Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Թուրքիային անհապաղ հետաքննել քրդամետ իրավապաշտպանի սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ դատի հանձնախմբի Կանադայի մասնաճյուղը (ANCC) դիմել է Թուրքիայի կառավարությանը` կոչ անելով անհապաղ թափանցիկ ու արդար հետաքննություն սկսել քրդամետ հայտնի իրավապաշտպան Թահիր Էլչիի սպանության գործով:

Ինչպես նշում է Asbarez-ը, չնայած որ Էլչիի` զինված անձանց և ոստիկանության միջև տեղի ունեցած փողոցային փոխհրաձգության հետևանքով սպանությունից անցել է արդեն 2 շաբաթ, այնուհանդերձ՝ Թուրքիայի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել սպանության գործով հետաքննություն սկսելու ուղղությամբ:

Աղբյուրը մանրամասնում է, որ նույնպիսի կոչով են հանդես եկել նաև քուրդ քաղաքական գործիչներն ու հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները:

«Թահիր Էլչիի սպանության դեպքը չպետք է արժանանա նույնպիսի ճակատագրի, ինչպես որ Հրանտ Դինքի սպանությունը: Պետք է լիարժեք հետաքննություն անցկացվի, և մեղավորները պետք է պատժվեն: Թուրքիան պարտավոր է հարգել օրենքի գերակայությունը»,-ասել է Հայ դատի հանձնախմբի Կանադայի մասնաճյուղի ղեկավար Ժիրայր Բասմաջյանը:

Բասմաջյանը նշել է նաև, որ լրագրող Դինքի սպանությունից արդեն 8 տարի է անցել, սակայն դեռևս չի պարզվել, թե ովքեր են տեղի ունեցածի իրական պատասխանատուները:

«Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել, որ Թահիր Էլչիի սպանությունը ևս այդքան երկար չբացահայտված մնա»,-հավելել է նա։

Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Էլչին սպանվել էր Դիարբեքիրի Սուր քաղաքում։




Լրահոս