Դեռեւս փետրվարին Երեւանի Ամիրյան 18, 18ա, 20, 24 եւ Մաշտոցի 15 շենքերի բակում իրականացվող շինարարության վերաբերյալ բազմաթիվ բնակիչներ դիմում-բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին:
Այս առնչությամբ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է.
“Պաշտպանին ուղղված դիմումի մեջ բնակիչները բարձրացրել էին իրականացվող շինարարության օրինականության հարցը:
Քաղաքաշինության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ի պատասխան Պաշտպանի գրություններին, հայտնել էին, որ շինարարությունը դադարեցված է, սակայն մի քանի օր առաջ դիմումատուներից մեկը ահազանգել էր Պաշտպանի թեժ գիծ եւ հայտնել, որ շինարարությունը կրկին շարունակվում է:
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները տեղում արձանագրել էին, որ շինարարությունն իրոք վերսկսվել է: Բնակիչները Պաշտպանին ներկայացրել էին նախորդ դիմումին ի լրումն նոր դիմում:
Խնդիրը գտնվում է Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում”: