ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ ժամանակն է, որպեսզի ԲՀԿ-ն իրեն հռչակի ընդդիմություն: “Ժողովուրդ”-ը գրել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը գնացել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ եւ ասել, թե պետք է ԱԺ-ում հայտարարել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժ է: Սակայն Գ. Ծառուկյանն ասել է, թե դեռեւս պետք չէ նման հայտարարություն անել, սպասե՛ք:
“Ժողովուրդ”-ը զրուցեց քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ` պարզելու այս հարցի վերաբերյալ նրանց դիրքորոշումը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Պարո՛ն Հովհաննիսյան, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե ժամանակն է, որ ԲՀԿ-ն հայտարարի իր ընդդիմադիր լինելու մասին: Ըստ Ձեզ՝ դա ի՞նչ է տալու քաղաքական դաշտին:
-Նախ` թող հայտարարությունն անեն, հետո նոր կտեսնենք: Մինչեւ հիմա իրենք այլ կարգավիճակի մեջ էին՝ այլընտրանք էր կոչվում դա: Ես, ճիշտն ասած, հիմա չեմ կարող կանխատեսումներ անել, բայց հուսով եմ, որ ընդդիմադիր դաշտը կուժեղանա, եթե նրանք այդպիսի հայտարարություն անեն:
-Եթե նման հայտարարություն լինի, ԲՀԿ-ն իր դերակատարությունը կավելացնի՞, թե՞ կնվազեցնի:
-Կտրուկ պետք է փոխվի, նույն ձեւով մնալ հնարավոր չէ: Դառնալով ընդդիմություն` դու այլեւս չես կարող քո աշխատանքի մեջ կիրառել նույն մեթոդները, որոնք կիրառում է իշխանությունը: Այստեղ որակական փոփոխություն պետք է տեղի ունենա, դա իմ կարծիքն է:
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ԲՀԿ առաջնորդին որպես ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ:
-Չեմ կարող ասել, դա անձնական բնույթի խնդիր է, այսինքն՝ մարդու բնավորության հետ է կապված, մարդու անձնական կապերի հետ է կապված, ես այդքան խորը չեմ ճանաչում նրան, որպեսզի կարողանամ պատասխանել այդ հարցին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
–Պարո՛ն Սահակյան, Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն ցանկանում է իրեն հռչակել ընդդիմություն: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում նրանց գործունեությունն այդ դաշտում:
-Եթե Վարդան Օսկանյանն է հայտարարել, ապա քաղաքական վերլուծության խնդիր չկա, որովհետեւ կուսակցական նոտաները չեն մեջը, դա անձնային հայտարարություն է: Բացի դրանից էլ, դրա մեջ ի՞նչ կա, եթե կուսակցությունը ցանկանա՝ այլընտրանք կլինի, ցանկանա` ընդդիմություն կլինի, այդտեղ որեւէ բան ես չեմ տեսնում:
–Իսկ Գ. Ծառուկյանին պատկերացնո՞ւմ եք որպես ընդդիմադիր ուժի առաջնորդ:
-Դա կախված է նրանից, թե ինչ ծրագիր է, դա այնպես չէ, որ անձին պատկերացնես կամ չպատկերացնես, դա էլ է գաղափարախոսություն, մոտեցում: Այդքան բան:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
–Պարո՛ն Մանուկյան, ԲՀԿ-ն ցանկանում է հայտարարել, որ իրենց կուսակցությունը եւս այսուհետ ընդդիմադիր դաշտում է գործելու: Ըստ Ձեզ` դա ի՞նչ է տալու քաղաքական դաշտին:
-Դա իրենց որոշումն է, ինչպես կորոշեն, այնպես էլ թող վարվեն, ես կարծում եմ, որ ինչքան շատ ընդդիմադիր, այնքան լավ: Կսպասեմ հայտարարությանը եւ կրկնում եմ՝ որքան ընդդիմադիր դաշտն ավելանա, այնքան լավ:
“Ժառանգություն” կուսակցության քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
-Պարո՛ն Սաֆարյան, ԲՀԿ-ն եւս ցանկանում է ներկայանալ որպես ընդդիմություն, ըստ Ձեզ՝ դա ի՞նչ է տալու ընդդիմադիր դաշտին:
-Ճիշտն ասած` զարմացած եմ, որ ԲՀԿ-ն իր ներքին քննարկումը, որ շատ շուտ պետք է արած լիներ, առանց հստակ որոշում ունենալու հանել է հրապարակ: Ես սա ավելի շատ գնահատում եմ որպես փոքրիկ շանտաժ ՀՀԿ-ին, որ եթե ԲՀԿ-ն բավարարված չմնա Երեւանի ավագանու ընտրություններում, ապա իրենք կանցնեն ընդդիմության շարքերը: Չեմ կարողանում հասկանալ հետեւյալը, թե ինչու է այդ քննարկումն արվում հրապարակավ:
-Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն այս շրջանում, հանրության մոտ կորցնելով իր հեղինակությունը, որոշել է այս կերպ այն վերադարձնել:
-Չեմ կարծում, որ Վ. Օսկանյանի գրառումն ունենա օբյեկտիվ պատճառներ: Ընդդիմության եւ իշխանության միջեւ միջանկյալ կարգավիճակ լինել չի կարող: Որ ասում են՝ մենք այլընտրանք ենք, բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց համարում են այլընտրանք, անգամ ՀՀԿ-ն է իրեն այլընտրանք համարում մնացած բոլորին` իր ծրագրերով: Այլ բան է` մենք հավատում ենք դրան, թե չէ: Ամեն մի քաղաքական ուժ իր ծրագիրն առաջ է քաշում՝ տարբերվելով մյուսներից, դրանով դառնալով այլընտրանք: Բնական է, որ այդ կարգավիճակում ԲՀԿ-ն երկար չի կարող ազդեցիկ դիրքեր ունենալ:
-Իսկ ԲՀԿ առաջնորդին ընդդիմադիրի կարգավիճակում տեսնո՞ւմ եք:
-Բոլորին էլ կարելի է պատկերացնել, այլ բան է, թե հետեւանքներն ինչպես պետք է պատկերացնել: Շատ էական է, թե կուսակցությունը որ դաշտում է ծնունդ առնում: ԲՀԿ-ն ի սկզբանե չի հիմնադրվել ընդդիմադիր դաշտում: Այդ ,շենքիե հիմքերը չեն եղել ընդդիմությունը եւ ընդդիմադիր տրամադրվածությունները:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 527 համար