Խորհրդակցություններն ու հանձնարարությունները շարունակվում են, իսկ «արդյունքն ակնհայտ է» միայն երթուղայիններից չօգտվողների համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականը դեռևս երկար կհիշվի երևանաբնակների կողմից: Երիտասարդության համառ պայքարի շնորհիվ կասեցվեց երթուղայինների սակագինը 100 դրամից 150 դրամ դարձնելու որոշումը:

Թանկացման պատճառը քաղաքապետարանը բացատրում էր այսպես. եթե ցանկանում եք ավելի բարեկարգ երթուղայիններով երթևեկել, պետք է վճարեք 150 դրամ, այլապես, սիրելի քաղաքացիներ, ստիպված կլինեք շախմատի ձի դառնալ, շնչել վարորդի ծխախոտի ծուխը…. ցանկն անվերջ կարելի է շարունակել:

Սակայն գեղեցիկ խոստումները քաղաքացիներին չգայթակղեցին: Համառ պայքարը տվեց իր ցանկալի պտուղները: Քաղաքապետարանն էլ, կարծես, պատժում է «չարաճճի և ինքնասածի» մարդկանց:

Իհարկե, մարդիկ քաջ գիտակցում են, որ գործում է ընկել ենք, պիտի քաշենք տարբերակը, առանձնապես հույսեր չեն էլ կապում միկրոավտոբուսները բարեկարգելու խոստումների հետ: Վստահ են՝ չեն վճարում, ուրեմն՝ անմարդկային, ոչ արժանապատիվ երթուղայիններով պետք է քաղաքում շրջեն:

Սակայն ողբերգությունը սրանում չէ. պարզվում է՝ Երևանի քաղաքապետարանում պարբերաբար աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունենում, որի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարում է շարունակել երթուղայիններում շարժակազմերի՝ հատկապես երեկոյան ժամերին անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները: Ամեն անգամ զեկուցվում է, որ ընթացքի մեջ են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերի շրջանակում հասարակական տրանսպորտի ավտոբուսները համապատասխան վերելակներով կահավորելու աշխատանքները: Վերջին հանդիպմանը հանձնարարվել է սահմանված ժամկետում ավարտել ավտոբուսների կահավորման աշխատանքներն ու շահառուների մասնակցությամբ դրանք փորձարկելուց հետո հանձնել շահագործման:

Թե որն է սահմանված ժամկետը, թերևս, գիտեն միայն պետական մարմինները: Խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում արդեն տասնյակ տարիներ է՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրը լուծված է: Իսկ Հայաստանում դեռևս խորհրդակցում են ու հանձնարարություններ են տալիս:

Եվ ընդհանրապես որն է մշտադիտարկումների շոշափելի արդյունքը… սա հռետորական հարց է: Երևի թե, վատ չէր լինի, եթե տոնակատարություններին խեղճ ու կրակ բյուջեից միլիոններ հատկացնելու փոխարեն տարիների վաղեմություն ունեցող խնդիրներին լուծում տրվեր:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս