Դեկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը:
Ողոջունելով հյուրերին՝ Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության, մասնավորապես՝ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում և ընդգծել, որ Հայ մարմնակրթական ընդհանուր միության ծավալած գործունեությունը իրավամբ Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և կազմակերպության գործունեությանն աջակցելու պատրաստակամության համար՝ ՀՄԸՄ Լիբանանի ատենապետ Գառնիկ Մկրտչյան էլ նշել է, որ հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու և հայրենիքի շուրջ համախմբվելու ծրագրերը, համահայկական միջոցառումների, սկաուտական բանակումների և տարատեսակ մարզախաղերի կազմակերպումը մշտապես Հայ մարմնակրթական ընդհանուր միության ուշադրության կենտրոնում են:
20-րդ դարի սկզբին հիմնված Հայ մարմնակրթական ընդհանուր միության նպատակն է պատրաստել ֆիզիկապես տոկուն, իմացական և հոգևոր բարձր արժեքների տեր հայեր և քաղաքացիներ, նրանց մոտ զարգացնել պարտականության ու փոխադարձ օգնության գիտակցություն, համերաշխության, պատասխանատվության և պատվի զգացում: Հայաստանում և աշխարհի շուրջ 24 երկրներում գործող 108 մասնաճյուղերում ունի 26. 000 անդամ` սկաուտներ և մարզիկներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ մարմնակրթական ընդհանուր միության քառամյա գործունեության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները: