«Ժողովուրդ» օրաթերթրը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ սահմանադրական հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած օրինախախտումների փաստով երեկվա դրությամբ հարուցվել է վեց քրեական գործ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ քրեական գործերից մեկը հարուցվել է մեր լրագրողների լրագրողական հետաքննության արդյունքների հիման վրա: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի լրագրողները դեկտեմբերի 6-ին փորձել էին անձնական օրինակով համոզվել, թե արդյոք ընտրողը կարող է ուրիշի նույնականացման քարտով անարգել քվեարկել, եւ արդյո՞ք հանձնաժողովներում այդ մասով ներքին պայմանավորվածություն կա:
Մեր լրագրողներին հաջողվել էր քվեարկության բոլոր գործընթացներն անցնել: Սակայն «Ժողովուրդ»-ի թղթակիցը քվեախցիկին մոտենալուց հետո քվեարկելու փոխարեն, քվեաթերթիկի վրա գրել էր «հանուն լրագրողական հետաքննության» բառերը եւ քվեատուփ գցելու փոխարեն հենց տեղամասում ընտրական հանձնաժողովի անդամներին հայտնել էր իր ով լինելը: Այնուհետեւ քվեաթերթիկը բերել է խմբագրություն: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է ուրիշի փոխարեն քվեարկելուն օժանդակելու հատկանիշներով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: