«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին օրերին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի մի շարք գյուղերում անասունները հիվանդանում են: Այդ գյուղերն են՝ Մարգարան, Լուսագյուղը, Ապագան, Ջրառատը եւ այլն: Տեղի բնակիչների համոզմամբ՝ անասունների մոտ արձանագրվածը դաբաղ հիվանդությունն է: Սակայն բնակիչների փոխանցած տեղեկությունները ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի ավտանգության պետական ծառայությունը չի հաստատում:
Նշենք, որ դաբաղը ընտանի կենդանիների խիստ վարակիչ, սուր ընթացքով վիրուսային հիվանդություն է, որը բնորոշ է տենդով եւ բերանի խոռոչի լորձաթաղանթների, մաշկի եւ վերջավորությունների խոցային (աֆտա) ախտահարումներով: Առավել զգայունակ են խոշոր եղջերավոր կենդանիները եւ խոզերը, ոչխարները, այծերը: Կան տվյալներ շների եւ կատուների վարակելիության մասին: Հիվանդության հարուցիչի աղբյուրը հիվանդ եւ վիրուսակիր կենդանիներն են: Ի դեպ, վերջիններիս օրգանիզմում վիրուսը պահպանվում է ավելի քան 400 օր:
Դաբաղի վիրուսը կաթի մեջ 65C ջերմաստիճանի պայմաններում ակտիվազրկվում է 30 րոպեում, 70C-ում՝ 15 րոպեում, իսկ 80-100C-ում՝ մի քանի վայրկյանում: Սպանդի ենթարկված կենդանիների մսեղիքում կաթնաթթվի ազդեցության տակ վիրուսն ակտիվազրկվում է: Աղ դրված եւ ապխտած մթերքներում դաբաղի վիրուսը պահպանվում է 50 օր: Թույլատրվում է օգտագործել դաբաղով հիվանդ կենդանու մսամթերքը եւ կաթը միայն ջերմային մշակման ենթարկելուց հետո:
Ի դեպ, դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ են նաեւ մարդիկ, հատկապես՝ երեխաները: Վիրուսի փոխանցում կարող է կատարվել նաեւ մարդկանց եւ այլ՝ մեխանիկական միջոցներով: Դաբաղից անկած կենդանիների դիակները ոչնչացնում են, կաթը՝ վնասազերծում ջերմային մշակմամբ:
ՀՀ Արմավիրի մարզի մի շարք գյուղերում այս օրերին բնակիչները նույնիսկ անասնաբույժին չեն թողնում մտնել իրենց անասնագոմ: Օրինակ՝ Լուսագյուղի բնակիչները կարծում են, որ անասնաբույժը կարող է վարակի աղբյուր լինել, քանի որ անասնաբույժը օրվա մեջ տարբեր անասնագոմեր է մտնում, ուստի կարող է վարակը մի անասնագոմից մեկ այլ անասնագոմ տեղափոխել: Բացի այս՝ նրանք պատմեցին, որ իրենց անասուններին բիցիլին կոչվող դեղամիջոց են ներարկել՝ այդ կերպ փորձելով կանխել հիվանդությունը: Դրա արդյունքում, սակայն, այդ օրերին տարածաշրջանում գտնվող գրեթե բոլոր անասնաբուժական դեղատներում վերոնշյալ դեղամիջոցը դժվարությամբ է գտնվել, քանի որ սպառումը մեծ է եղել:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Էջմիածնի տարածաշրջանի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի հետ, ով փոխանցեց հետեւյալը. «Մեր գյուղում պաշտոնապես չի գրանցվել դաբաղ հիվանդություն: Թեեւ անասունները տաքություն են ունենում, բայց մարդիկ այդ ուղղությամբ աշխատում են, դեղեր են ներարկում: Հուսով ենք, որ շուտով վիճակը կլավանա»: Գյուղապետը վստահեցրեց, որ անասունի անկման դեպքեր չեն գրանցվել, քանի որ ջրառատցիները զգոն են:
Իսկ, ահա, Մարգարայի գյուղապետ Խաչատուր Աստարյանը տեղեկացրեց, որ գյուղում արդեն ավարտում են անասունների հիվանդության դեմ պատվաստման միջոցառումները: «Այս սեզոնին կրկնակի պատվաստեցինք: Փառք Աստծո, անասունի անկման դեպք չի գրանցվել: Կարելի է ասել, որ հիվանդությունը արդեն հետ է նահանջում»,- լրացրեց Մարգարայի գյուղապետը:
Արմավիրի մարզի գյուղերում ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով «ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ ՍԱՊԾ-ն տեղյակ է եւ իրավիճակը վերահսկում է: «Այստեղ ոչ թե հիվանդության, այլ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ տանելու մասին է խոսքը: Բանն այն է, որ Թուրքիայի Հանրապետության որոշ նահանգներում վերջերս պարբերաբար գրանցվեցին դաբաղ հիվանդության դեպքեր: Եւ քանի որ Թուրքիան շատ մոտ է մեր սահմանին, եւ այդ հիվանդությունն էլ օդակաթիլային եղանակով փոխանցվող հատուկ վտանգավոր հիվանդությունների ցանկում է, դրա համար որոշեցինք սահմանամերձ գյուղերում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:
Այսինքն՝ անասնագլխաքանակը եւս մեկ անգամ պատվաստվեց դաբաղ հիվանդության դեմ: Ռիսկը բարձր գնահատելով եւ այդ հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով՝ հարակից համայնքներում իրականցվում են դաբաղի դեմ կանխարգելիչ պատվաստումներ»,-պարզաբանեց մասնագետը՝ ընդգծելով, որ նմանատիպ գյուղերի թիվը 22-ն է: Նա հավաստիացրեց, որ ոչ հիվանդության եւ ոչ էլ անասունների անկման արձանագրված դեպքեր չկան:
Հավելենք, որ մոտ 7 տարի է, ինչ Հայաստանից դեպի ՌԴ մսամթերք չի արտահանվել, քանի որ ՀՀ-ն խոցելի է այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են խոզերի աֆրիկյան ժանտախտը եւ դաբաղը: Նախկինում ռուսական կողմը պնդում էր, որ Հայաստանում ընտանի կենդանիների շրջանում դաբաղի առկայություն կա, մինչդեռ հայ մասնագետների հավաստիացմամբ՝ այդ հիվանդությունը ՀՀ-ում վաղուց չկա: Սակայն վերջին մեկ տարում ՀՀ-ն համարվել է նշված հիվանդություններից զերծ տարածք եւ արդեն իսկ ՀՀ-ից մի քանի տեսակ մսամթերք է արտահնվում ՌԴ: Մասնագետները կրկին պնդում են, որ դաբաղի դեպքեր Հայաստանում չեն գրանցվել եւ Արմավիրի մարզում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները պայմանավորված են սահմանակից երկրների ռիսկերով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ