ՄԻՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ գրանցված երեկվա միջադեպը բավական ուշագրավ նրբերանգներ է բացահայտել` կապված ներկայումս ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների իրական վիճակի հետ: Ինքնին այն փաստը, որ ՀՀ ոստիկանության որեւէ աշխատակից կարող է հանդգնել արգելել Գագիկ Ծառուկյանին կամ նրանից շատ ավելի փոքր կշիռ ունեցող որեւէ այլ օլիգարխի անցնել այս կամ այն ճանապարհով, բնականաբար որեւէ մեկի մոտ կասկածի նշույլ չի թողնում, որ դա արվել է ամենավերեւից իջեցված հրահանգով: Առայժմ, իհարկե, այդ ցուցադրական եւ բավական էժանագին մեսիջը «պրոֆիլակտիկ» բնույթ էր կրում, եւ թերեւս նպատակ ուներ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու սպառնալիքներ հնչեցնող ուժի ղեկավարին սթափեցնել: Դատելով Ծառուկյանի` ոստիկանության աշխատակիցների հետ դրսեւորած երեկվա զուսպ պահվածքից, նա դա շատ լավ գիտակցում է, եւ առայժմ միարժեք չի կարելի կանխատեսել, թե իշխանությունների կողմից առաջիկայում մեծացվող ճնշումների պարագայում ինչպիսին կլինի Ծառուկյանի հակազդեցությունը: Սակայն մյուս կողմից էլ, իշխանությունների նման վերաբերմունքը չպետք է որ անսպասելի լիներ Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմի համար: Հանուն արդարության պետք է նշել, որ իր գործունեության գրեթե ողջ ընթացքում ԲՀԿ-ն մշտապես օգտվել է իշխանական բարիքներից, սակայն երբ եկել է դրա համար ժողովրդի առջեւ պատասխանատվություն կրելու պահը` որպես կանոն, լքել է նավը: Անգամ վերջին մեկ տարվա ընթացքում` «այլընտրանք» դառնալուց հետո, ԲՀԿ-ն էլի իներցիայով շարունակել է ընկալվել եւ օգտվել իշխանական բարիքներից, այդ թվում եւ` ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի պորտֆելից (նախարարի պաշտոնակատար Ռոստոմյանի ԲՀԿ անդամությունը սառեցված է, բայց ինքնին հասկանալի է, որ դա զուտ ֆորմալ նշանակություն ունի), Գագիկ Ծառուկյանի գլխավորած ՀԱՕԿ նախագահի եւ ԱԱԽ անդամի պաշտոններից: Ընդ որում, երբ երեկ Ծիծեռնակաբերդում ոստիկանը խոչընդոտել է Ծառուկյանի երթը պատգամավորական ճանապարհով, վերջինիս ուղեկիցները շտապել են հիշեցնել, որ նա ԱԱԽ անդամ է: Ասել է թե` երբ հարկ է օգտվել այդ պաշտոնի ընձեռած լիազորություններից, ԲՀԿ-ականները դա շատ լավ հիշում են, իսկ երբ գալիս է հարգելու այդ նույն պաշտոնով սահմանված պարտավորությունները, ԲՀԿ ղեկավարը մշտապես մոռանում է այդ մասին` մեկնելով տարատեսակ գործուղումների: Հատկապես վերջին մեկուկես տարիներին ԲՀԿ ղեկավարը որեւէ անգամ չի մասնակցել ԱԱԽ նիստերին, անգամ, երբ այն հրավիրված էր Սաֆարովի արտահանձնման առիթով: Էլ չասած` ԱԱԽ անդամ Ծառուկյանի` Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չմասնակցելու փաստը: Վստահաբար` հատկապես այս վերջինը ոչ մի կերպ չի ներվում նրան, եւ եթե Ծառուկյանի այդ քայլն իրոք քաղաքական հստակ դիրքորոշման արտահայտություն էր, ապա նա վերջնականապես պետք է հրաժարվի այս իշխանությունների ընձեռած ցանկացած պաշտոնական կարգավիճակից:




Լրահոս