Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը միաձայն ընդունեց 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Բանաձևը խրախուսում է բոլոր անդամ և դիտորդ պետություններին, ՄԱԿ-ի համակարգի բոլոր կազմակերպություններին, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ու անհատներին նշել այդ միջազգային օրը` Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև այդ հանցագործության դեմ պայքարի ու դրա կանխարգելման դերը բարձրացնելու և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը հարգելու համար: Դեկտեմբերի 9-ը հիշատակում է 1948 թ. Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման օրը:

Այս միջազգային օրվա առաջին հիշատակումը կազմակերպվում է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նախագահի, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության, ինչպես նաև ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի համատեղ ջանքերով:

Ստորև ներկայացնում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երկլեզու ուղերձը օրվա կապակցությամբ.

 

«Այսօր մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Այն համընկնում է 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին կոնվենցիայի ընդունման տարեդարձի հետ:

Այժմ ճիշտ ժամանակն է վերահաստատելու միջազգային այս լուրջ հանցագործությունը կանխելու մեր հանձնառությունը, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին և վերասահմանելու իրավական պաշտպանության միջոցների և փոխհատուցման իրավունքը՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի:

Ցեղասպանության կանխարգելումը ենթադրում է առավել մեծ ուշադրություն դարձնել նախազգուշացնող նշաններին և պատրաստ լինել անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանց դիմակայելու համար: Սա է իմ` «Մարդու իրավունքներն՝ առաջնային ճակատում» նախաձեռնության նպատակը:

Ի վերջո, ցեղասպանությունն հանկարծակի տեղի չի ունենում, այն ժամանակի ընթացքում ծավալվում է: Դա հակամարտության դիպվածային հետևանք չէ, այլ շատ հաճախ համակարգված, ծրագրավորված, հստակորեն թիրախավորված մի երևույթ, որ կարող է տեղի ունենալ նաև ոչ միայն հակամարտության պայմաններում:
Այսօր ամբողջ աշխարհում անհանդուրժողականությունն ու այլատյացությունը վերընթաց աճ են ապրում: Այս վտանգավոր «մենք ընդդեմ նրանց» երևույթի դինամիկան հաճախ չարաշահվում է` արդարացնելու ինքնության տարբեր ձևերի, այդ թվում կրոնի, ազգային պատկանելության կամ այլ ձևերի հիման վրա իրականացվող համայնքների բացառումը և մերժելու աջակցությունը, սահմանափակելու մարդու իրավունքներն ու իրագործելու բռնության դաժան գործողություններ:

Ցեղասպանության կանխարգելումը միջազգային իրավունքով սահմանված յուրօրինակ պարտավորություն է: Սա հստակորեն սահմանվել է Արդարադատության միջազգային դատարանի ու այլ դատական մարմինների կողմից: Կառավարությունները պետք է գործեն ելնելով այս հրամայականից` իրենց ներդրումն ունենալով կանխարգելման ու կանխարգելիչ գործողությունների ձեռնարկման ոլորտում: Միջազգային այս նոր հիշարժան օրվա առթիվ եկե՛ք գիտակցենք առավել միահամուռ աշխատելու անհրաժեշտությունը՝ պաշտպանելով անհատներին մարդու իրավունքների կոպիտ խախտումներից և սատար կանգնելով համայն մարդկությանը»:




Լրահոս