Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում է հայտնվել մի գործ, որն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին նշված է ՌԴ նախագահի աշխատակազմից ստացված մի նամակում՝ ստորագրված ընդունարանի պաշտոնյաներից Տ. Օվչիննիկովայի կողմից: Ըստ տարածված տեղեկությունների՝ ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով, թե իրենց մոտ Հայաստանից հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են խոշոր բիզնեսում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ մի շարք փաստեր:
Եվ այսպես, Պուտինին ուղարկվել են փաստաթղթեր, որպեսզի ծանոթանալով դրանց՝ ՌԴ նախագահը տեղեկանա եւ համապատասխան գնահատական տա այն իրողությանը, թե ինչպես է նրա անվան տակ թաքնվելով եւ բարի վերաբերմունքն ակնկալելով՝ Քոչարյանը թալանել սեփական ժողովրդին եւ փոքրիկ երկրից միլիարդներ տարել դուրս:
«Ժողովուրդ»-ը զրուցեց տարբեր քաղաքական ճամբարների ներկայացուցիչների հետ` փորձելով պարզել նրանց վերաբերմունքը վերը նշված տեղեկատվության մասին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
-Տիկի՛ն Սարգսյան, տեղեկություններ կան, որ Ռ. Քոչարյանը թալանել է սեփական ժողովրդին, ինչի մասին ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն նամակ է հղել Վլ. Պուտինին: Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս Քոչարյանը դրան ընդունակ էր:
-Ուրեմն ոչ միայն կարելի է հավատալ, այլեւ ցավով եմ նշում, որ դա մեզ պատիվ չի բերում, որ մեր երկրի երկրորդ նախագահի մասին նման լուրեր են տարածվել, որոնք շատ մոտ են իրականությանը: Եթե նա իր նախագահության օրոք կարողացավ թալանել Հայաստանի կեսը եւ ինչ-որ տեղ աջակցություն է ստանում, ապա ես չեմ զարմանում, որ նա նույն ձեւով է շփվել նաեւ ՌԴ-ի հետ: Դրանք շատ իրատեսական լուրեր են, հետեւաբար շատ ամոթ է մեր երկրի համար: Ինչպես ասում են, կեղտը տնից դուրս հանելը լավ բան չէ, բայց դա այն կեղտն էր, որ վաղուց հայտնի էր ամբողջ աշխարհին: Մեզ համար այդտեղ ոչ մի զարմանալի բան չի կարող լինել, մենք գործ ունեինք հանցագործ մի մարդու հետ, որը ոչ մի բանի առաջ չէր կանգնում իշխանությունը պահելու եւ իր ֆինանսական միջոցները պահպանելու համար: Նա նաեւ մարտի 1 իրականացրեց, հետեւաբար ինչ էլ որ լսենք, իրատեսական կլինի Ռ. Քոչարյանի մասին: Ես հույս ունեմ, որ նաեւ գործընթաց կգնա: Գոնե թալանը, գողոնը կվերադարձվի երկրին:
-Իսկ հնարավոր չե՞ք համարում այն տարբերակը, որ այդ տեղեկությունները տարածվել են պատվերով` Քոչարյանին վարկաբեկելու համար:
-Ոչինչ չեմ բացառում, բայց քանի որ ինքն այսօր գործող նախագահ չէ, չեմ կարծում, որ նրա մասին լուրեր տարածելը հայ-ռուսական հարաբերությունների վրա կարող է ինչ-որ կերպ ազդել: Ես հակված եմ կարծել, որ շատ հավանական է այն, որ նա կարողացել է ժողովրդի հաշվին հարստանալ:
Քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ
-Պարո՛ն Բոզոյան, Ձեր կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահն ունա՞կ էր նման քայլի` ապօրինի կերպով երկրից միլիարդներ դուրս հանելով եւ ժողովրդին թալանելով` սեփական բիզնեսը ծաղկեցնել:
-Անկեղծ ասած` ես տեղյակ չեմ այդ լուրերից, դրա համար դժվարանում եմ ինչ-որ կոնկրետ պատասխաններ տալ: Այս դեպքում խոսելիս պետք է պարտադիր փաստեր ունենալ ու այդ փաստերի հիման վրա կարծիք արտահայտել: Ուղղակի խնդիրն այն է, որ 20 տարվա ընթացքում Հայաստանում նման խոսակցություններ շատ են եղել՝ մազութի գործ եւ այլն… Եթե լինի փաստ կոնկրետ առարկայական խնդրի մասին, ապա այդ ժամանակ կարելի է ինչ-որ բան ասել: Այս առումով կարող է մեկը սրա մասին ասել, մեկը` մյուսի մասին, ու դա դառնում է քաղաքական զենք մեկը մյուսի դեմ օգտագործելու համար:
-Իսկ ինչո՞ւ են հենց այս փուլում հաճախակիացել Քոչարյանին վարկաբեկելուն ուղղված տեղեկատվական արտահոսքերը:
-Կարծում եմ` ժամանակահատվածը կապ ունի, գիտեք, որ սա, ըստ էության, այն ժամանակահատվածն է, երբ ներկուլիսային այդպիսի քննարկումներ շատ են լինում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ
-Պարո՛ն Բադեյան, Դուք տեղյա՞կ եք Վլ. Պուտինին ուղարկված այն փաստաթղթի մասին, որտեղ նշված է, թե Ռ. Քոչարյանը թալանել է ժողովրդին:
-Ես կասկածելի տեղեկությունները չեմ ցանկանում մեկնաբանել: Այնքանով, որքանով ես եմ ճանաչում Ռ. Քոչարյանին, նման բան չէր կարող լինել: Վստահ եմ, որ ինքը թշնամիներ ունի, եւ ինչ-որ տեղեկություններ անպայման կտարածվեն, բայց թե դրանց ճշմարտացիությունը ինչքան է, արդեն համապատասխան անձինք պետք է որոշեն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ
-Պարո՛ն Օսկանյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին ՌԴ գլխավոր դատախազությունում փաստաթղթեր…
-Մոռացե՛ք այդ թեման… ինձ… հարցազրույց չեմ տալիս… (Վ. Օսկանյանը սկզբում պատրաստ էր պատասխանել մեր հարցերին, սակայն Ռ. Քոչարյանի անունը լսելուց հետո կտրականապես հրաժարվեց խոսել-Ս. Գ):