Երևանի և Թեհրանի միջև համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակության հանդիպման ժամանակ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է երկու ժողովուրդների բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները և այդ տեսանկյունից կարևորել Թեհրանի հետ տարբեր, մասնավորապես կրթամշակութային ոլորտում ակտիվ համագործակցության ծավալումը:
«Երևանի և իրանական խոշոր քաղաքների միջև տարիների ընթացքում ձևավորվել են արդեն իսկ հաջողված համագործակցության օրինակներ: Առաջիկայում նախատեսված է նաև երկու մայրաքաղաքների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրում, որը, վստահ եմ, նոր հիմքեր կստեղծի եկկողմ հարաբերությունների խորացման, փոխգործակցության ամրապնդման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման համար»,-նշել է Արամ Սուքիասյանը:
Թեհրանի քաղաքապետարանի մշակույթի և արվեստի կազմակերպության նախագահ Մոհամմադ Սալահին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Թեհրանի քաղաքապետի ողջույնները, շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և իր հերթին ևս կարևորել Երևանի հետ համագործակցության ընդլայնումը:
«Երևանն իսկապես շատ ջերմ ու հյուրընկալ քաղաք է և շատ իրանցիների համար այն երկրորդ տան նման է: Ուրախ եմ այցելության համար և համոզված եմ, որ այս հանդիպումը արդյունավետ կլինի համատեղ գաղափարների կյանքի կոչման ու բարեկամական հարաբերություններն առավել գործնական փուլ տեղափոխելու համար»,-նկատել է Մոհամմադ Սալահին:
Արամ Սուքիասյանը ընդգծել է Թեհրանի հետ համագործակցության հարցում Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը: Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև Երևանի օրերը Թեհրանում և ԻԻՀ մայրաքաղաքի օրերը Երևանում անցկացնելու հետ կապված հարցեր: