«Նոր Հայաստան»-ի ակտիվիստը վիրավորել է ոստիկանին. նա բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Նոր Հայաստան»-ը հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացրեց իր անդամներից մեկին բերման ենթարկելու մասին:

Նրանց հրապարակած տեքստում, մասնավորապես, գրված է. «Րոպեներ առաջ, «Նոր Հայաստանի» Ազատության հրապարակում անցկացված տեղեկատվական ասուլիսի ավարտից անմիջապես հետո, ոստիկանությունը առանց որևէ պատճառաբանության և հիմքի բերման է ենթարկել ասուլիսին ներկա «Նոր Հայաստանի» աջակից երիտասարդներից Արսեն Նիկողոսյանին, որը ասուլիսի ավարտից հետո հեռանալիս է եղել հրապարակից։

Տեղեկացնենք նաև, որ Արսեն Նիկողոսյանը այն երիտասարդն է, որը քիչ առաջ հրապարակում նստացույցի մասնակիցների կողմից վրան տեղադրելու փորձի և ոստիկանության կողմից խոչընդոտի ժամանակ պահանջել է ոստիկանությունից այն հիմքերը ըստ որի ոստիկանությունը արգելում է նստացույցի մասնակիցներին վրան տեղադրել հրապարակում։

Պահանջում ենք ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Արսեն Նիկողոսյանը բերման է ենթարկվել և անհապաղ ազատ արձակել երիտասարդին»։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ArmLur.am-ին հարցի հետ կապված մեկնաբանեցին, որ նշված անձը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3 հոդվածի հատկանիշներով, այն է՝ ոստիկանության ծառայողին վիրավորելը:

Նշենք, որ այս հոդվածն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:




Լրահոս