Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը:
Այս պահին ակտիվ քննարկվում է տարբերակ, ըստ որի՝ հակառակորդի նման ակտիվությունը հայկական կողմի տարածած տեսանյութի հետևանքն է: Նշենք, որ խոսքը մի տեսագրության մասին է, որում երևում է, թե ինչպես են մեր զինծառայողները ադրբեջանական ռազմական ավան ոչնչացնում:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանն այս պնդումների հետ այնքան էլ համակարծիք չէ. «Իսկ նրանց կողմից արված հրապարակումները ճի՞շտ են արդյոք: Մենք հիմա ամեն ինչ բաց ասում ենք, չէ՞: Նրանք էլ են ասում, բայց` ոչ ամբողջությամբ: Հարձակվել և կրակել երևույթները տարբեր են: Մեր բոլոր հակահարվածներն արժանի պատասխան են նրանց քայլերին: Առաջինը նրանք են սկսել, ոչ թե մենք: Եվ սա նրանց ներքին խնդիրների հետ է կապված: Չի բացառվում, որ սա նաև կապված է Թուրքիայի վարչապետի վերջին այսցի հետ, որի ժամանակ փակ խորհրդակցություն տեղի ունեցավ»:
Միքայել Հարությունյանի գնահատմամբ՝ եթե հակառակորդը սկսել է տանկեր կիրառել, մե՛նք էլ պետք է կիրառենք. «Իրենք սկսում են, մենք էլ պատասխան ենք տալիս: Եթե չպատասխանենք, նրանք կմտածեն՝ մենք նրանցից վախենում ենք, բայց ինչպե՞ս կարող ենք մենք նրանցից վախենալ: Եթե նրանք չհանգստանան, կստանան այնքան, որքան պետք է»:
Հիշեցնենք, որ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /17 արկ/ և հրասայլ /5 արկ/: Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:
Հավելենք նաև, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 3-ին պաշտոնական այց է կատարել Ադրբեջան: Երկօրյա այցի շրջանակներում Դավութօղլուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Հանդիպումների շրջանակներում քննարկվել են մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցը:
Ի դեպ, այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Սեյրան Օհանյանն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի կողմից իրավիճակը հետևողականորեն ապակայունացնելու վերաբերյալ՝ նշելով, որ նախորդ օրը ադրբեջանական կողմը ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ առաջին անգամ կիրառել է տանկային կրակ՝ 125մմ հրանոթներից, ինչը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում: Դեսպան Ա. Կասպիշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութերից մեկը: