւ ժամանակակից շոուների պահանջներին համապատասխանող լուսային էֆեկտներով, բեմի ձեւավորմամբ:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԱՆՁԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ
Պարսկաստանի միապետ Նասրեդին Շահի հայազգի անձնական լուսանկարիչ Անթուան խան Սեւրուգինի եւ նրա որդի՝ գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սեւրուգյանի աշխատանքները համալրեցին Մատենադարանի գանձերի շարքը: «Արմենպրես»¬ի փոխանցմամբ՝ միջազգային ճանաչում վայելող լուսանկարչի եւ նրա որդու աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ամենահայտնի թանգարաններում: «Մինչ օրս Սեւրուգիները թյուրին լուսաբանվել են որպես ռուս, վրացի, ֆրանսիացի կամ պարսիկ, եւ շատ քիչ վայրերում է նշվել նրանց հայ լինելու մասին: Այդ խնդիրը ծագել է Անթուանի՝ Սեւրուգի ազգանվան տակ ներկայանալուց, իսկ որդին արդեն իր ազգանվան վերջում ավելացրեց յան»¬ը»,-ասել է Մատենադարանի արաբատառ մատենագրերի բաժնի գիտաշխատող Իվեթ Թաջարյանը, ով քսան տարի զբաղվում է Անթուան Խան Սեւրուգինի եւ գեղանկարիչ Անդրե Սեւրուգյանի արվեստի ուսումնասիրմամբ: Միջազգային ճանաչում վայելող լուսանկարչի եւ նրա որդու աշխատանքները Մատենադարանին է նվիրաբերել Գերմանիայում բնակվող Անդրե Սեւրուգյանի որդին՝ Էմանուիլ Սեւրուգյանը: Նվիրաբերած հավաքածուները հետագայում նախատեսվում են ներկայացնել թեմատիկ ցուցահանդեսների տեսքով:
ԳՈԼՈՒՄՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ
Օրերս համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ Թուրքիայում դատում են բժիշկ եւ բլոգեր Բիլջին Չիֆթչիին, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել էր «Մատանիների տիրակալը» ֆիլմի Գոլումի ու «Հոբբիթի» հետ: Չիֆթչիին սպառնում է մինչեւ երկու տարվա ազատազրկում: Թուրքիայի դատարանը հատուկ մասնագետների է վարձել, որոնք պետք է որոշեն՝ արդյոք Գոլումը բացասական կերպար է, թե ոչ: «Մատանիների տիրակալը» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորած Էլայջա Վուդը TMZ-ի լրագրողների հետ զրույցում իր զարմանքն է հայտնել կատարվածի վերաբերյալ. «Դա խելահեղություն է: Գոլումը միանշանակ դրական կերպար է: Ի՞նչ իմաստ ունի ինչ-որ մեկին դրա համար դատել»,- նշել է Վուդը:
Հավելենք նաեւ, որ «Մատանիների տիրակալը» ֆիլմի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնն ու սցենարի հեղինակներ Ֆրեն Ուոլշն ու Ֆիլիպ Բոյենսը հրապարակել են ուղերձ՝ ի պաշտպանություն թուրք բժշկի: