1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից ուղարկված հազարավոր վագոն-տնակները Գյումրիում հիմնականում տեղադրվեցին կանաչ տարածքներում: Իսկ այդ կանաչ տարածքներից շատերն իրենցից ներկայացնում են գերխոնավ ճահճուտներ: Բազմաթիվ տնակներ էլ տեղադրվեցին հեղեղատարների եւ Գյումրի գետակի հարեւանությամբ: Այդ իսկ պատճառով հարյուրավոր տնակներ ամեն տարի գարնանն ու աշնանը, հորդառատ անձրեւների ժամանակ մշտապես հեղեղվում են: Երկու-երեք տարվա բնակության համար նախատեսված տնակները անցած 25 տարիների ընթացքում գրեթե ամբողջովին շարքից դուրս են եկել, եւ դրանցում բնակվելը պարզապես անհնար է դարձել: Գյումրու պարբերաբար հեղեղումների ենթարկվող տնակային ավաններից մեկն էլ ավտոկայանի հարեւանությամբ գտնվողն է:
“Շիրակ կենտրոնի” աշխատակիցներն օգնություն տրամադրելու եւ տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին Գյումրու ավտոկայանի տնակային ավանում միայնակ բնակվող, երկարամյա մանկավարժ Սոֆյա Մսրյանին: Նրա տնակը եւս ամեն տարի հեղեղվում է հորդառատ անձրեւներից: