ՆՈՐ ՄԱՀԱԿ՝ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԳԼԽԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակությունը նոր-նոր է սկսել զգալ կառավարության առաջարկով 2012թ. դեկտեմբերին ԱԺ-ի կողմից ընդունված հարկային փոփոխությունների փաթեթի հետեւանքները: Հատկապես «Շրջանառության հարկի մասին» օրենքը մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար դարձել է իսկական գլխացավանք: Բանն այն է, որ ընկերություններն այս տարվա հունվարի 1-ից պարտադիր սոցիալական վճարի եւ եկամտահարկի փոխարեն պետք է յուրաքանչյուր եռամսյակ վճարեն շրջանառության հարկ: Եվ ահա ապրիլին եկել է շրջանառության հարկը վճարելու ժամանակը:

Ընդդեմ փորք ու միջին բիզնեսի

Օրենքով սահմանված դրույքաչափի համաձայն` առեւտրական եւ արտադրական գործունեությունից եկամուտների դիմաց պետք է վճարել 3.5%, վարձակալությունից ստացված եկամուտների համար` 10%, նոտարական գործունեությունից եկամուտներից` 20%, իսկ այլ գործունեության եկամուտներից՝ 5%:
Մանր ու միջին ձեռնարկատերերը պնդում են` օրենսդրական այս փոփոխություններից հետո իրենք ավելի շատ հարկ են վճարում, քան առաջ: Օրինակ, եթե առաջ խանութպանը վճարում էր մոտ 2 տոկոս շահութահարկ, ապա հիմա ստիպված է եռամսյակը մեկ վճարել շրջանառության 3,5 տոկոսի չափով: Այլ կերպ ասած՝ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը, որն առիթը բաց չի թողնում հայտարարելու Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի զարգացման եւ այդ «ոլոլորտին» օգնելու անհրաժեշտության մասին, իր քայլերով ճիշտ հակառակն է անում. հարկային պարտավորությունների խստացման հետեւանքը լինելու է մանր ու միջին ձեռնարկատերերի սնանկացումը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի բնութագրմամբ՝ լավագույն դեպքում այս հարկատեսակի համար պետք է 2-2,5 տոկոս դրույքաչափ սահմանվեր, այլապես դա բեռ է դառնում փոքր ու միջին բիզնեսի համար: «Այն իրավիճակում, երբ կտրուկ նվազել է առեւտուրը, երբ դեռ չի վերականգնվել տնտեսությունը, ճիշտ չէ հարկային բեռի բարձրացումը եւ փոքր սուբյեկտների նկատմամբ հարկային բեռի էլ ավելի խստացումը»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ նման քայլերով կառավարությունը հրաժարվում է փոքր ու միջին բիզնեսի աջակցման ծրագրերից: Ա. Մինասյանի կարծիքով՝ օրենսդրական այս փոփոխությունների հետեւանքով տեղի կունենա մի կողմից գնաճ, մյուս կողմից՝ աշխատատեղերի կրճատում եւ գործազրկության աճ: Նրա խոսքով՝ շրջանառության հարկը կհանգեցնի նաեւ համախառն ներքին արդյունքի նվազեցմանը:

Ընդդեմ խոսքի ազատության

Եվս մեկ կարեւոր հանգամանք. հարկային այս փոփոխություններն ուղղակիորեն առնչվում են նաեւ լրատվամիջոցներին, որոնք եւս պետք է եռամսյակը մեկ շրջանառության հարկ վճարեն: Օրինակ, եթե բոլորին հայտնի առաջատար թերթերի խմբագրությունները նախկինում ամսական վճարում էին, ասենք, 200-250 հազար դրամ, ապա հիմա, սրան գումարած, ամեն եռամսյակ պետք է վճարեն նաեւ 500-600 հազար դրամ շրջանառության հարկը: Սա, թերեւս, լուրջ հարված է հատկապես տպագիր լրատվամիջոցներին, որոնք, ի տարբերություն էլեկտրոնայինների, փոքր շահույթ ունեն, սակայն մեծ շրջանառություն: Դեռ ավելին, այս հարկատեսակը դամոկլյան սրի նման կախված է ոչ թե իշխանական, այլ ազատ եւ ընդդիմադիր լրատվամիջոցների գլխին, քանի որ սպառում ունեն հենց ազատ լրատվամիջոցները: Արդյունքում՝ չի բացառվում, որ շատ լրատվամիջոցներ պարզապես սնանկանան, ինչն էլ կհանգեցնի մեդիաոլորտում մենաշնորհի հաստատման: Մի երեւույթ, որին իշխանությունները ձգտում են աննախադեպ հետեւողականությամբ:

Իսկ առջեւում հուլիսի 1-ն է

«Սպասե՛ք: Սա դեռ ամենը չէ»,-ազդարարում է հայտնի գովազդը: Իրոք, սա դեռ ամենը չէ: Տիգրան Սարգսյանի կառավարությունը նոր անակնկալներ էլ է պատրաստել: 2012թ. վերջին խորհրդարանը կրկին կառավարության նախաձեռնությամբ ընդունեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը դրոշմապիտակներ, ասել է թե՝ ակցիզներ է սահմանում նաեւ գարեջրի ու ոչ ոգելից խմիչքների՝ հյութերի, հանքային, գազավորված ու բնական ջրերի համար: Ինչպես նշված է օրենքում, այդ ապրանքների վրա օտարման, այսինքն՝ վաճառքի ցանկացած փուլում պետք է լինի դրոշմապիտակ: Իսկ դրոշմապիտակները պետք է ձեռք բերվեն հարկային տեսչություններից: «Դրոշմապիտակի արժեքը որոշվում է տվյալ նմուշի դրոշմապիտակի արտադրության, պահպանության, օգտագործումից հանելու հետ կապված ծախսերից»,-ասված է օրենքում: Նոր կարգը կսկսի գործել այս տարվա հուլիսի 1-ից: Ասել է թե՝ առայժմ գարեջրի, հյութերի ու հանքային ջրերի արտադրությամբ զբաղվողներն իրենց մաշկի վրա ամբողջությամբ չեն զգացել հարկային բեռի խստությունը: Բայց այդ օրը հեռու չէ: Թե ինչ հետեւանքներ կունենան այս դրոշմապիտակները, դժվար չէ կռահել. նախ՝ միանգամից տեղի կունենա նշված ապրանքների գնի բարձրացում, ինչն էլ կհանգեցնի դրանց սպառման ծավալների նվազմանը: Բնականաբար, այստեղ եւս առաջին հարվածը կհասնի փոքր ու միջին ձեռնարկատերերին:
Ահա թե ինչ սխրանքների է գնում կառավարությունը, ինչ գնով է փորձում լցնել պետական բյուջեն ու նկարել տնտեսական աճի հերթական ցուցանիշները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս