ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողական հետաքննության առիթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, «Ժողովուրդ»-ը լրագրողական հետաքննություն էր իրականացրել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք ID քարտերի նկատմամբ ուշադրություն կա, թե՞ այն ընտրակեղծիքների ու կրկնակի քվեարկության հնարավորություն է ընդամենը: Եվ հիմա պարզվում է` ՀՀ գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով լրագրողական հետաքննությամբ ներկայացված փաստերը, որոշել է քրեական գործ հարուցել:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ հայրենի իրավապահները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը մի շարք դեպքերով քննությունն են սկսել:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ նշված օրը շուրջ 323 դեպքերը պարունակել են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական եւ նախաքննական մարմիններին նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 80 հրապարակում ուղարկվել է ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Իսկ, ահա, 6 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնց մեջ կա նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների հետաքննությունը:

Եվ այսպես, մինչ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը, ID քարտով քվեարկելու հարցի շուրջ բավականին լուրջ քննարկումներ ծավալվեցին: Բանն այն է, որ այդ քարտի վրա նշված չէ քաղաքացու բնակության հասցեն, պլաստիկ այդ քարտի վրա հնարավոր չէ քվեարկությունից հետո դնել այն հաստատող կնիքը, որպեսզի բացառվի կրկնակի քվեարկությունը, սակայն այս հանգամանքը չխանգարեց, որ ԱԺ մեծամասնությունը համաձայնություն տա, եւ քաղաքացիները ID քարտով քվեարկություն անելու հնարավորություն ունենան:

«Ժողովուրդ» օրաթերթը կոնկրետ մեկ օրինակով փորձեց իրականությունը պարզել: Նախ պաշտոնապես ահազանգեցինք, որ Մաշտոցի 5 հասցեի 17 բնակարանում, բացի տանտիրոջից, եւս 3 հոգի գրանցված են: Հասկանալու համար, թե արդյո՞ք հնարավոր է ID քարտով նշված հասցեի բնակիչներից որեւէ մեկի փոխարեն քվեարկել, լրագրողական հետաքննություն իրականացրեցինք: Երեւանի թիվ 42 դպրոցում տեղակայված 9/12 ընտրատեղամաս այցելեց մեր լրագրող Տաթեւ Հարությունյանը` նշված հասցեում գրանցված Թագուհի Թովմասյանի ID քարտով: Հանձնաժողովի անդամներից ՕԵԿ ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ անդամ Սոֆյա Յորդեկյանի հետ խորհրդակցելով՝ որոշեց լրագրողին թույլ տալ քվեարկել:

Քվեատուփին մոտեցած լրագրողը, սակայն, քվեարկություն չկատարեց: Նա քվեախցիկում քվեաթերթիկի վրա գրեց «Հանուն լրագրողական հետաքննության» բառերը եւ դուրս գալով քվեախցիկից՝ բարձրաձայն ասաց, որ ինքը ընտրատեղամաս է ներկայացել Թագուհի Թովմասյանի ID քարտով եւ նպատակ ուներ հետաքննություն իրականացնել: Իսկ հանձնաժողովի ՕԵԿ-ական ներկայացուցիչը չի համեմատել քարտի վրայի ու իր` գրանցամատյանում դրած ստորագրությունները, որեւէ կերպ փորձ չի արել՝ պարզելու` արդյո՞ք այդ քաղաքացին է իր ընտրացուցակում առկա անուն-ազգանունի «տերը», թե ID քարտով ներկայանալն արդեն «մեսիջ» էր, որպեսզի անխոչընդոտ քվեարկության հնարավորություն տան եւ, վերջապես, ո՞րն է ընտրող ներկայացածի իրական բնակության հասցեն:

Ու երբ մեզ հայտնի դարձավ, որ քրգործ է հարուցվել, մտահոգություններ հնչեցին, թե «Ժողովուրդ»-ի հետաքննությունը կարող է «շուռ գալ» լրագրողի դեմ, քանի որ լրագրողին կարող են մեղադրել ապօրինի քվեարկություն իրականացնելու մեջ: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածը հստակ սահմանում է, որ «Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով»:

Նկատեցիք` միայն քվեարկելու դեպքում է կիրառելի մեղադրանք տերմինը: Սակայն մեր լրագրողը չի քվեարկել, նշում անգամ չի արել քվեաթերթիկի վրա, ավելին` քվեաթերթիկը՝ որպես փաստացի ապացույց, խմբագրություն է բերել: Սա նույնն է, որ նախապես պլանավորված, համարակալած գումարով կաշառատվության փորձ արվի, ու բացահայտվի գործը, սակայն հանցագործության բացահայտմանը նպաստող անձին մեղադրանք առաջադրվի կաշառավտության հատկանիշներով:

Իսկ մեր նպատակն ընդամենը եղել է այն, որ կոնկրետ օրինակով ցույց տանք, թե ինչպես է աշխատում կեղծիքների մեխանիզմը: Եւ այն ահազանգերը, որ հանձնաժողովների անդամներն իրար հետ պայմանավորվածություն ունեն շատ բաներ չնկատելու վերաբերյալ` հատկապես ID քարտերի մասով, հաստատվեց կոնկրետ օրինակով: Ահա եւ վերջ:

Քնար Մանուկյան




Լրահոս