Երեկ ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը եւս այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վերջինս 7 տարի չէր այցելել Հայաստան եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով: -Շատ հակասական փոփոխություններ նկատեցի՝ ե՛ւ լավը, ե՛ւ շատ վատը: -Օրինակ՝ ի՞նչն էր լավ, եւ ի՞նչը՝ վատը: -Դեպի լավը կարող էր ավելի շատ լինել, բայց ես չնկատեցի: Դե հասկանալի է, Երեւանը փոխվել է, բայց ամենավատն այն է, որ հայաթափվում է երկիրը: Մենք այսօր նաեւ Ջավախքում ենք պայքարում արտագաղթի դեմ, այնտեղ էլ խնդիրը բավական լուրջ է, բայց Հայաստանից ինչո՞ւ են գնում: -Ըստ Ձեզ, ինչի՞ հետեւանք է այս ամենը: -Գիտեք, այս ամենում պետք չէ մեղադրել ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը: Մենք պետք է այս ամենը հաղթահարենք: -Ինչպե՞ս հաղթահարենք: -Օգտագործելով ամեն մի հայի ռեսուրս, մտավոր, ֆինանսական, ֆիզիկական՝ նշանակություն չունի: Պետք է միասնական լինեք եւ կարողանանք ամուր կանգնել կողք կողքի ու նպաստ բերել մեր հայրենիքին: Այստեղ բիզնեսմեն, իշխանավոր կամ ընդդիմադիր մեղավոր չէ: Ամեն մեկս մեր հերթին մեղավոր ենք: -Ի՞նչն է խանգարում, որ Ցեղասպանություն ապրած ժողովուրդը կարողանա միասնական լինել: -Ես գիտեմ՝ ինչն է խանգարում, բայց չէի ցանկանա այդ մասին խոսել: Ամեն մեկս պետք է կարողանանք մեր «ես»-ին հաղթահարել, այդ ժամանակ ամեն ինչ այլ կլինի, հավատացե՛ք: Դա է մեր խնդիրը: -Երկա՞ր եք մնալու Հայաստանում: -Մինչեւ ապրիլի 27-ը կմնամ, կհանդիպեմ հարազատ մարդկանց եւ այդպես: -Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դժգոհել էր Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից՝ նշելով, թե այդ երդմնակալությանը հրավիրվել են Բաղրամյանի գումարտակի անդամները, որոնք 1992-93թթ. վրաց-աբխազական հակամարտության տարիներին կռվում էին Աբխազիայի կողմից: Ինչպե՞ս եք մեկնաբանում Վրաստանի նախագահի այս հայտարարությունը: -Նախ նշեմ, որ ես պատահական չեմ համարում Սահակաշվիլու այցը Թուրքիա, եւ դրա համար էլ ընկավ, ու ձեռքն այդպես եղավ: Սահակաշվիլու այս հայտարարությունները սադրանք եմ համարում, նրա ռեժիմը չի հաշտվում, որ պարտվել է, եւ ամեն ինչ անում է՝ իշխանությունը վերադարձնելու համար: Միջոցներից մեկն էլ նա համարում է իր կարողությունը, որ սեպ խրի հայ-վրացական հարաբերությունների մեջ: -Դուք ինքներդ տեղաշարժ տեսնո՞ւմ եք Վրաստանի կողմից Ցեղասպանության ճանաչման գործում: -Որոշակի փոփոխություններ կան: Մեր հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ վրացական կառավարական կազմակերպությունները դիմել են Վրաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, եւ սա արդեն լավ է: