Լրագրողները դիմում են Դավիթ Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը վճռեց մերժել “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայց ընդդեմ “X գրուպի” սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: 
“Ժողովուրդ”-ը Խաչիկ Խաչատրյանից պահանջում էր ընդամենը ներողություն խնդրել՝ լրագրողին վիրավորելու՝ “պրաստիտուտկա” անվանելու համար: Սակայն դատավորն իր կայացրած վճռով մեր՝ լրագրողների հետագա գործունեությունը ըստ էության դժվարացնում է, քանի որ այսուհետ ցանկացած գործարար կամ չինովնիկ կարող է վստահ լինել, որ իրեն հարց տալու համար լրագրողին կարող է հայհոյել, անպատվել ու մնալ անպատիժ: 
ՄԵՆՔ՝ ՆԵՐՔՈՍՏՈՐՈԳՐՅԱԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՍ, ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ “ժՈՂՈՎՈՒՐԴ” ՕՐԱԹԵՐԹԻ ԴԵՄ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ. ՍԱ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է՝ ՔԱՆ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՇԿԱՆԴԵԼՈՒ ՓՈՐՁ:
Դիմում ենք ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, որպեսզի հանդես գա օրենսդրական փոփոխության առաջարկով: Անհրաժեշտ է, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում տեղ գտած “հրապարակային վիրավորանք” ձեւակերպումը չտարածվի լրագրողների վրա, որպեզի նրանց մասնագիտական գործունեության ժամանակ անհրաժեշտ հեռախոսազանգերը եւ ինֆորմացիա ճշտելու այդ ձեւը դատարանի կողմից չհամարվի “անձնական զրույց”: 
Հուսանք՝ գոնե այդ պարագայում դատարաններն ավելի խելամիտ կգտնվեն ու գործարարների կողմից լրագրողներին վիրավորելու փաստերը կհամարեն պատժելի արարք:
 
Լրագրող Փայլակ Ֆահրադյանի  նախաձեռնած ստորագրահավաքին միանալ ցանկացող լրագրողները կարող են զանգահարել “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրություն (010 546423), կամ իրենց անունն ու ազգանունը գրանցել “Հանուն բարեխիղճ լրագրության” ֆեյսբուքյան խմբում:




Լրահոս