ԼՂՀ արտաքին գործերի նախարարի հանդիպումները Վաշինգտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման և ընդարձակման, ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության, ինչպես նաև շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող խախտումների և սադրանքների աճի հետ կապված հարցեր: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել նրանց գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը:
Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ հանդիպումից հետո ԼՂՀ արտաքին գործերի նախարարը մասնակցել է ի նպաստ Արցախի քարոզարշավի մասնակիցների համար կազմակերպված ընդունելությանը, որոնք Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ժամանել էին Վաշինգտոն՝ ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումներ ունենալու և Արցախին առնչվող հարցերը կոնգրեսականների հետ քննարկելու համար: Ընդունելության ընթացքում Կարեն Միրզոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:

Նույն օրն արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացում առկա իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, երկուստեք ընդգծվել է հրադադարի խախտումները բացառելու և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Հանդիպումներին ԼՂՀ ԱԳՆ ղեկավարին ուղեկցել է ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:




Լրահոս